Հասարակություն

Էս իշխանությունն ուզում է մենք մեր տնից գնանք, որ նրանք գա՞ն. ադրբեջանցիները Ամասիայում «պապական տներ» են փնտրում

Էս իշխանությունն ուզում է մենք մեր տնից գնանք, որ նրանք գա՞ն. ադրբեջանցիները Ամասիայում «պապական տներ» են փնտրում

Օրերս համացանցում լայն տարածում ստացած տեսանյութը լուրջ մտահոգությունների առիթ դարձավ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես ադրբեջանցիները անարգել մուտք են գործել Շիրակի մարզ, եղել են Գյումրիում, այնուհետև այցելել նաև Ամասիա։ Ամասիայից հրապարակված կադրերում նրանք հայտարարում են, թե տվյալ բնակավայրում ունեն «պապական տներ» և նշում, որ «շուտով վերադառնալու են»։ Տեսանյութում նաև երևում է, թե ինչպես են զրուցում հայ պարեկի հետ։Ինչպես գյումրեցիներն, այնպես էլ Ամասիայի բնակիչները չեն թաքցնում իրենց մտահոգությունը։ Նրանց խոսքով՝ այդպես էլ հստակ չեն հասկացել, թե ով էր տեսանյութում երևացող ադրբեջանցին, սակայն շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կասկածներ կան, որ նա կարող է հետախուզական կամ առնվազն իրավապահ համակարգի հետ առնչություն ունեցող անձ լինել։ Բնակիչների պնդմամբ՝ ադրբեջանցիները Շիրակի մարզում գտնվել են մի քանի օր, կերել, խմել, շրջել գյուղերով։

Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ, բնակիչների խոսքով, նրանց ինքնությունը պարզելու կամ այցի նպատակը ճշտելու ուղղությամբ որևէ պարեկային կամ այլ իրավապահ ծառայություն տեսանելի միջամտություն չի արել։ Ավելին, Ամասիայի համայնքապետարանը լռում է, իսկ բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում, չթաքցնելով վրդովմունքը, ասաց. «Դուք պատկերացնո՞ւմ եք, նա ասում էր՝ շուտով գալու ենք ու մեր պապական տների տերը լինելու։ Այո՛, խորհրդային տարիներին այստեղ մեկ-երկու ադրբեջանական ընտանիք ապրել է, բայց դա ի՞նչ է նշանակում, որ հիմա սա իրենց պապական տունն է, եկել են ու ինչ-որ ուսումնասիրություններ են անում։ Պատկերացնո՞ւմ եք, եթե մենք այսօր գնայինք Ադրբեջան ու նման հայտարարություններ անեինք, ի՞նչ է այս իշխանության ուզածը, որ մենք թողնե՞նք մեր տներն ու գնանք, որ իրե՞նք գան ապրեն։ Ես չեմ հասկանում»։

Ուշագրավ է նաև, որ տեսանյութի լայն տարածումից և հանրային մտահոգություններից հետո ներքին գործերի նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը մինչ այս պահը որևէ հրապարակային պարզաբանում չեն ներկայացրել։ Պաշտոնական արձագանքի բացակայությունը միայն խորացնում է հարցերը՝ թե ինչ կարգավիճակով և ինչ նպատակով էին տվյալ անձինք գտնվում Շիրակի մարզում, և արդյոք իրավապահ մարմինները ուսումնասիրել են դեպքը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image