ԱԺ նախագահը տեքստը մինչև ընտրվե՞լն էր գրել

Ազգային ժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցությունից Արա Բաբլոյանը: Ամենաչշոշափված մարդու ԱԺ նախագահ ընտրվելն այնքան կանխատեսելի էր, անգամ եւ առաջին հերթին՝ իր համար, որ չնայած քվեները հաշվելուց մինչեւ անունը հնչեցնելն ընդամենը 10 րոպե էր տեւել, բայց գրավոր տեքստ կարդաց: Հասցրել էր ելույթը գրել, անգամ հասցրել էր ծանոթանալ ԱԺ նախագահի պարտականություններին: Գալուստ Սահակյանը պաշտոնավարման սկզբից մինչեւ վերջ հստակ չգիտեր, թե ինչեր է անում, որ օրենքը որից հետո է, երբ կարելի է խոսք տալ, երբ՝ անջատել խոսափողը:

Արա Բաբլոյանի ընտրվելն այնքան սպասելի էր, որ լրատվամիջոցներն արդեն տեքստը պատրաստել էին եւ ընտրվելուց կես րոպե անց արդեն աշխատած տեքստ էր կայք դրվում:
Այնքան կանխատեսելի էին Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները, որ նախապես գրել էինք տեքստը, մնում էր տոկոսները շարել՝ մեր նախատեսածից մի փոքր ավելի կամ պակաս: Այնքան կանխատեսելի էին ԱԺ ընտրությունները, որ նախօրոք մեծ բաների շուրջ «գրազ» էինք եկել ու կանխատեսումներում շփոթվել էինք մեկ-երկու դետալի մեջ:

ՀՀ նախագահի՝ խորհրդարանում հնչած ուղերձի տեքստն այնքան կանխատեսելի էր, որ միակ անկանխատեսելին տեւողությունն էր՝ 1 ժամ 16 րոպե: Գիտեինք, որ տնտեսության աճի, ժողովրդագրության, աղքատության, ընդդիմախոսներին «կսմթելու», սահմանադրական բարեփոխումների նպատակների եւ այլնի վերաբերյալ ասելու էր հենց այն, ինչը նախորդ բոլոր տարիներին է ասել: Կանխատեսելի են նաեւ նախագահի ելույթի հետեւանքները:

Ու այդ ամենից ելնելով՝ նշում ենք, որ Հայաստանը մտնում է կանխատեսելիության մի փուլ, որտեղ ամեն ինչ ձանձրալի է, ամեն ինչ կանխորոշված է, ու կարծես փոփոխության հույս չկա մի քանի տարի: ՀՀԿ-ի իշխանության պարագայում կանխատեսելի է, որ մնում է այն ամենը, ինչ կա այժմ:

Կանխատեսելի է նաեւ ՀՀ քաղաքացու վարքագիծը: Մարդիկ, որոնք սովորաբար այնքան անտարբեր են իրենց կյանքով, ապագայով, որ հայհոյելուց բացի որեւէ բանով չեն ուզում փոխել երկրում իրավիճակը, հավանաբար, կանեն այն, ինչ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո՝ կտրուկ կավելացնեն արտագաղթողների շարքերը: Ցավոք, բայց դա էլ է կանխատեսելի:

Երբեմն ասում են, որ անկանխատեսելիությունը վատ է: Հիմա ասում ենք, որ կանխատեսելի է, թե ինչ է կատարվելու, ու վատը հենց դա է:

Արմեն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանություն
X