Հայ-վրացական «անմար սիրավեպը»

Նրանք մեզ են հեգնում, մենք՝ նրանց, տասնյակ պիտակավորումներով ենք հարաբերվում, նաեւ ակնհայտ է, որ մրցակիցներ ենք, թեպետ մինչ այժմ այդքան էլ պարզորոշ չէ, թե որ ասպարեզում եւ կամ ինչու։ Տարածաշրջանում Վրաստանը կարծես թե միակ պետությունն է, ում հետ որեւէ տարաձայնություն մեր երկիրը չունի, բայց, այնուհանդերձ, դրանք կան, եւ մանրամասն ուսումնասիրությունները կարող են ցույց տալ, որ բավականին լուրջ բնույթ են կրում։ Իհարկե, տարաձայնությունները ոչ միայն քաղաքական, ռազմական, կրոնական ու տնտեսական համատեքստերում են լինում, այլեւ մշակութային, քաղաքակրթական, սոցիալ-հոգեբանական, եւ այսպես շարունակ։ Միշտ էլ թե Երեւանում, թե Թբիլիսիում հայ-վրացական «անմար սիրավեպի» շուրջ խոսակցությունները հրատապ են, թեպետ շատ դեպքերում ծայրահեղացված ու միֆականացված, ասես ողջ օրը վրացիները մեզնով են ապրում, մենք էլ՝ իրենցով։

Ինչեւէ, վերջին շրջանում խոսքուզրույցներում եւ օրինակներում Վրաստանը պատվավոր ներկայություն ունի եւ կարծես թե դանդաղորեն ու հաստատապես մտահորիզոնում վերածվում է եդեմական պարտեզի, մի վայրի, ուր որոշակիորեն ազատության շունչ կա, որոշակիորեն համակարգվածություն, մաքրություն, մատչելիություն, իրավունքների եւ ազատությունների պաշտպանություն, հստակություն։

Բոլորը գիտեն՝ Հայաստանից հազարավոր մարդիկ նստում են մեքենաներ, գնում Թբիլիսիի օդանավակայան, որպեսզի ավելի մատչելի եւ էժան տոմսով մեկնեն Եվրոպա կամ այլ երկրներ․․․ մատչելի եւ էժան մի քանի անգամ։ Եվ այս լրջագույն հանգամանքը ոչ միայն չի մտահոգում հայաստանյան իշխանություններին, այլեւ տեղի գործարարներին, բիզնես ոլորտի ներկայացուցիչներին։ Վրաստանի ներկա վիճակի վերաբերյալ խոսքն այլեւս փայլող աչքերով է արտաբերվում։ «Նրանք արդեն կարող են ուղղակի տոմս առնել ու մեկնել եվրոպական ցանկացած երկիր», «Նրանց ճանապարհները, նրանց մոտեցումը, նրանց մատուցումը»։

Հայաստանաբնակ մարդկանց առօրեական կյանքում Վրաստանը՝ թեկուզ խոսքուզրույցի մեջ, նրանց պատրանքներում ու տեսլականներում օրինակ է դառնում եւ ոչ հեռավոր օրինակ։ Իհարկե, լավ կլիներ, որ պետությունների մակարդակով եւ կամ մարդկային փոխհարաբերություններով հայ-վրացական շփումներն ու հաղորդակցությունները զարգանային, վերաճեին, մտնեին բացարձակ այլ փուլ, այլ տարածություն։
Երկու երկրների միջեւ սերտ համագործակցության համար եղած հայ-վրացի պաշտոնյաների հանդիպումները մինչ այժմ կեղծ բարեպաշտության, անիմաստ, ոչ մի տեղ չտանող, զուտ ամրագրման տպավորություն են թողել՝ անարդյունք, նույնատիպ ավարտով։ Իշխանություններին վրացական օրինակը թերեւս ոչ էլ բարդութավորում է, դրա կարիքը չկա, ՀՀ քաղաքացու կյանքը բարելավելու խնդիր այս իշխանությունը վաղուց չունի։

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X