Մնացած քաղաքական գործիչները մորուց ըտե՞նց են ծնվել․ Գագիկ Ծառուկյան փեսան՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին (տեսանյութ)

«Ծառուկյան» դաշինքից նորընտիր պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի փեսա Դավիթ Մանուկյանի հավաստմամբ՝ իրեն 21 հազար քաղաքացիներ են ընտրել, այլ ոչ թե նշանակվել է պատգամավոր։

Դիտարկմանը՝ ստացվում է՝ Հայաստանում սերնդեսերունդ է իշխանությունը փոխանցվում, Մանուկյանն պատասխանեց. «Ինձ ՀՀ 21 000 քաղաքացի ընտրել է, ես չգիտեմ՝ ում ինչ է փոխանցվել»:

Իսկ թե ո՞ր արժանիքի համար են Կոտայքի բնակիչներն իրեն ընտրել, Դավիթ Մանուկյանն ասաց, որ այդ հարցը պետք է ուղղել բնակիչներին, միայն նրանք կարող են պատասխանել։

Դիտարկմանը՝ ինքը նախկինում քաղաքականությամբ չի զբաղվել, Դավիթ Մանուկյանը պատասխանեց. «Իսկ ներողություն, մնացած քաղաքական գործունեություն ծավալող մարդիկ մորուց ըտե՞նց են ծնվել: Աստիճանաբար դարձել են: Ես էլի եմ ասում, ինձ ՀՀ 21 հազար քաղաքացի ձայն է տվել»:

Դավիթ Մանուկյանի խոսքով՝ իր հայրիկի՝ Ուկրանիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի անունը հաշվի չեն առել քաղաքացիները իրեն ձայն տալիս․ «Ես իհարկե հպարտանում եմ իմ հայրիկով, նրա անցած ճանապարհով, բայց Կոտայքի մարզի բնակիչները ընտրել են Դավիթ Մանուկյանին»:

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X