Օրերս իշխանական լրատվամիջոցները հեռախոսային հարցման արդյունքներ էին տարածում, որն իբր ցույց է տալիս, թե ինչքան գոհ են արցախցիները ՀՀ կառավարության սոցիալական ծրագրերից: Հարցումն անցկացրել էր Միջազգային հանրապետական ինստիտուտը եւ պարզել, որ հարցին, թե որքանով են քաղաքացիները գոհ կամ դժգոհ ՀՀ կառավարության սոցիալական օգնության ծրագրերից՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածներին, հարցվածների 55 տոկոսը գոհունակություն է հայտնել, դժգոհություն՝ 36 տոկոսը, իսկ 9 տոկոսը դժվարացել է կամ հրաժարվել պատասխանել։
Իր հայրենակիցների խնդիրներով զբաղվող արցախցի գործիչ Լիանա Պետրոսյանը բացահայտել է, որ հարցումներն արվել են ոչ թե տեղահանվածների, այլ տեղաբնակների շրջանում, եւ այդ մասին նշված է հարցման արդյունքներում: «Վերջիններիս պատկերացմամբ՝ կառավարությունն անսահմանափակ աջակցություն է տրամադրում արցախցիներին։ Սրա պատճառն էլ, բնականաբար, կառավարության կողմից պարբերաբար թմբկահարվող «լայնածավալ փոփոխությունները», «լավարկումները» եւ այլ «մեծածավալ» ծրագրերն են, որոնցից, չգիտես ինչու, տեղահանվածներս չենք օգտվում եւ չենք զգում դրանց դրական ազդեցությունը մեր մաշկի վրա»,- գրում է նա իր ՖԲ էջում:
Միջազգային հանրապետական ինստիտուտի մասին նա տեղեկություն չունի: Գիտի միայն, որ այս կազմակերպությունը պարբերաբար կառավարության ռեյտինգը բարձրացնելուն միտված, կառավարությանը գովաբանող արդյունքներ է հրապարակում: Ըստ Լիանա Պետրոսյանի, շատ փոքր է այն մարդկանց թիվը, որոնք գոհ են կառավարության ծրագրերից: «Մինչեւ հարցումներ չանենք, չենք կարող պնդել, բայց ամենօրյա ռեժիմով իմ շփումը տեղահանվածների հետ ցույց է տալիս, որ նրանք գոհ չեն։ Թե՛ փաստաթղթային քաշքշուկներից, թե՛ մանավանդ բնակվարձի ծրագրի դադարեցումից հետո չեմ կարծում, որ գոհ տեղահանված կգտնենք»,- ասում է զրուցակիցս: Կառավարությունը վերջերս ընդլայնեց բնակապահովման ծրագրով ընդգրկված բնակավայրերի՝ գյուղերի եւ քաղաքների ցանկը: Մի՞թե դրանից հետո չի ավելացել ծրագրից օգտվողների թիվը: «Ոչ, չի ավելացել, որովհետեւ, դրան զուգահեռ, այդ բնակավայրերում արհեստական գնաճ եղավ, այսինքն՝ մինչեւ էդ, երբ որ հրապարակային հայտարարություններ եղան, որ տվյալ բնակավայրերում 3 մլն-ի փոխարեն 4 մլն են տալիս, այդ բնակավայրերում անշարժ գույքի գները սկսեցին բարձրանալ»,- ասում է Լիանա Պետրոսյանը: Ըստ նրա՝ հիմա գյուղերում բնակարանների գները հասել են գագաթնակետին: «Մարդիկ իրենց բնակարանների գները բարձրացնում են՝ մտածելով, որ, միեւնույն է՝ առնելու են, որովհետեւ գնորդը պետությունն է: Եվ ինչի՞ց պետք է գոհ լինեին արցախցիները»:
«Առավոտ մի տուն եմ տեսել՝ 31 հազար դոլար։ Գնացել եմ գործի, եկել, ուզում էի զանգ տամ, տեսա՝ 39 հազար դոլար։ Զանգեցի, հարցնում եմ՝ խի՞ եք թանկացրել։ Պատասխանում ա՝ բա չե՞ք լսել՝ արցախցիների սերտիֆիկատը 4 մլն են սարքել։ Մի պահ սուս մնացի, էն, որ ասում ա՝ կոկորդդ խեղդում ա արցունքը, ու հանգիստ ասում եմ՝ ձեր գրպանն արցախցիների հաշվին մի հարստացրեք, կյանքը բումերանգ է... Անջատեց։ Ցավալի իրականություն»։ Սա արցախցի կնոջ՝ Մագա Էդուարդովնա օգտատիրոջ մեկնաբանությունն է: