Հասարակություն

Մյուսների համեմատ մեր Հայ Առաքելական Եկեղեցու քահանաները սրբեր են

Մյուսների համեմատ մեր Հայ Առաքելական Եկեղեցու քահանաները սրբեր են

Վերջին օրերին զգալի մեծացել է լարվածությունը հանրային դաշտում՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ու կառավարության որոշ գործողությունների հետ կապված , որոնք ուղղորդված քայլեր են ընկալվում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։ Այս ամենը մտահոգություն է առաջացրել  հասարակության շրջանում՝ հատկապես հաշվի առնելով Եկեղեցու դերը մեր պատմության, ինքնության և պետականության մեջ։ 

Hraparak.am-ի  հետ զրույցում Շիրակ կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը շեշտում է, որ տեղի ունեցողը միանշանակ անընդունելի է։ Թումասյանի խոսքով , կատարվածը ոչ միայն հարված է հոգևոր արժեքներին, այլ նաև՝ հասարակության բարոյական հիմքերին։ «Հիմա էլ Միքայել Սրբազանի դեմ են ելել ։ Միքայել Սրբազանը վեց լեզու գիտի ,  մենք բոլորս ճանաչում ենք նրան, գիտենք նրա արժեքները, ինչի մասին է խոսքը։ Հասկանում ենք, թե ինչ են փորձում անել, բայց դա իրենց չի հաջողելու։ Հիմա  բոլորիս պարտքն է կանգնել  եկեղեցու կողքին, և դա ամենակարևորն է հիմա։ Ես ինքս  աշխատանքի բերումով մոտ եմ մեր քահանաների հետ։ Շփվել եմ տարբեր հավատքի համայնքների, հոգևորականների հետ՝ ավետարանչական, կաթոլիկ և այլ շարժումների ներկայացուցիչների հետ։ Եվ կարող եմ ասել՝ ի տարբերություն նրանց՝ մեր Հայ Առաքելական Եկեղեցու քահանաները ուղղակի սրբեր են՝ իրենց վարքով, խոնարհությամբ, լռությամբ։ Իրենց գործը անում են լուռ, խոնարհ, ու նվիրված։ Իրոք՝ ծառաներ են։  Բերեմ մի օրինակ միայն։ Մեր Բագրավանի եկեղեցու քահանա հայրն ամեն կիրակի գալիս է 25 կիլոմետր հեռավորությունից։ Մեքենան էլ ապառիկով է գնել՝ պարտքով։ Ու գալիս է միշտ՝ ձմռանը, ցրտին, ճանապարհների վիճակը հաշվի չառնելով, լինի հարսանիք, մկրտություն, հուղարկավորություն կամ որևէ այլ արարողություն։ Ոչ մի անգամ չի բողոքում, չի դժգոհում, չի հարցնում՝ «փող կտա՞ք», «բենզինս ո՞վ կհատուցի»։

Պարզապես գալիս է՝ իր ծառայությունը մատուցելու։ Գիտե՞ք որքան է նրանց  աշխատավարձը։ Ընդամենը հարյուր հազար դրամի կարգի։ Երբեք չի բողոքում։ Ինչո՞ւ պետք է նրանց  աշխատանքը չգնահատվի։ Ինչո՞ւ այդպիսի նվիրվածությունը պիտի անտեսվի կամ ստորացվի։ Իմ համար միակ կոնտրոլը՝ Աստվածն է։ Հետևաբար՝ նրանք, ովքեր չեն վախենում Աստծուց, չեն հասկանում իրենց արարքների կարևորությունը ու հենց  այսպիսի քայլերի էլ գնում են»,-ասաց Վահան Թումասյանը՝ նշելով․«Մենք՝ որպես ժողովուրդ, ընդհանրապես միշտ երկու հիմնական արժեք ենք ունեցել՝ եկեղեցին և դպրոցը։ Սրանք այն երկու սյուներն են, որոնց վրա մեր ազգային ինքնությունն ու պետականությունը կանգնած են եղել դարեր շարունակ։ Եթե հանում ենք այդ երկուսը, հիմքում ոչինչ չի մնում։ Դարերի խորքից եկող ճշմարտություն է դա։ Չէ՞ որ պատահական չէր, որ ժամանակին ծխական դպրոցներ հիմնվեցին հենց եկեղեցու շուրջը։ Հոգևորականները ոչ միայն աղոթում էին, այլ նաև՝ կրթում, պահպանում էին ազգը, լեզուն, պատմությունը։ Ու եթե հիմա փորձ է արվում հեռացնել այս երկու հիմքերը, նշանակում է՝ վտանգի տակ է մեր վաղվա օրը»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image