Ի՞նչ են հասկացել Ադրբեջանում

Մայիսի 18-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ մի քանի օր առաջ շփման գծում լարվածության համար փաստացի պատասխանատու է համարվում Ադրբեջանը: Ալիեւի ռեժիմի պատասխանը չի ուշացել, համանախագահներին «անարդարության եւ անաչառության» մեջ մեղադրել է ԱԳՆ խոսնակը: Դա ադրբեջանական կողմի ոճի մեջ է: Բայց ԱԳՆ պատասխանատուի խոսքում կա մի նրբերանգ: Նա ասում է, որ մայիսի 18-ը Լաչինի շրջանի «օկուպացիայի» օրն է, ինչի մասին համանախագահները ոչինչ չեն ասել:

Ըստ երեւույթին, շփման գծում վերջին լարվածության համար համանախագահների կողմից Ադրբեջանին պատասխանատու ճանաչելը Բաքվում հասկացել են ավելի լայն համատեքստում: Այնպես, որ միջնորդներն առհասարակ հակամարտության ռազմականացման եւ փաստացի իրավիճակի պատասխանատու են ճանաչում Ադրբեջանին, որը միշտ է նախահարձակ, իսկ հայկական կողմը՝ միայն պատասխանող: Բաքվում զգացել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մայիսի 18-ի հայտարարության բուն իմաստը:

Ի դեպ, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը համանախագահներին կշտամբել է, թե ինչու չեն հասնում «ադրբեջանական տարածքների դեօկուպացիային եւ սուբստանտիվ բանակցությունների՝ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի հիման վրա»:

Մի կողմ թողնենք, որ նույն տեղում նա խոսում է «Մադրիդյան նորացված սկզբունքներից Հայաստանի հրաժարվելու» մասին, այսինքն ընդունում է, որ կարգավորման հայեցակարգը ՄԱԿ ԱԽ՝ 1993թ.-ին ընդունված բանաձեւերը չեն եւ նկատենք, որ Ադրբեջանի համար ցանկալի այդ բանաձեւերից վերջինը գրեթե նույն ձեւակերպումներն ունի, ինչ որ՝ ԵԱՀԿ ՄԽ հանախագահների մայիսի 18-ի հայտարարությունը: Այնտեղ էլ ասված է, որ «կողմերից մեկը խախտել է հրադադարը, մյուսը՝ պատասխանել, որի հետեւանքով նոր տարածքներ են գրավվել»: Պարզ հասկացվում է, որ ՄԱԿ ԱԽ-ն Ադրբեջանին է ճանաչում հրադադարի խախտող կողմ:

Այնպես որ, համանախագահների մայիսի 18-ի հայտարարությունը տեւական դադարից հետո վերահաստատում է Արցախի խնդրի միջազգային ընկալումը, այն է՝ Ադրբեջանը դիմել եւ դիմում է ուժի եւ ստանում համարժեք պատասխան: Բաքվում հենց դրանից էլ կորցրել են հավասարակշռությունը եւ անցել դիվանագիտական էթիկային ոչ պատշաճ ոճի: «Ադրբեջանական զորքերը գտնվում են Ադրբեջանի սուվերեն տարածքում եւ պաշտպանում նրա խաղաղ բնակչության անվտանգությւոնը»,- ասված է ալիեւյան ռեժիմի ներկայացուցչի պատասխանում:

Թե խաղաղ բնակչության համար ի՞նչ վտանգ է ներկայացնում «Օսա» զենիթա-հռթիռային կայանքը՝ մնում է անհասկանալի, բայց որ նույն կայանքը Արցախի խաղաղ բնակավայրերի անտնագությունն է ապահովում ադրբեջանական օդուժի հարվածներից, դա անառարկելի է: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի տրամաբանությամբ՝ եթե արցախահայության անվտանգությունն ապահովվում է, դա ադրբեջանական խաղաղ բնակչության համար սպառնալիք է: Միջնորդները պետք է հատկապես այս հանգամանքի վրա ուշադրություն դարձնեն:

Մեկնաբանություն
X