Քաղաքականություն

Վրաստան vs Հայաստան

Վրաստան vs Հայաստան

Սկսենք Վրաստանից: 2024-ի հոկտեմբերի վերջին անցկացված խորհրդարանական ընտրություններից եւ Վրաստանի նոր նախագահի ընտրությունից հետո վերջինս ընդդիմության ղեկավարներին առաջարկել էր ընդունել նախարարների տեղակալների պաշտոնները, ինչը թույլ կտար ապահովելու նրանց մասնակցությունը կառավարության աշխատանքում, ինչն էլ կնպաստեր՝ հաղթահարելու ընտրությունների հետեւանքով առաջացած քաղաքական ճգնաժամը:

Կառավարությունում աշխատանքը մեծ նշանակություն ունի՝ հաշվի առնելով, որ Վրաստանը խորհրդարանական կառավարմամբ պետություն է: Ընդդիմությունը հրաժարվել էր եւ շարունակել էր փողոցային բողոքի ակցիաները: Արդյունքում ընդդիմադիր կուսակցությունների 8 ղեկավար դատարանի կողմից ազատազրկվել է 7-8 ամսով: Լսո՞ւմ ես, Կառլ, ընդամենը 7-8 ամսով: Իսկ մի քանի օր առաջ՝ հուլիսի 4-ին, նախագահ Ղավելաշվիլին խոստացել է ազատել նրանց բանտից: Միակ պայմանն այն է եղել, որ նրանք համաձայնեն մասնակցել ուղիղ 3 ամիս անց Վրաստանում անցկացվելիք տեղական ընտրություններին: Նախագահի առաջարկն ընդունվել է միայն մեկ կուսակցության («Լելոն Վրաստանի համար») կողմից, ինչը մյուսները գնահատել են որպես դավաճանական քայլ: 

Այժմ գանք Հայաստան: Հայոց եկեղեցու ղեկավարության դեմ նախաձեռնած պատերազմի շրջանակում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն անցել է իսկական տեռորի (ահաբեկչության) երկրի ընդդիմադիր կուսակցությունների եւ շարժումների ղեկավարության նկատմամբ: Տեռորը, ի դեպ, ոչ միայն անձանց ֆիզիկական ոչնչացումն է, այլեւ քաղաքական հակառակորդների նկատմամբ բռնի ուժի գործադրմամբ կատարվող ահաբեկումները: Իսկ երբ բռնի ուժը գործադրվում է պետական կառույցների կողմից, ապա դա բնութագրվում է որպես պետական տեռոր կամ ահաբեկչություն: Եվ իրադրության ողջ զավեշտն այն է, որ պետական ահաբեկչություն նախաձեռնողներն ահաբեկչություն իրականացնելու մեջ մեղադրում են ընդդիմությանը, բնականաբար՝ բացարձակապես առանց լուրջ փաստարկումների: Հիշենք, որ մենք ապրում ենք, ըստ վարչապետի աթոռից կառչած անձի բնորոշման, «ժողովրդավարության բաստիոնում» կամ, ըստ գլոբալիստական Արեւմուտքի, «ժողովրդավարության փայլուն աստղ» բնորոշված պետությունում: Հիշենք նաեւ, որ Արեւմուտքում խիստ բացասական վերաբերմունք կա այն պետությունների նկատմամբ, որոնք իրենց կողմից բնութագրվում են որպես ահաբեկչական: 

Հիմա գնանք գլոբալիստական Եվրոպա, որը համարվում է ժողովրդավարության հայրենիքը, չնայած արդեն խիստ կասկածում եմ: Գերմանական «Դոյչե վելե» գործակալությունը մեկ-երկու օր առաջ հաղորդել է, որ Եվրախորհրդարանը, անդամների ավելի քան 72% մեծամասնությամբ, հաստատել է Վրաստանի իրավիճակի վերաբերյալ կոշտ զեկույցը, որում չի ճանաչել գործող խորհրդարանի եւ երկրի նախագահի օրինակարգությունը (լեգիտիմությունը)։ Փաստաթղթում այդ երկիրն անվանվում է «իշխող «Վրացական երազանք» կուսակցության անօրինական ռեժիմի զավթած պետություն»: 2024 թ. հոկտեմբերին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները, ըստ դրա, չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին, ինչն էլ իշխող կուսակցությանը հնարավորություն է տվել զավթել պետական ինստիտուտները, անցկացնել բռնաճնշող օրենսդրություն եւ հետապնդել ընդդիմությանը, լրագրողներին եւ խաղաղ ցուցարարներին։ Զեկույցում մեղադրվել են նախկին վարչապետ եւ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն եւ այլ պաշտոնյաներ: Նրանց առումով առաջարկվել է կիրառել անձնական պատժամիջոցներ, իսկ Իվանիշվիլու դեպքում՝ նաեւ սառեցնել նրա ընկերությունների ակտիվները։ Որքան հիշում եմ, դա արդեն կատարվել էր անցյալ տարի՝ 2-3 միլիարդ դոլարի մասով:

Նույն այդ Եվրոպայի մայրաքաղաքներից մեկում՝ Բրյուսելում, կայացել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձեւավորված Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերության կոմիտեի 6-րդ հանդիպումը։ Կողմերը քննարկել են ՀԸԳՀ կիրարկման գործընթացը եւ Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցության ընդլայնումը։ Այս դեպքում մենք ունենք կողմերի լիակատար համաձայնության մթնոլորտ, եւ եթե որեւէ մեկին հետաքրքրում են մանրամասները, կարող է դրանք կարդալ ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում: Բերեմ ընդամենը մի փոքր հատված. «ԵՄ-ն ընդգծել է իր լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների վրա։ ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնել նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերին»։

Ինչպես տեսնում ենք, Եվրոպան հերթական անգամ ցուցադրել է իր երկերեսանի բնույթը: Դատապարտվել է Վրաստանը, որը ձգտում է պահպանել իրական ինքնիշխանություն: Եվ հաճելի խոսքեր են ասվել Հայաստանի հասցեին, որտեղ իրականացվում են մարդու իրավունքների համատարած խախտումներ, առանց որեւէ պատճառի ձերբակալություններ ու կալանավորումներ եւ այլն, եւ այլն:  Որտեղ ՀՀ ոչ խերով ղեկավարը սպասարկում է ոչ թե ինքնիշխան Հայաստանի Հանրապետության, այլ սեփական իշխանության եւ արտաքին դերակատարների՝ Եվրամիության, Թուրքիայի եւ նույնիսկ Ադրբեջանի շահերը: Ի դեպ, վերջերս տեղի ունեցող՝ դաշնակցականների, այդ թվում՝ երիտասարդ, ձերբակալությունները միտված են թե՛ թուրք-ադրբեջանական պահանջների կատարմանը եւ թե՛ ընտրություններից 11 ամիս առաջ Դաշնակցության թուլացմանը եւ դրանով՝ սեփական կուսակցության դիրքերի ամրապնդմանը: Կարծում եմ, որ այդ ամենը եվրոպական, իմա՝ գլոբալիստական ժողովրդավարության իսկական դեմքի բացահայտումն է:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image