Ադրբեջանական հարթակներում չեն դադարում քննարկումներն այն մասին, որ Ստամբուլ այցելության հիմնական նպատակը Էրդողանի հետ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելն էր: Իրանցի միջազգայնագետ, Իրանի և Կովկասի հարցերով փորձագետ Էհսան Մոհավեդիանը X-ի իր հարթակում գրառում է արել, որ հունիսի 27-28-ը Բաքվում տեղի է ունեցել Համաշխարհային Մասոնների Մեծ Լոջայի ժողովը։
«Այս նիստի հիմնական բովանդակությունը անհայտ է, սակայն պարզ է, որ քննարկվել են ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, որոնք նպատակ ունեն թուլացնել Իրանը և Ռուսաստանը՝ Իսրայելի վերջին հարձակումները Իրանի վրա հաշվի առնելով, ինչպես նաև Զանգեզուրի կեղծ միջանցքի ստեղծումը՝ Բաքվի վերջերս հակառուսական հռետորաբանության արդյունքում»,-գրում է Մոհավեդիանը:
Թուրքագետ Վարուժան Գեղամյանն էլ գրում է, որ նախօրեին մի շարք աղբյուրներ նշում էին, որ ԱՄԷ միջնորդությամբ հուլիսի երկրորդ կեսին Դուբայում տեղի է ունենալու Ալիև-Փաշինյան հանդիպում, որտեղ պետք է քննարկվի «խաղաղության պայմանագիր» անունով մի թուղթ։ Ակնհայտ է, որ հանդիպման օրակարգում լինելու է «միջանցքը»։ «Երեկ որոշ դիվանագիտական աղբյուրներ հայտնեցին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև քննարկվում է «միջանցքի» բացման ամերիկյան տարբերակը՝ առանց Հայաստանի վերահսկողության ճանապարհ, որը կհսկեն ամերիկյան ընկերության ներկայացուցիչները։ Այս ամենը տեղի է ունենում Իրանի ու Ռուսաստանի հետ Բաքվի հարաբերությունների լարմանը համընթաց։ Միաժամանակ Ադրբեջանում նորից ակտիվորեն խոսում են Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա հիմնելու մասին»,-շեշտում է Գեղամյանը:
Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին ՀՀ իշխանությունների դեմ չլինելու և ԱՄԷ-ում կայանալիք հանդիպման մասին գրում է նաև լրագրող Թաթուլ Հակոբյանը․ «Երևանը, սկզբունքորեն, դեմ չէ Արաքսի երկայքով ձգվող կոմունիկացիաները ամերիկահայկական կազմակերպության կառավարմանը հանձնելուն, Բաքուն վերջնական որոշում չունի, և այդ իմաստով, կարևոր նշանակություն է ունենալու առաջիկա օրերին՝ հուլիսի 10-ին, ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում կայանալիք Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև նախատեսված երկկողմ հանդիպումը»:
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատեց, որ ճանապարհների դեբլոկադայի օրակարգը ինտենսիվ նախաձեռնությունների, ջանքերի փուլում է, որը պաշտոնական դիրքորոշումներով արձանագրված փաստ է: «Եվրամիությունն է պաշտոնական դիրքորոշումներով խոսել, որ տրանսկասպիական տրանսպորտային միջանցքը՝ միջին միջանցքն իրենց համար ռազմավարական առաջնահերթություն է՝ դեռ ապրիլից են խոսել այդ մասին, խոսել են, որ պատրաստ են 10 միլիարդ եվրոյի ներդրում անել այդ միջանցքի ստեղծմանը: Մենք գիտենք, որ Թուրքիան է պարբերաբար խոսում այս մասին: Այսինքն, այս հարցը վերջին երկու-երեք ամիսներին ակտիվ շրջանառության փուլում է, բայց թե ինչ տրամաբանությամբ է դա շրջանառվում, դա հասկանալու համար պետք է նայել, թե ինչ առաջարկներ և գաղափարներ են պտտվում: Ճանապարհների բացումն ինքնին չի կարող նշանակել միջանցք: Միջանցքը շատ կոնկրետ ռեժիմ է ենթադրում՝ բեռնափոխադրումների, դրանց վերահսկղության, ստուգման և այլն»,-ասաց Բադալյանը:
Հասկանալու համար բացվող լոգիստիկ հանգույցները ճանապարհնե՞ր են, թե՞ միջանցք, պետք է իմանալ, թե ինչ տրամաբանությամբ են դրանք բացվելու, եթե իհարկե բացվելու են: Քաղաքագետը հարցական է համարում՝ դրանք կբացվեն, թե ոչ, քանի որ դրանց բացման հարցում իրարամերժ ռազմավարությունները և նպատակները շատ են: Բացի այդ, մասնակից կողմերը թե այս, թե այն կողմում բավականին ուժեղ են․ այստեղ նույնիսկ երկու կողմի մասին չենք կարող խոսել: «Մենք պետք է իմանանք, թե ինչ ռեժիմով կբացվեն, եթե բացվեն այդ ճանապարհները: Եթե ինչ-որ արտահոսքեր են լինում կամ փորձեր են լինում ասելու, որ Զանգեզուրյան միջանցքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն արդեն համաձայնություն տվել է, փորձենք հասկանալ` սա արվում է ինչ-որ զոնդաժի՞ նպատակով, թե՞ արվում է հասարակական ինչ-որ ռեակցիաներ խթանելու նպատակով, որովհետև, եթե այդպիսի վերջնական համաձայնություններ են ձեռք բերվել, ապա այստեղ առաջանում է դրանց իմպլեմենտացիայի հարցը: Մենք հասկանում ենք, թե այդ իմպլեմենտացիան որքան դժվար է լինելու՝ այստեղ միայն Հայաստանի որոշումների հարց չէ, այստեղ նաև շահառուների բազմազանության հարցն է: Իրանը մի բան է պատկերացնում, Չինաստանը` մեկ այլ բան, Ռուսաստանն` այլ բան, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը` այլ բան: Կա չափազանց բարդ կոնֆիգուրացիա է և բավականին դժվար եմ պատկերացնում, թե ինչպիսի համաձայնություն կարող է լինել, որի իմպլեմենտացիան դառնա հնարավոր»,-ասաց Բադալյանը:
Քաղաքագետը չի բացառում, որ ժամանակավոր ինչ-որ հանգրվանային համաձայնության մասին խոսք գնա, որը ոչ թե ճանապարհների բացման, այլ այդ ուղղությամբ ինչ-որ առաջընթաց քայլի մասին կլինի: «Ես դա չեմ բացառում, հնարավոր է, որ Երևանն էլ մոտիվացված կլինի այդպիսի մի բան արձանագրելու՝ դրա դիմաց ստանալու Խաղաղության պայմանագրի ստորագրում, որպեսզի այդ պայմանագրի ստորագրումը ներկայացնի իր էլեկտորատին՝ խորհրդարանական ընտրություններին որպես արդյունք: Դա չեմ բացառում, սակայն դժվար եմ պատկերացնում վերջնական արդյունք՝ ճանապարհների բացման իմաստով»,- նշեց քաղաքագետը:
Հնարավոր չի՞, որ Փաշինյանն այս հարցում էլ անակնկալի բերի բոլորին՝ համաձայնեցնելով իր քայլերը Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչին Բադալյանը պատասխանեց, որ մենք մի քիչ գերագնահատում ենք Փաշինյանին, երբ կարծում ենք, որ նա կարող է փաստի առաջ կանգնեցնել ինչ-որ գերտերությունների՝ համաձայնության գալով Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ: Առավել ևս Թուրքիան լավ է պատկերացնում, որ այստեղ միայն Նիկոլ Փաշինյանը չէ խնդիրը: Իհարկե, Թուրքիան կարող է Փաշինյանից համաձայնություններ ստանալ, հետո այդ համաձայնությունները իր համար խաղաքարտ դարձնելով` գերտերությունների հետ, սակայն գլխավոր կողմերը, որոնց հետ Թուրքիան այս հարցում հարաբերվում է` սակարկում է կամ մրցակցում՝ շատ ուժեղ կողմեր են և այդտեղ միայն Փաշինյանի որոշումը դժվար թե հարցեր լուծող լինի:
«Դե յուրե անհրաժեշտ որոշում է, որովհետև Հայաստանը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը և դե յուրե որոշումը պետք է նա կայացնի, բայց դա բավարար չէ ինչ-որ սկզբունքային և հանգուցային պայմանավորվածությունների և համաձայնությունների համար: Սակայն, դա չի նշանակում, որ այդտեղ չկան վտանգներ, որովհետև խնդիրը հետևյալն է, հնարավո՞ր է ստանալ թեկուզ հանգրվանային, միջանկյալ ինչ-որ որոշումներ, որոնք հետո դառնան փաստարկ՝ մեկ քայլ ավելի ուժեղ դիրքերի գալու և մեկ քայլ ավելի Հայաստանի հանդեպ գերակայության գալու: Այսինքն, այս իմաստով այնպես չի, որ եթե միջանցքը չի բացվում, ուրեմն ամեն ինչ լավ է, որովհետև այստեղ շատ կարևոր է, թե պրոցեսն ինչպիսի տրամաբանությամբ է գնում և այդ պրոցեսի ընթացքում Հայաստանը ինչպիսի միջավայր է կարողանում ստեղծել: Եթե մենք դարձյալ պետք է ունենանք այնպիսի մի իրավիճակ, ինչպես պայմանական իմաստով հոկտեմբերի 6-ի Պրահայի համաձայնությունը, ապա հասկանալի է, որ տվյալ պահին իրավիճակը չի փոխվում, բայց ինչ-որ միջանկյալ համաձայնությամբ այդ իրավիճակը հայտնվում է ավելի բարդ և ավելի վտանգավոր կամ վնասաբեր հունի մեջ և ժամանակի ընթացքում այդ հունը խորանում է: Այդ խնդիրը ևս կա և մենք չենք կարող չափել միայն` եթե միջանցք չկա, ուրեմն լավ է, կամ եթե համաձայնություն չկա միջանցքի վերաբերյալ` ուրեմն լավ է»,-ասաց Բադալյանը:
Արդյոք Արևմուտքը կարո՞ղ է օգտվել Իսրայել-Իրան պատերազմից հետո Իրանի համեմատաբար թույլ վիճակից, միջանցքի հարցն իր օգտին լուծելու համար, քաղաքագետն ասաց, որ ինքը չէր պնդի, որ Իրանը հայտնվել է շատ խոցելի վիճակում, թուլացած է և այլն, որովհետև շատ հարաբերական է, թե այս 12- օրյա պատերազմից Իրանն ինչ ձևով դուրս եկավ, Իսրայելն ինչ կարգավիճակով դուրս եկավ: Իրանի դեմ եղած ուժեղ հակաքարոզչությունն արդեն նշանակում է, որ չեն հասել այն նպատակին, որը դրված էր և այդ ուժգին հակաքարոզչության իմաստը չէր էլ լինի՝ կարծում է Բադալյանը: «Շատ մեծ հարց է, թե այդ 12-օրյա պատերազմից ով հարաբերական ավելի ուժեղ կամ թույլ դուրս եկավ»,-եզրափակեց քաղաքագետը: