Քաղաքականություն

Երանի չհերքեին

Երանի չհերքեին

- Տատ, մի ջրալի տանձ լիներ, կուտեի՞ր:
- Հա՜ա՜ա՜…
- Բա չլինե՞ր:

Ես արդեն իսկ դժվարանում էի հավատալ Iran International կայքի հրապարակմանը, թե Հայաստանը մոտ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել Իրանի հետ, ու մեկ էլ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հերքեց տեղեկությունը. «Մտացածին, հորինված բովանդակությամբ հրապարակումներին չենք արձագանքում»: Ափսոս: Մինչդեռ «մտացածին եւ հորինված» տեղեկությունն իսկապես վատը չէր: Պատկերացնո՞ւմ եք ինչեր կունենայինք՝ տարատեսակ անօդաչու թռչող սարքեր, հակահրթիռային համակարգեր: Եվ այդ ամենը միանգամից ջրվեց ՊՆ խոսնակի մի հայտարարությամբ: Հայի բախտ է, էլի: Էլ չեմ խոսում այն մասին, որ այդ սպառազինությունը մեզ օդ ու ջրի նման անհրաժեշտ է՝ Ադրբեջանին մի փոքր կարգի հրավիրելու համար: Էլի մնացինք ԵՄ-ի ու Ֆրանսիայի հույսին: Այնտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից դեռ մի քանի հրասայլ ու հրանոթ է մնացել, որ, հավանաբար, կուղարկեն մեզ, եթե Ուկրաինան հրաժարվի դրանցից:

Այսուհանդերձ, հետաքրքիր է իմանալ՝ պատրա՞ստ է, արդյոք, Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի հետ ռազմական համագործակցության՝ ընդհուպ խոշոր ու տպավորիչ պայմանագրերով: Աղմուկ չի՞ բարձրանա, արդյոք, Թուրքիան ու Ադրբեջանը վայնասուն չե՞ն դնի, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ չե՞ն սահմանի, արդյոք, Իրանի եւ Հայաստանի նկատմամբ: Մինչդեռ դա ընդամենը երկու սուվերեն երկրների միջեւ սովորական համագործակցության պայմանագիր է, որպիսիք գործում են աշխարհի շատ երկրների, օրինակ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի, Գերմանիայի եւ Ադրբեջանի, Բելառուսի եւ Ադրբեջանի, Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ: Ինչո՞ւ, ասենք, նույն ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն չեն բողոքում դրա դեմ: Ադրբեջանը կասի՝ ձեր ի՞նչ գործն է, իմ փողը չէ՞, ումից ուզենամ՝ զենք կառնեմ: Բայց, ահա, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը շտապում է հերքել Իրանի հետ ռազմատնտեսական պայմանագիր ստորագրելու մասին իրանական կայքի «մտացածին եւ հորինված» տեղեկությունը: Պապիկյանի հիմնարկում քթածակ ունեցող մեկը չկա՞ր, որ խոսնակին ասեր՝ լռիր, սպասիր՝ տեսնենք, թե ինչ արձագանք կա դրսից:

Իսկ գուցե վախեցան, որ Ալիեւը կհարձակվի՞, պատերա՞զմ կսկսվի: Մյուս կողմից էլ՝ մի՞թե վայել է ԵՄ անդամության ձգտող երկրին զենք առնել Իրանից, Բրյուսելում ի՞նչ կասեն: Այդպիսի «խայտառակությունից» հետո էլ ո՞վ հեծանիվ կտա Նիկոլին, որ քշի եվրոպական քաղաքների փողոցներում: Եվ Պապիկյանն իր խոսնակին կարգադրեց՝ անհապաղ հերքիր Իրանի հետ այդ «մտացածին եւ հորինված» համագործակցությունը:

Չգիտեմ էլ՝ արձակուրդը վայելող Փաշինյանը հասցրե՞ց ծանոթանալ այս «ապատեղեկատվությանն» ու «հերքումին», զեկուցեցի՞ն նրան, որ մեր մասին այսպիսի ու այսպիսի բաներ են գրում Իրանում: Իսկ ի՞նչ էր փոխվելու, եթե նրան զեկուցեին այս մասին: Ով-ով, բայց Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ իրանական կայքի հրապարակումը բացարձակապես կապ չունի «իրական Հայաստանի» հետ եւ ուղղված է բոլորին, բացի Հայաստանից. Ադրբեջանին, Թուրքիային, ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին, Իսրայելին, տո հենց՝ Ռուսաստանին, Բելառուսին, Ղազախստանին… Իրանը գուցե դրանով փորձեց ասել՝ ես թույլ չեմ տա, որ Հայաստանի տարածքը կամայականորեն ձեւախեղեք ու իմ ճանապարհները փակեք, նոր սահմաններ գծեք: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի անունը շոշափելուն, ապա դա էլ արել են ձեւի համար, որ տպավորություն չստեղծվի, թե Իրանն է պատրաստվում ներխուժել Հայաստան: Ի վերջո, բոլորն էլ գիտեն, որ Հայաստանը 500 միլիոն դոլար չունի՝ Իրանից զենք գնելու համար: Փողը տվողը ԵՄ-ն եւ Միացյալ Նահանգներն են, նրանք էլ չեն տա: Հետեւաբար, մնում է ենթադրել, որ Իրանը սովորական մանեւր է անում՝ սեփական շահերի պաշտպանության բերումով:

Կուզենայինք իմանալ նաեւ, թե իրանական կողմի այս տեղեկատվական «ուտկան» ինչպես ընդունեցին, այսպես կոչված, «դեմոկրատական հարթակի» ռահվիրաներ Արամ Սարգսյանը, Տիգրան Խզմալյանը, Արման Բաբաջանյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Լեւոն Շիրինյանը եւ մյուսները: Իրենք այնտեղ «հետույք են տալիս», որ ԵՄ անդամության հանրաքվեի համար 50 հազար ստորագրություն հավաքեն, իսկ այստեղ, խնդրեմ, Իրանն ու Հայաստանն են սկսում համագործակցել: ԵՄ-ում հո խոտ չե՞ն ուտում, տեսնում են, չէ՞, այս ամենը: Վստահ եմ՝ Վազգենի եղբայր Արամ Սարգսյանն ու մյուս «եվրաքվեականները» տեղում ինֆարկտ կստանային, եթե ՀՀ ՊՆ խոսնակը չշտապեր հերքել հատկապես ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի եւ Ադրբեջանի համար այդքան անցանկալի տեղեկատվությունը: Մինչդեռ այս հերքումից հետո «եվրաքվեականները» դեռ կարող են հանգիստ խղճով ունայնությամբ զբաղվել՝ բոլորով միասին 50 ձայն չունեն՝ 50 հազար քվե պետք է հավաքեն, խելքի աշեցեք:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image