Ընտրություններից «աչք չբացող» Ազգային Ժողովն՝ այսօր․ Ֆոտոռեպորտաժ

>

Այսօր 6-րդ գումարման ԱԺ-ի 2-րդ օրն էր։ Այսօր եւս նորընտիր պատգամավորները ընտրությունների էին մասնակցում․ նրանք ԱԺ փոխնախագահներ էին ընտրում, հանձնաժողովներ ձեւավորում։

Առաջադրված երեք թեկնածուներից Էդուարդ Շարմազանովը ստացավ 84 կողմ, 13 դեմ քվե, Արփինե Հովհաննիսյանը՝ 73 կողմ, 22 դեմ, իսկ Միքայել Մելքումյանը՝ 65 կողմ, 29 դեմ։ Երեք թեկնածուներն էլ ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալներ։

Արա Բաբլոյանը շնորհավորեց նրանց, ապա շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահի նախկին տեղակալ Հերմինե Նաղդալյանին։ Այնուհետև նա շնորհակալություն հայտնեց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանին և հայտարարեց, որ նրան այդ կապակցությամբ հուշանվեր ունեն հանձնելու։ Հուշանվեր հանձնելուց զատ ծաղիկներ նվիրեցին նախկին ու ներկա ԱԺ կին փոխնախագահներին։

Այնուհետեւ քննարկվեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ձեւավորելու հարցը: ԱԺ-ն քվեարկության դրեց «ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծի երկու՝ ՀՀԿ-ի եւ «Ելք» դաշինքի տարբերակները:

ՀՀԿ-ի առաջարկով՝ ԱԺ մշտական հանձնաժողովների քանակը կրճատվելու էին՝ նախկինում առկա 12-ի փոխարեն դառնալով 9 հանձնաժողով: «Ելք» դաշինքի առաջարկությամբ ԱԺ-ն պետք է ունենար 10 մշտական հանձնաժողով, և պահպաներ Մարդու իրավունքների հանձնաժողովը:

Առաջինը քվեարկության դրվեց ԱԺ ՀՀԿ-ի նախագիծը, որն ընդունվեց ձայների 64 կողմ, 9 դեմ, 4 ձեռնպահ համամասնությամբ: «Ելք» դաշինքի առաջարկին կողմ քվեարկեց 30 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝1:

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X