ԱՄՆ նախագահ Թրամփը Փաշինյանի հետ հանդիպումից հետո արդեն երեք անգամ Հայաստանն անվանում է Ալբանիա։ Այո, թվում է, թե Միացյալ Նահանգների նման հեգեմոն պետության ղեկավարը դժվար թե չիմանա այն երկրի անունը, որի տարածքում, իր հայտարարության համաձայն, խաղաղություն է հաստատել և 99 տարով տարածք են վարձակալում՝ կասեք դուք: Դասական դիվանագիտության մեջ, այո, սակայն ոչ Թրամփի դեպքում:
«Մայր Հայաստան» շարժման անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ Թրամփի կողմից Հայաստանի անունը Ալբանիայի հետ շփոթելուն պետք չէ նշանակություն տալ՝ պարզապես շփոթել է անվանումները, դա ոչ առաջին, ոչ էլ երևի թե վերջին դեպքն է:
«Ինքը պարբերաբար խառնում է ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների՝ շատ ավելի մեծ երկրների, քաղաքների անունները, մայրցամաքներն է խառնում, որտեղ որտեղ գտնվում է՝ միշտ է շփոթում ինքը»,-ասաց Դանիելյանը:
Քաղաքագետ Հակոբ Բադալյանն էլ նկատում է, որ եթե առաջին անգամը կարելի էր վերագրել իսկապես շփոթելուն, սակայն երբ դա կրկնվեց երկրորդ և հետո արդեն երրորդ անգամ, դժվար թե պարզապես շփոթվելու հետևանք լինի:
«Բայց, երբ Թրամփը կարճ ժամանակ անց այլ առիթով խոսելով, Հայաստանի փոխարեն դարձյալ ասաց Ալբանիա եւ Ադրբեջան, սա արդեն պարզապես շփոթմունքին վերագրելը կլիներ խնդիր: Սա արդեն առավել վերագրելի է անտարբերությանը: Այսինքն, Թրամփի համար գործնականում հետաքրքիր էլ չէ, թե ինչ է եղել օգոստոսի 8-ին՝ նկարահանվելուց, նկարվելուց եւ PR-ից զատ:
Իսկ սա արդեն խնդիր է հայկական կողմի համար: Ի դեպ, խիստ հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը շտապել է արձագանքել Թրամփին, հայտնելով իր հանձնառությունն ու հավատարմությունը խաղաղությանն ու «Թրամփի» ուղուն: Այս արագ արձագանքի պատճառն ըստ ամենայնի պարզապես Թրամփին դուր գալը չէ: Կրկնեմ, երբ արդեն երրորդ անգամ նա Հայաստանի փոխարեն ասում է Ալբանիա, դա լուրջ հարված է քարոզչական այն դիրքերին, որ օգոստոսի 8-ի վրա կառուցել է Նիկոլ Փաշինյանը»,-շեշտում է Բադալյանը:
Քաղաքագետ Արա Պողոսյանը, սակայն, կարծում է, որ Թրամփի կողմից Հայաստանն Ալբանիա անվանելը ոչ թե շփոթմունք է, այլ ուղերձ ունի իր մեջ:
«Սա արդեն վրիպում չէ, սա կոնկրետ սարկազմ է Հայաստանի նկատմամբ։ Թրամփը, ի դեպ` ատում է թույլ և հանձնվող մարդկանց և մեծ պաշտամունք ունի ուժեղների ու հաղթողների նկատմամբ։ Թրամփը հպարտանում էր Նեթանյահույի հետ հարաբերություններով, հարգում է Պուտինին և Էրդողանին և արհամարհում Զելենսկուն և Մակրոնին»,-գրում է քաղաքագետը:
Երրորդ անգամը Հայաստանը Ալբանիա- Ադրբեջան անվանելը նշանակում է, որ Թրամփը չի էլ ուզում լսել այս երկրների մասին, որովհետև դժվար թե իր ունեցած հարյուրավոր խորհրդականներից գոնե մեկը չհիշեցներ, որ ճիշտը ոչ թե Ալբանիա, այլ Արմենիան է: