Սերնդափոխությունը չկայացավ

Նորընտիր խորհրդարանը երեկ մաեստրո Գալուստ Սահակյանի հումորի պակասն էր զգում։ Թեպետ նորընտիր ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը նիստի ողջ ընթացքում փորձում էր անկեղծության մթնոլորտ ստեղծել, նախ խոստովանեց ուրիշի փոխարեն քվեարկելու մասին, փորձեց հումոր անել՝ «Ելք»-ի ներկայացուցիչների հետ երկխոսությունը համեմելով նրանց «Ելք կա» կարգախոսով, միեւնույն է, նա սեփական կուսակիցների կողմից անգամ միանշանակ չի ընկալվում։ Շատերը երեկ պատերի տակ փսփսում էին, որ Բաբլոյանն օրենսդիր գործունեության ժամանակ աչքի է ընկել միայն առողջապահության նախարարների համար ուղեկցող ու միջնորդ լինելու պահվածքով, ոմանց համար էլ պաշտպանի դեր է ստանձնել՝ փրկելով նախարարին լրագրողների ճանկերից։ ԱԺ նախագահի հարցում սերնդափոխությունը տապալած ՀՀԿ-ն փորձել է դա իրականացնել փոխնախագահների մակարդակում, հատկապես՝ 33-ամյա Արփինե Հովհաննիսյանի մասով, մյուս փոխնախագահը կլինի Էդուարդ Շարմազանովը։

Ի դեպ, Հովհաննիսյանը, ըստ ամենայնի, կղեկավարի նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը։ Որոշ փոփոխություններ կան նաեւ մշտական հանձնաժողովների ղեկավար կազմերում։ ՀՀԿ-ին հասանելիք վեց հանձնաժողովներից Հրայր Թովմասյանը կստանձնի պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավարումը, այն նախորդ ԱԺ-ում Հովհաննես Սահակյանն էր ղեկավարում, որը, սակայն, ցուցակի անցողիկ տեղում չէ եւ մանդատ չի ստացել։ Արտակ Զաքարյանի փոխարեն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ կդառնա Արմեն Աշոտյանը, տնտեսական հարցերի հանձնաժողովը կղեկավարի Խոսրով Հարությունյանը, նախորդում Վարդան Այվազյանն էր ղեկավարը, ով դուրս մնաց խորհրդարանից։ Ներքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողովը կշարունակի ղեկավարել Կորյուն Նահապետյանը, Հակոբ Հակոբյանի՝ Թունելի Հակոբի ղեկավարած սոցիալական հարցերի հանձնաժողովին է միացվել Բաբլոյանի ղեկավարած առողջապահության եւ մայրության հանձնաժողովը։ ՀՀԿ խմբակցությունը շարունակելու է ղեկավարել Վահրամ Բաղդասարյանը, քարտուղարը կլինի Գագիկ Մելիքյանը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություն
X