UFC-ի թեթև քաշային կարգի ներկայացուցիչ, ադրբեջանցի Ռաֆայել Ֆիզիևը մեկնաբանել է դիվիզիոնի վերնախավում ստեղծված իրավիճակը՝ կասկածի տակ դնելով կազմակերպության վարկանիշային համակարգի տրամաբանությունն ու արդարությունը։
Մարտիկի դժգոհության պատճառը Ջասթին Գեյջիին ժամանակավոր չեմպիոնական գոտու համար մենամարտի հնարավորություն տալն էր Փեդի Փիմբլեթի դեմ։ Ֆիզիևի կարծիքով՝ նման որոշումը չի համապատասխանում վարկանիշային դասակարգմանը և անտեսում է առաջին համար Արման Ծառուկյանի դիրքը։
Խոսելով Ծառուկյանի մասին՝ Ֆիզիևը նշել է, որ վերջինս տիտղոսային մենամարտի չեղարկումից հետո հասցրել է հերթական հաղթանակը գրանցել՝ ցուցադրելով բարձր մակարդակի մրցելույթ։ Նրա խոսքով՝ Արմանը մշտապես ակտիվ է ու լիովին նվիրված է մարզական կյանքին՝ գրեթե առանց դադարի պատրաստվելով և մասնակցելով գոտեմարտերի։ Ֆիզիևը հատկապես ընդգծել է Դեն Հուկերի հետ մենամարտը՝ նշելով, որ դա պարզապես հաղթանակ չէր, այլ լիակատար գերակայություն մրցակցի նկատմամբ։
Ֆիզիևը չի թաքցրել, որ չի կարողանում հասկանալ UFC-ի որոշումների տրամաբանությունը, սակայն միաժամանակ ընդունել է, որ կազմակերպությունն առաջնորդվում է ոչ միայն մարզական չափանիշներով։ Նրա գնահատմամբ՝ Փեդի Փիմբլեթը մեծ երկրպագուական աջակցություն ունի, աչքի է ընկնում խարիզմայով և կարողանում է մեծ հետաքրքրություն առաջացնել, ինչը UFC-ի համար կարևոր գործոն է։
Այնուամենայնիվ, Ֆիզիևը շեշտել է, որ մաքուր սպորտային տեսանկյունից նման որոշումները հարցեր են առաջացնում և արժեզրկում վարկանիշային աղյուսակների նշանակությունը։