Օրեր առաջ «Հրապարակը» գրել էր, որ Հայաստանի իշխող «Քաղպայմանագիր» կուսակցությունում ակտիվ կուսակցաշինական աշխատանքներ են, եւ Նիկոլ Փաշինյանի կողմից կայացված որոշում կա՝ ՔՊ-ն ընդլայնել, որով եւ կապահովվի նաեւ իշխանության պահպանումը։ Ըստ «Հրապարակի»՝ Փաշինյանը թեեւ ամենաջերմ կողմնակիցն է, որ իր քաղաքական հենարան կուսակցությունն ամրապնդվի եւ ուժեղանա, որով նաեւ կերաշխավորվի իր մնալը իշխանության ղեկին, սակայն կողմ չի եղել, որ ՔՊ-ն բռնի ՀՀԿ-ի՝ ժամանակին անցած ճանապարհը, այսինքն՝ դառնա մասսայական կուսակցություն՝ համարելով, որ այդկերպ այն կդառնա «էլիտար կլուբ», եւ այժմ, ամենայն հավանականությամբ, փորձ կարվի գտնել ոսկե միջինը՝ «գաղափարական քայլիստների» եւ «էլիտար կլուբի» միջակայքում։ Եվ ՔՊ-ի ամրապնդման ու Փաշինյանի կողմից այդ ամրապնդման իրականացման «գործնական քայլերի» առնչությամբ ունեցած մտահոգությունները հասկանալի են։
Չի կարող իշխող կուսակցությունը, օրինակ, գոնե մի քանի հազար ակտիվ անդամ չունենալ։ Մյուս կողմից՝ առանց այն էլ ոչ գաղափարական հենքի վրա ձեւավորված քաղաքական ուժի մասսայականացումը կարող է բերել դրա վերջնական բարոյալքման եւ ինքնաոչնչացման։ Սակայն Շիրակի մարզի Ախուրյան համայնքում տեղի ունեցած վերջին դեպքերը՝ համայնքապետի հրաժարականը՝ բավականին խորհրդավոր պայմաններում, լրիվ այլ բանի մասին է վկայում։ Ինչքան էլ Փաշինյանն անձամբ դեմ լինի, որ կուսակցությունը, պատկերավոր ասած, «հանրապետականանա», այսինքն՝ դառնա ճանապարհ, որով պետք է անցնեն բոլոր նրանք, ովքեր պետական համակարգում ցանկանում են փոքրիշատե երեւացող դիրք գրավել, ասենք՝ լինել համայնքապետ, սակայն եթե գործնականում արվում են դրա ճիշտ հակառակին հանգեցնող քայլեր, ապա կարելի է ասել, որ Փաշինյանը, կամա թե ակամա, կայացրել է ՔՊ-ի «հանրապետականացման» դատավճիռը։
Սա հասկանալու համար քաղաքագիտական լուրջ գիտելիքներ ունենալ բացարձակապես պետք չէ։ Նույնիսկ կենցաղային մակարդակում է սա հասկանալի, երբ պետական համակարգում քաղաքական բազմազանությունն ու ներառականությունը, ըստ էության, դառնում են անվանական։ Ստացվում է, որ կուսակցական մարմինների ժողովներում խոսվում է այլ բան, իսկ իրական կյանքում՝ արվում դրա ճիշտ հակառակը։ Իսկ, այ, սա արդեն սկսել է նմանվել խորհրդային պետության «ողնաշարը կոտրվելու»՝ «բրեժնեւյան զաստոյի» ժամանակներին, եւ եթե ՔՊ-ում, սկսած Փաշինյանից, մի փոքր լուրջ են վերաբերվում իրենց կուսակցական գործերին, ապա պետք է ասվածից լուրջ հետեւություններ անեն։
Ի վերջո, հատկապես Հովիկ Աղազարյանի սերնդակիցները կհիշեն, թե ինչպես, օտյանական բառերով ասած, Լեոնիդ Իլյիչի ժամանակներում «հառաջ պոռալով՝ հետ-հետ կերթային»։