Երեկ տեղեկացանք, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։ Հրապարակված պաշտոնական հաղորդագրության համաձայն․ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված դիվանագիտական ջանքերի ակտիվացման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 18-ի հրապարակային հայտարարությունից հետո հայկական կողմն ադրբեջանական կողմին է ներկայացրել համաձայնագրի իր 6-րդ առաջարկը: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նախկինում հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթղթի կնքմանն ու ստորագրմանը»։
Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարարությունը Հայաստանին առաջարկում է ուղիղ հանդիպում անցկացնել սահմանին՝ խաղաղության գործընթացը քննարկելու համար։ Համաձայն ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության․ «Երկու երկրներն էլ պատասխանատվություն են կրում խաղաղ գործընթացի շարունակման համար, այդ թվում՝ փոխընդունելի վայրի ընտրության կամ պետական սահմանին հանդիպում անցկացնելու մասին որոշման ընդունման համար»։ Ինչ խոսք, բավական հետաքրքիր, կարելի է ասել՝ ինտրիգային իրավիճակ է ստեղծվել։ Նախ՝ Երեւանը ըստ էության, փորձում է շարունակաբար ապացուցել կամ գոնե ցույց տալ աշխարհին, որ հավատարիմ է Բաքվի հետ խաղաղության հասնելու գործընթացին եւ այդ ուղղությամբ կատարում է իրեն հասանելիք աշխատանքները։ Ընդ որում, գոնե Արեւմուտքի կողմից հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի առնչությամբ հնչած պաշտոնական գնահատականներից դատելով կարելի է ասել, որ այս ուղղությամբ Երեւանը որոշակի հաջողության հասել է։ Այսինքն՝ ցույց է տվել, որ գործընթացի ձգձգման կամ հնարավոր վիժեցման դեպքում հայկական կողմը չէ, որ պատասխանատվություն է կրում։ Արեւմուտքը կարծես թե դա ոչ միայն հասկացել է ու արձանագրել, այլ նաեւ պաշտոնական մակարդակում այդ մասին խոսում է բարձրաձայն։ Այլ է Ադրբեջանի պարագան։
Հայ-ադրբեջանական կարգավորման «արեւմտյան հարթակի» առնվազն երկու հանդիպում բոյկոտելուց եւ դրան ի հետեւանս՝ ԱՄՆ կողմից ճնշումների «առաջին ծիծեռնակների» հետ առերեսվելուց հետո Բաքուն, ըստ էության, փորձում է մանեւրել։ Ադրբեջանական կողմի մոտիվացիան հետեւյալն է՝ խուսափել պատասխանատվության տակ միայնակ մտնելուց։
Բացատրենք ավելի մանրամասն։ Այն, որ Արեւմուտքը սկսել է պաշտոնապես ոչ միայն արձանագրել, այլ նաեւ բարձրաձայնել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության գործընթացում հայկական կողմը չէ, որ ձգձգումների եւ հնարավոր վիժեցման պատասխանատուն է (դիվանագիտական «խուճուճ» ձեւակերպումները վերծանվում են հենց այսպես), այլ ադրբեջանական կողմը, արդեն իսկ բավական տհաճ ահազանգ է Բաքվի համար։ Հետեւաբար, ադրբեջանական կողմը պետք է գոնե ի ցույց աշխարհի անի այնպիսի գործողություն կամ գործողություններ, որ իր վրա դրվելիք ոչ այնքան դրական պատասխանատվության բեռից եթե ոչ խուսափի, ապա գոնե այն կիսի։ Այսպես պետք է հասկանալ ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը, թե խաղաղության գործընթացի շարունակության համար պատասխանատու են երկու երկրները։
Դժվար է ասել՝ ուղիղ բանակցությունների հարցում Բաքուն որքան է անկեղծ, կամ տարածված հաղորդագրությունը որքանով է իրատեսական կամ որքանով՝ խայծային կամ մանեւրային, եւ Երեւանն ինչպես կարձագանքի դրան, սակայն պարզ է, որ գործընթացն էականորեն բարդացել է՝ Երեւանի կողմից հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի «ռուսական հարթակի» անտեսման, իսկ Բաքվի կողմից՝ «արեւմտյան հարթակի» անտեսման եւ դրա հետեւանքով այս գործընթացում առաջնայնություն ստանալու աշխարհաքաղաքական մրցակցության սրման հետեւանքով։