Գինեսի գրքի մեջ կմտնեմ էն իմաստով, որ հինգ տարի չեմ աշխատել, բայց այդ տարիների աշխատավարձը ստացել եմ․ ՄԻԵԴ-ում հաղթած քաղաքացի

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ եւ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի՝ Հայաստանում եւ արտերկրում ունեցած բիզնեսների, նրա որդիների դղյակների մասին ժամանակ առ ժամանակ ուշագրավ հրապարակումներ են հայտնվում մամուլում։ Իսկ պաշտոնավարման ընթացքում նրա կամայականություններին զոհ դարձած քաղաքացիները, պարզվում է, պայքարում են տարբեր դատական ատյաններում՝ իրենց իրավունքները վերականգնելու համար եւ հաջողություն արձանագրում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Ռոբերտ Նիկողոսյանը աշխատել է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հարկային տեսչությունում, որպես հարկային տեսուչ։ 2009թ․ նրան ապօրինի ազատել են աշխատանքից՝ իբր կրճատման հիմնավորմամբ։ Աշխատանքից ազատելու համար նա մեղադրում է այն ժամանակվա պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին։ Քաղաքացին իր՝ աշխատանքից ապօրինի ազատելու հրամանը բողոքարկում է ՀՀ ընդհանուր իրավասության, վերաքննիչ, վճռաբեկ դատարաններում, որտեղ էլ կարողանում է հաղթել․ կայացվում են վճիռներ, համաձայն որոնց՝ ինքը պետք է վերականգնվեր աշխատանքում։ Սակայն, 2009 թվականից մինչեւ 2013թ․, այդ վճիռները չեն կատարվում, քաղաքացուն ո՛չ աշխատանքի են ընդունում, ո՛չ էլ գումարը վճարում։ Նա ստիպված է լինում 2011թ․ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

ՄԻԵԴ-ից էլ երեկ Ռոբերտ Նիկողոսյանը ստանում է երկար սպասված ավետիսը։ ՄԻԵԴ-ը կայացնում է վճիռ, որ ՀՀ քաղաքացու իրավունքները ոտնահարվել են։ «ՄԻԵԴ-ում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը դիմել էր, որպեսզի իմ հայցը մերժեն, սակայն ՄԻԵԴ-ը մերժել էր նրա պահանջները»,- ասաց մեր զրուցակիցը։
ՄԻԵԴ-ն էլ, մեր զրուցակցի հավաստմամբ, կայացրել է վճիռ, որ խախտվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը (Արդար դատաքննության իրավունք) եւ թիվ 1 արձանագրության թիվ 1 հոդվածը (Սեփականության պաշտպանություն)։
«Հարկադիր պարապուրդի գումարը՝ 6 միլիոն դրամի չափով, իրենք փոխհատուցել են։ Ես Գինեսի գրքի մեջ կմտնեմ էն իմաստով, որ հինգ տարի չեմ աշխատել, բայց այդ տարիների աշխատավարձը ստացել եմ։ Ես դիմեցի կառավարություն, վարչապետին, ասացի, որ այդ գումարները վճարվել են բյուջեի հաշվին, իսկ դա անօրինականություն է, որովհետեւ հարկատուները մեղավոր չեն։ Ասացի, որ մեղավոր է այն անձը, որը միտումնավոր չի կատարել դատական ակտը։ Ֆինանսների նախարարի հանձնարարականով նշանակեցին ծառայողական քննություն, հարկային տեսչությունը վեց ամիս է, ինչ մեղավոր անձին չի հայտնաբերում։ Իսկ մեղավորը պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է, որովհետեւ ՊԵԿ-ի կանոնադրության համաձայն՝ նախագահն է իրավասու պաշտոնից ազատելու եւ պաշտոնի նշանակելու հարկային ծառայողներին։ Դատական ակտը տարել-ներկայացրել են, սակայն ինքը միտումնավոր չի կատարել այն՝ տարբեր անհիմն պատճառաբանություններով»,- պատմում է Ռոբերտ Նիկողոսյանը։

Օրենքները ծայրեծայր ուսումնասիրած քաղաքացին հիշեցնում է ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածը, որում հստակ նշված է, թե ինչ պատիժ է նախատեսվում պաշտոնատար անձին, որը դիտավորությամբ չի կատարում օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը կամ խոչընդոտում է դրանց կատարմանը։ Ռոբերտ Նիկողոսյանը հիշում է նաեւ, որ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը հօգուտ իրեն երեք որոշում է ընդունել․ մեկը եղել է Գագիկ Խաչատրյանի դեմ, որը չէր կատարել դատական ակտը, երկրորդը՝ Հարկադիր կատարման ծառայության դեմ, որ չեն ապահովել դատական ակտի կատարումը, երրորդը՝ դատախազի դեմ, որն ընթացք չի տվել գործին։

Իսկ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ռոբերտ Նիկողոսյանին վճարել 3600 եվրո՝ որպես փոխհատուցում։ «Իրենք ամեն ինչ արեցին, որ ՄԻԵԴ-ը վճիռ կայացնի ՀՀ-ի դեմ»,- ասաց մեր զրուցակիցը։ Գագիկ Խաչատրյանի դեմ Ռոբերտ Նիկողոսյանը մամուլում հանդես է եկել հրապարակումներով, ինչի պատճառով էլ նրա ուղարկած մարդկանց կողմից ենթարկվել է հարձակման։ Դիմել է ոստիկանություն, սակայն՝ ապարդյուն։ Քաղաքացին, սակայն, չի ընկրկել եւ դիմել է գլխավոր դատախազին, որպեսզի գործը նորից քննության առնի եւ նրանում ներգրավվի պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, որն էլ հանցագործների է ուղղորդել իր դեմ։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X