Հունիսի 13-ին Գյումրիում տեղի ունեցավ Գյումրու «Մուշ-2» թաղամասում կառուցված երկու բնակելի շենքերի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, սփյուռքից ժամանած հյուրեր և այլք: ««Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ այսօր ևս 50 ընտանիք տոնում է բնակարանամուտ, 50 ընտանիքների համար բացվում է կյանքի մի նոր շրջափուլ: Գյումրեցիներից շատերը կյանքի ինչ-որ մի ժամանակահատված բնակվել են տնակներում, գիտեն որքան դժվարություններ և անհարմարություններ կան ժամանակավոր կացարաններում, որքան բարդ է տնակում ապրելը, առավել ևս, որ դրանք վաղուց արդեն քայքայված են ու շարքից դուրս եկած: Ինքս 10 տարի բնակվել եմ տնակում, գիտեմ թե ինչպիսի դժվարություն է իրենից ներկայացնում ժամանակավոր կացարանում ապրելը։ Շնորհակալություն եմ հայտնում բարերարներին և բոլոր այն անձանց ու կազմակերպություններին՝ ովքեր իրենց աջակցությունն են ունեցել բնակարանների կառուցման գործում: Ծրագրի հաջորդ և բոլոր փուլերի համար համայնքապետարանը պատրաստակամ է աջակցել հիմնադրամին, կրկին տրամադրել հողատարածք»,- իր խոսքում էլ ընդգծել էր Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։
50 ընտանիքի այդ օրը հանձնվեցին բնակարանների բանալիները։ Բանալիների հանձնումը առանձնակի ոգևորություն պատճառեց երկար տարիներ տնակներում ապրող ընտանիքներին․ վերջապես մարդավայել, նորմալ պայմաններում կապրեն, բայց արի ու տես՝ նոր բնակարանի բանալին ձեռքներին՝ դեռ տնակներում են։ Բնակիչների խոսքերով՝ քաղաքապետարանից ասում են, թե դեռ փաստաթղթային հարցեր կան լուծելու ։«Էս տնակից օր առաջ դուրս գալ ենք ուզում, դասավորած, պատրաստ ՝ օր ու ժամ կհաշվենք՝ երբ պիտի տեղափոխվենք, գոնե հստակ օր ըսեն, ըսեն՝ էս ամիս չի էղնի, եկող ամիս էլ, 1-2 ամիս կտևի, մենք էլ սրտատրոփ չսպասենք․․․․»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց շահառու քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ իր տեղեկություններով խնդիրը կադաստրի հետ է, քաղաքապետարանից ասել են, թե բնակարանների հարցով այս պահին Կադաստրի կոմիտեն է զբաղվում, երբ վերջացնեն փաստաթղթային պահը, իրենց կտեղեկացնեն։«ԷԷԷԷ, թող հարցերը լուծեին, նոր հանդիսավոր բացում էնեին»,-նկատեց քաղաքացին։
Մեր հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից գրավոր հարցում պահանջեցին, նաեւ մեկ նախադասությամբ նշեցին, թե բնակարանների հարցով դիմել են կադաստրի կոմիտե, սպասում են պատասխանին։
Նշենք, որ նշված բնակարանները կառուցվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում, Գյումրու «Մուշ-2» թաղամասում, կառուցվել է երկու բազմաբնակարան շենք՝ 36 սոցիալական բնակարանով և 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ։ Գյումրու ավագանու որոշմամբ` ծրագրի իրագործման նպատակով «Մուշ-2» թաղամասում տրամադրվել էր հողատարածք՝ մոտ 5800 քմ-ի չափով։
Ծրագրի երկրորդ փուլի իրագործման համար ևս համայնքը հողատարածք է հատկացրել հիմնադրամին՝ մոտ 3000 քմ-ի չափով։