Խնդիրն այն է, որ պատերազմի հեռանկարը բացառվի․ Մասիս Մայիլյան

Ապրիլյան պատերազմից հետո էլ ադրբեջանական կողմը շարունակեց խախտել հրադադարի ռեժիմը։ Գրեթե օր չի անցնում, որ չլսենք ադրբեջանա-արցախյան շփման գծում հակառակորդի կողմից զինուժի օգտագործման, զոհերի մասին, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի ստանդարտ հայտարարություններին։

Մի քիչ մխիթարող էր մայիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը, որում նրանք արձանագրում են՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերին լարվածության աճը սկսվել է ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետեւանքով։ Իսկ այս օրերին աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն էլ հանդիպել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։ Նալբանդյանն այդ հանդիպման ժամանակ հիշեցրել է, որ, մերժելով հետաքննության մեխանիզմի ստեղծումը՝ Ադրբեջանը ցանկանում է խույս տալ իր կողմից զինադադարի պարբերական խախտումների պատասխանատվությունից։

Քաղաքական վերլուծաբան, փորձագետ, Լեռնային Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Արցախում իրավիճակը հանգիստ է, չկա խուճապային վիճակ, իրենք հետեւում են ընթացիկ քաղաքական զարգացումներին։ «Մենք ամեն օր ստանում ենք հաղորդագրություն մեր պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից, սովորական իրավիճակ է։ Ունենք բանակ, որն ապահովում է մեր ժողովրդի անվտանգությունը»,- նշեց Մասիս Մայիլյանը։

Նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ հարցերի, խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին, անդրադարձ կատարել առաջարկվող նախկին տարբերակների եւ ներկա գործընթացներում փաստաթղթային ձեւակերպումների միջեւ տարբերությունների մասին։ «Դուք տեսնու՞մ եք Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման հեռանկար»,- հետաքրքրվեցինք ԼՂ նախկին փոխարտգործնախարարից։
«Շուտափույթ կարգավորման մասին խոսելը դժվար է, որովհետեւ բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկա, անգամ դժվար է արտգործնախարարների հանդիպում կազմակերպելը։ Գիտեք, որ ադրբեջանական կողմը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները եւ այն համաձայնությունները, որոնք ձեռք է բերել ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում։ Հիմա խնդիրն այն է, որ այդ մեխանիզմները կիրառվեն, պատերազմի հեռանկարը բացառվի»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, ապա Մասիս Մայիլյանը նրանց վերջին հայտարարությունը համարում է եզակի դեպք, երբ համանախագահողները մատնացույց են արել մեղավոր կողմին։ Հետաքրքրվեցինք, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չկա՞ն տարակարծություններ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջեւ։
«Չեմ կարծում, թե կան տարակարծություններ։ Նորմալ, աշխատանքային հարաբերություններ են»,- զրույցն ամփոփեց Մասիս Մայիլյանը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X