Օրերս Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 14 կետից բաղկացած «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը»՝ արձանագրելով, որ «Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է՝ միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով», եւ ոչ մի խոսք Արցախի մասին:
Արցախից բռնի տեղահանված արձակագիր Համլետ Մարտիրոսյանն ասում է, որ Փաշինյանի ներկայացրած «գաղափարախոսությունը» բառախաղ է հիշեցնում։ «Ես այնքան հոգնած եմ այս իրականությունից՝ Ազգային ժողովում նստած մարդկանցից, հայկական էլիտայից, այս քաղաքական իրավիճակից, հայ ժողովրդի խեղճ ու ողորմելի վիճակից... էն, որ Թումանյանն ասում է՝ ի սեր Աստծո, մի խոսեցրու, թե չէ մի ղաչաղ էլ ես կդառնամ... այ, էս վիճակն է ինձ մոտ։ Այդ մարդն այսքան բան է անում, ու մի՞թե հայ ժողովուրդը չի հասկանում կամ վերջապես ե՞րբ կհասկանա, որ նա կատարում է Ադրբեջանի հանձնարարությունը․ Սահմանադրության փոփոխությունը դեռեւս 2020-ին Ի․ Ալիեւն էր ասում, հիմա ինքն այդ խաղը տանում է ավարտին։ ՀՀ սահմանադրության մեջ կա կետ, ըստ որի՝ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, չէ՞, հիմա ինքը «մհանա» է բռնում, որ Արցախ չկա, ուրեմն էլ ի՞նչ երաշխավոր․․․ այդ կետը մեջտեղից պետք է հանվի, որովհետեւ Սահմանադրությամբ դա սխալ է, ինքն այդպես կարող է բացատրել, բայց իրականությունն այն է, որ ինքն ու Ալիեւն ուզում են այդ կետն արանքից հանել, որպեսզի մենք պահանջատիրություն էլ չունենանք Արցախի հանդեպ, այսինքն՝ Արցախի կորուստը լեգիտիմացնեն»,- ասում է զրուցակիցս։
Արձակագիրն ընդգծում է՝ սահմանադրության փոփոխության ոչ մի հանրաքվե չպետք է արվի, նախ՝ դրա ժամանակը չէ, եւ հետո՝ «իշխանափոխություն պետք է կատարվի, եթե մենք ուզում ենք, որ Հայաստանը գոյատեւի, ուրեմն շուտափույթ Նիկոլն ու Աննան, թեւ-թեւի տված, պետք է Հայաստանից ռադ լինեն։ Դա լավագույն տարբերակն եմ ասում, որովհետեւ կա այլ տարբերակ եւս՝ ինչպես վարվեցին Մուսոլինիի հետ Միլանի հրապարակում՝ կախաղան հանելով։ Այդ մարդը ոչ թե դավաճան է, այլ բացահայտ թշնամի, ինքն իր բերանով է ասում, որ չի նեղանում, երբ իրեն ասում են թուրք։ Ֆրանսիացին չի նեղանում, չէ՞, երբ իրեն ասում են ֆրանսիացի, ինքն էլ չի նեղանում, որ իրեն թուրք են ասում։ Իլհամի հանձնարարականները հերթով կատարում է։ Եթե մենք դրա առաջը չառնենք, մինչեւ աշուն այդ 300 հազար ադրբեջանցի կոչվածները գալու են տեղավորվեն Երեւանում, հայերը չեն գնալու Բաքու, թեկուզեւ մենք այդ հարցն առաջ քաշենք, իսկ նրանք գալու են։ Ավելին՝ Իլհամը գուցե հատուկ ջոկատայիններ բերի, որ դրանց անվտանգությունն ապահովեն։ Ու երբ 2026-ին լինեն նոր ընտրություններ, այդ 300 հազար ձայնն էլ Նիկոլի օգտին է աշխատելու։ Այս բոլոր իրենք պլանավորած, հաշվարկած տանում են առաջ, դրա վերջը շատ վատ է լինելու»,- ասում է Հ․ Մարտիրոսյանն ու զարմանք հայտնում ժողովրդի անտարբերությունից։
«Ժողովուրդն ինչո՞ւ դա չի հասկանում եւ դուրս չի գալիս փողոց՝ դրան գահընկեց անում, այսպես այլեւս չի կարելի։ Ես հենց իր ձայնը լսում եմ, հեռուստացույցն անջատում եմ, որովհետեւ անգիր գիտեմ, թե ինչ է ասելու։ Այ, այդքան ինքն ինձ համար ընթեռնելի է, պրիմիտիվ, ընդամենը մանիպուլյացիաներ է անում, բառախաղեր տալիս, ու մարդկանց թվում է, թե ինքը շատ խելոք է․․․ ինքն ի՞նչ գիտի, թե գաղափարախոսությունն ինչ է, որ գաղափարախոսությունից էլ բան է խոսում, երբ թամամ ինստիտուտ էլ չի ավարտել։ Նա իր հաշվարկն անում է այն կիսագրագետ, չկարդացած մասսայի վրա, որը մեզանում, ցավոք սրտի, մեծ տոկոս է կազմում։ Ու եթե մենք լռենք, Սահմանադրությունն էլ է փոխելու, ամեն ինչ բացահայտ է այստեղ, ինքը բոլորի բերանը փակել է տալիս, վերջին օրինակն Էդգար Ղազարյանն է, որն այնքան ճիշտ բաներ է ասում, իսկ սա պետական մակարդակով բացահայտ տեռոր է ժողովրդի հանդեպ։ Մարդիկ չե՞ն հասկանում, որ եթե այսպես շարունակվի, շատ մոտ ապագայում ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ Սեյրան Օհանյանին, բոլոր այս կատեգորիայի մարդկանց ինքը բռնել է տալու եւ արտահանձնի Ադրբեջանին՝ Ալիեւի պահանջով։ Ինքը գնում է այդ ճանապարհով, եթե մենք իր առաջը չառնենք»։
Ինչ վերաբերում է «Իրական Հայաստան» ձեւակերպմանը, ապա․ «Իրական, թե Արեւմտյան Հայաստան, դրանք բոլորը խաղեր են միայն մի նպատակի համար՝ Ալիեւի հանձնարարականներն ինքը պարտավոր է կատարել։ Մենք ցանկացած գնով պետք է ընդդիմանանք Սահմանադրության փոփոխությանը, հատկապես որ դա պահանջում է մեր թշնամին, այլապես դառնում ենք թաշկինակ Ալիեւի ձեռքին, ինչ ինքն ասում է, մենք հլու-հնազանդ կատարում ենք, սա երկի՞ր է, թե՞ երկիր չէ, մենք ա՞զգ ենք, թե՞ ազգ չենք։ Այսպես այլեւս հնարավոր չէ, իսկ մարդկանց այս անտարբեր վիճակը որ տեսնում եմ, հասկանում եմ, որ հայրենասիրություն ասվածը մարդկանց շատ քիչ տոկոսի մոտ է, մնացածը բնակիչներ են, որ ճամպրուկային տրամադրություններ ունեն, ու Հայաստանն իրենց համար կարծես տրանզիտ կայարան է։ Վիճակը վատ կլինի՝ կգնանք Ամերիկա, Ռուսաստան․․․ ու չենք հասկանում, որ այդպես մենք երկիր ենք կորցնում։ Ազգը պիտի ունենա մի գաղափարախոսություն՝ իր սահմանների անձեռնմխելիությունը, իր երկրի անվտանգությունը եւ հայի տեսակի պահպանությունը։ Ամիսներ առաջ Նիկոլն ասում էր՝ Կիրանցի դպրոցն ամենաապահովն է, բա հիմա ինչո՞ւ Կիրանցի դպրոցում աշակերտների թիվը կիսով չափ պակասել է… սա Հայաստանի վերջն է, եթե այսպես շարունակվի»։