Քաղաքականություն

Այդ ո՞ւր` աղոթելո՞ւ…

Այդ ո՞ւր` աղոթելո՞ւ…

Վաշինգտոն աղոթքի մեկնած Փաշինյանն այնքան էլ ուխտավորի տեսք չուներ: Եվ ինչու միայն Փաշինյանը, իսկ հետիննե՞րը: Եվ պատկերացրեք, որ ավելի շատ հետիններն էին «մեղավոր», որ Փաշինյանն այդպես էլ որպես ուխտավոր չընկալվեց: Եթե ես լինեի Փաշինյանի փոխարեն, արտգործնախարարին հետս չէի տանի աղոթելու: Դա, ասենք, քաղաքական կարևոր միջոցառում չէր, պրոտոկոլով չգիտեմ ինչ բանակցություններ չէին, ու դեռ Երևանում էլ գիտեին, որ Թրամփը Նիկոլին չի ընդունելու: Հետևաբար ի՞նչ մեղքս էր Արարատ Միրզոյանի ներկայությունն այդ պատվիրակության կազմում: Իրեն հարգող ղեկավարը, երբ շատ է ուզում աղոթել, կարող է վերցնել տիկնոջն ու գնալ որևէ եկեղեցի, թեկուզ Վաշինգտոնում, աղոթելու: Դա նորմալ է: Իրենց փողով տոմս են գնում և թռնում ուր կամենան:

Եվ արժե՞ր, արդյոք, պատվիրակություն ձևավորել դրա համար ու մի հատ էլ աշխատանքային այցի ռազմախ հաղորդել այդ պատվիրակությանը: Ասեմ նաև, որ Սպիտակ տունն այդ ավանդական աղոթքը համարում է տեղական հնդկացիների ցեղապետերի հավաք` ոչ ավելի: Ու մեկ էլ այնտեղ է հայտնվում Նիկոլը՝ որպես մի կատարյալ կովբոյ, «շլյապայի» մեջ ջայլամի փետուրներ խրած: Աննան` առաջից, Արարատ Միրզոյանը` աջից, Արսեն Թորոսյանը` ձախից, սա էլ ձեզ նրա հավատացյալ խումբը: Տեսնելով այս շքախումբը՝ Սպիտակ տան անվտանգության աշխատակիցները, բնականաբար, հարցում են ուղարկել Օվալաձև կաբինետ՝ տեղյա՞կ եք, որ մի այսպիսի պատվիրակություն է ժամանել Վաշինգտոն: Այնտեղից ասում են՝ չէ: Սպիտակ տան պահպանությունը, ինչպես և սպասելի էր, ուժեղացնում են, որ հանկարծ նորահայտ Չինգաչկուկն` իր ձիավորներով չներխուժի Թրամփի աշխատասենյակ: Ականատեսները պատմում են, որ Արարատ Միրզոյանն ինչքան ծանոթ է մեջ գցում, ինչ հնար գործադրում է, Սպիտակ տան դարպասները Հայաստանի պատվիրակության առաջ չեն բացվում: Էլ Բլինքեն, էլ Բայդեն, էլ Բայդենի խոսնակ, էլ Հարրիս… Ոչ մեկի խոսքը, փաստորեն չի անցնում, մինչդեռ մի քանի օր առաջ էր Արարատ Միրզոյանը ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշնակից դառնալու կանոնակարգ ստորագրել:

Այսուհանդերձ Չինգաչկուկը մի քանի օր պաշարված պահեց Սպիտակ տունը: Ցերեկները գնում էր ամերիկահայ ցեղակիցների հետ հանդիպման, գիշերը՝ հյուրանոցի իր պրեզիդենտական համարն ու այնտեղից հրահանգներ տալիս Միրզոյան Արոյին, թե էլի ի՞նչ անի, որ Թրամփն իրեն ընդունի: Արոն էլ թարսի պես միայն դեմոկրատների էր ճանաչում, որոնք Թրամփի հաղթանակից հետո հիմնահատակ թոշակի էին անցել: Ասում են՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն էլ էր պատեպատ խփվում, որ մի բան անի, բայց ապարդյուն:

Ես չեմ տիրապետում մեր պատվիրակության վաշինգտոնյան այցի բոլոր մանրամասներին, բայց մի տեղ գրել էին, որ Արարատ Միրզոյանն իբր Թուրքիայի արտգործնախարարին է զանգել, որ սա Էրդողանին խնդրի միջամտել Թրամփի մոտ, որ Թրամփն ընդունի աղոթքի գնացած մեր ցեղապետին: Էրդողանն էլ իբր ասել է, որ կմիջամտի, բայց այն պայմանով, որ մեր ցեղապետը Թուրքիայի արտգործնախարարի հետ մտնի Թրամփի մոտ: Այդ ժամանակ արդեն մեր ցեղապետը իբր շան լափը թափել է Միրզոյան Արոյի գլխին, թե դու ո՞նց ես պատկերացնում, որ ես քո փոխարեն Թուրքիայի արտգործնախարարի ձեռքը բռնած մտնեմ Թրամփի մոտ: Ու սենց գժված, ֆազերը «քցած»՝ սկսել է իբր վիսկի կոնծել, հարբել է, վերջն էլ Աննան թևերն ընկած, հասցրել է հյուրանոց: Այսքանը Վաշինգտոնում մեր ցեղապետի անհավանական արկածների մասին: Աղոթե՞ց, թե՞ չէ` ես չգիտեմ: Հիշում եմ միայն, որ ամերիկյան ողջ արշավանքի ընթացքում եկեղեցականները նրա կողքից անպակաս էին:

Ես, անշուշտ, ինձ հետ աղոթելու չէի տանի նաև միջազգային կարգի որևէ հերետիկոսի, այլ բառով՝ աթեիստի: Ինձ տեսնողները չէին ասի՞, էլ մարդ չկա՞ր, էս ո՞ւմ ես բերել: Խոսքն Արսեն Թորոսյանի մասին է, որ ոչ միայն Աստծուց չի վախենում, այլև դիակների կույտերից, մարդու մարմնի անդամահատված մասերից, համաճարակների գործած աղետներից, անգամ՝ կենդանի մահից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ВОЗ) այդ տղան ի՞նչ գործ ուներ Փաշինյանի գլխավորած հավատացյալների պատվիրակության կազմում, Քովիդի չարաշահումների «չբացահայտվող» գործն էլ պոչին կապած:

Կարող է հարց առաջանալ՝ արդյոք խիստ չե՞նք դատում ու դատապարտում Փաշինյանի վերջին այցելությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներ, արդյոք ավելի ճիշտ չի՞ լինի մեր հավատացյալներին ուշադրության չարժանացրած Թրամփին քննադատելը: Այս հարցերի պատասխանները, սիրելի ընթերցող, վարչապետի աշխատակազմն արդեն տվել է: Դեռ այցից առաջ էին հայտարարել, որ Թրամփ-Փաշինյան հանդիպում չի լինելու: Հետևաբար հարցադրումը պետք է 180 աստիճանի տակ փոխել ու ձևակերպել այսպես՝ բա որ նախապես գիտեիք, որ Թրամփը չի ընդունելու, ինչո՞ւ էիք ձեզ ճղում Թրամփին հակառակը համոզելու համար: Անկախությունից ու ինքնիշխանությունից եք խոսում… Թրամփն ո՞վ է ձեզ համար՝ բմբուլով հնդի՞կ, որ իր օրակարգը թողած ձեզնով զբաղվեր:

ՀԳ Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ ստացանք ուրախալի լուրը՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսը մի քանի րոպեով ընդունել է Նիկոլին ու իր հանգստի սենյակում անգամ հետը նկարվել։ Հետո հեռախոսով արված այդ նկարը Նիկոլը դրել է իր էջում ու իշխանական ԶԼՄ-ները հրճվանքից նվաղել են։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image