Հերթական անգամ Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչներս զրկվեցինք հոսող ջուր ունենալու իրավունքից: Բայց այս անգամ մեզ «միացան» Ավանի եւ Կոտայքի մարզում ներառված Ջրվեժ թաղամասի բնակիչները: Դա հերթական վթարային ջրանջատումն է եւ տեւելու է 24 ժամ: Ողջ ամառը «Վեոլիա ջուրը» նման անակնկալներ էր մատուցում մեր թաղամասի բնակիչներին: Դա այնքան աննորմալ էր, որ նույնիսկ բնակիչները հրավիրել էին լրագրողներին եւ հաղորդել իրենց դարդերը: Երեւի դա էր պատճառը, որ ընկերության գործադիր տնօրենը հյուրընկալվել էր ՀՀ հինգերորդ նախագահ պարոն Վահագն Խաչատուրյանին: Նախորդ նախադասությունում ցանկանում էի օգտագործել «մեծարգո» բառը: Բայց հետո «քցեցի-բռնեցի», որ այն սազում է միայն ՀՀ վարչապետին: Ինչեւէ, վերադառնալով վթարին՝ ասեմ, որ առաջին հայացքից դատապարտելի ոչինչ չկար դրանում. ո՞ր մի ոլորտում վթար չի լինում, որ չլիներ «Վեոլիա ջուր» ընկերությունում: Բայց, ինչպես ասվում է, խնդիրը (կամ շան գլուխը) ավելի խորն է թաղված:
Հայտնի է, որ Երեւանի եւ ողջ հանրապետության ջրամատակարարումն ու ջրահեռացումը նախկինների օրոք կառավարման է հանձնվել ֆրանսիական ընկերությանը: Նախկինում ջրի օգտագործման սակագնի հաշվին ընկերությանը հաջողվում էր ջրամատակարարման գրաֆիկն աստիճանաբար հասցնել 24 ժամվա, ինչպես նաեւ՝ ապահովել համակարգի համեմատաբար անխափան աշխատանքը ու մեկ-մեկ էլ մի քանի դրամով մեծացնել սակագնի չափը: Բայց «դուխով» Նիկոլի վարչապետ կարգվելուց հետո, եթե չեմ սխալվում, սակագնի ավելացում տեղի չի ունեցել: Պատճառն այն էր, որ ժողովրդին տրված մեծ-մեծ խոստումների շարքում էր նաեւ ջրի վարձը չթանկացնելու խոստումը: Հիշում եմ, որ 2018-ից այս կողմ մեկ թե երկու անգամ «Վեոլիա ջուր»-ը փորձեց բարձրացնել սակագինը՝ դա պատճառաբանելով համակարգի մաշվածությամբ, բայց այդ փորձը կանխվեց «ժողվարչապետի» կողմից:
Իսկ հիմա մի պահ մոռանանք «Վեոլիայի» մասին ու անդրադառնանք ՀԷՑ ՓԲԸ-ին, այսինքն՝ էլեկտրաէներգիային: Նախկինում, 15 տարի առաջ լուրջ խնդիրների առջեւ էր կանգնած նաեւ ենթակառուցվածքային այդ ճյուղը, մինչեւ որ ՀՀ երրորդ նախագահին հաջողվեց համոզել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին՝ ձեռք բերել ցանցերը: Վերջերս իմացանք, որ վերջինիս կողմից 800 միլիոն դոլարի ներդրումներ են կատարվել ոլորտում: Արդյունքում հոսանքի գնալն այնքան հաճախ չէր կատարվում, որքան ջրամատակարարման ընդհատումը: Հանած, բնականաբար, վերջերս տեղի ունեցած պետական ասպատակության շրջանը, երբ ՀԷՑ-ի կառավարչի պաշտոնում ապօրինաբար նշանակվեց Պետրոսյան Ռոմանոսը: Չնայած հսկայական ներդրումներին՝ ՀԷՑ ՓԲԸ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը խոստացել է պահպանել գործող սակագինը մինչեւ 2050 թվականը: Միայն մի պայմանով, որ հոսանք արտադրող հզորությունների կողմից բաշխիչ ցանցերին վաճառքի գնի նշանակալի բարձրացում չլինի: Եվ, ինչպես երեւում է, այդ պայմանը շարունակում էր գործել: Թե ինչ կլինի Պետրոսյան Ռոմանոսի կառավարչության արդյունքում՝ չեմ կարող ասել:
Վերջերս նաեւ իմացանք, որ, ի տարբերություն «Վեոլիա ջուր» ընկերության, ՀԷՑ-ի մենեջերների աշխատավարձերն անձամբ հոգացել ու շարունակում է հոգալ ՀԷՑ ՓԲԸ-ի սեփականատերը: Պատկերացնո՞ւմ եք՝ նույնիսկ հիմա, երբ ընկերության ղեկավարումն ապօրինաբար խլվեց նրա ձեռքից: Երբ ընդդիմադիրներից մեկը (արդեն մոռացել եմ, թե ով էր) խոսել էր դրա մասին, ՔՊ-ականները փորձել էին դա հերքել՝ նշելով, թե աշխատավարձերը գոյանում են սակագնից: Ի դեպ, այդպիսի վիճակ է տիրում հենց «Վեոլիա ջրում» եւ ոչ թե ՀԷՑ-ում, ինչը վկայում է, որ, ի դեմս Կարապետյանի, ՀԷՑ-ի առումով ունենք անսովոր երեւույթ՝ վերջինս հանդես է գալիս թե՛ որպես գործարար եւ թե՛ միաժամանակ բարերար: Բացի այն, որ Կարապետյանը բարերարություն է կատարել նաեւ այլ ոլորտներում եւ այդ թվում՝ Նիկոլի սերը չվայելող եկեղեցում: Ինչեւէ, նույնը, բնականաբար, չէր կարող տեղի ունենալ «Վեոլիա ջրում», քանի որ վերջինիս սեփականատերը մնում է պետությունը: Եվ այն էլ՝ այն պետությունը, որի ղեկավարությունը հանձնվել է ՔՊ-ական խմբակին: Ու այդ պատճառով էլ ջրի ցածր սակագնի պատճառով ընկերության եկամուտները չեն բավարարում, որպեսզի թե՛ համակարգն ամբողջությամբ թարմացվի եւ թե՛ աշխատավարձ վճարվի աշխատակազմին: Ու այդ պատճառով էլ ողջ ամառը (այսօր՝ եւս) անհարմարություն է պատճառվել սպառողներին: