Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ Չինաստանում գտնվելը դեռ չի նշանակում, որ նա ընտրություն է կատարել, նա իրեն եւ Հայաստանին դրել է աշխարհաքաղաքական թափառաշրջիկի դերում, որը չունի ո՛չ սկզբունքներ եւ ո՛չ էլ արժեքներ, որ որոշում կայացնի, թե հակամարտության որ կողմում է ինքը, գեղցի շուստրիի նման փորձում է ֆռռացնել բոլորին՝ ասելով՝ ձեզ հետ եմ, այդ ընթացքում փորձելով հասկանալ, թե հակամարտության կողմերից որ մեկն է հաղթելու, որ միանգամից թռնի հաղթողի կողմը եւ հայտարարի, որ ինքը դեռ մանկության տարիներից է եղել Արեւմուտքի կամ Արեւելքի կողմնակիցը, ինքը նախկին ճամբարի դաշնակիցը չէր, այլ՝ ընդամենը գերի, այնպես որ՝ հիմա էլ պատրաստ է նույն կարգավիճակով նրանց ծառայել:
Չինաստանում Սի Ծինփինի, Վլադիմիր Պուտինի եւ Նարենդրա Մոդիի հանդիպումը շատերն ընկալում են որպես նոր աշխարհաքաղաքական բեւեռի ծնունդ, որը պետք է հակակշիռ ձեւավորի ԱՄՆ-ի համաշխարհային միանձնյա գերիշխանությանը: Աշխարհի բազմաթիվ երկրներ իսկապես հոգնել են ԱՄՆ-ի գերիշխանությունից․ այս երկրի հետ կարող ես շփվել, սրա հետ՝ ոչ, հիմա թույլ ենք տալիս առեւտուր անել, հիմա՝ ոչ կամ՝ եթե առեւտուր ես անում, ուրեմն՝ մեր թելադրած գներով, եթե փորձես չհնազանդվել, մենք քեզ կպատժենք, խելոք եղիր եւ կապրես, եթե հնազանդ չես, ուրեմն կստիպենք հնազանդվել: Հարցը միայն հոգնելն էլ չէ, հիմա նրանք իրենց մեջ բավարար ուժ եւ համարձակություն են գտել՝ հակադրվելու ԱՄՆ գերիշխանությանը, համոզված լինելով, որ եթե իրենք կարողանան միասին լինել, դրանով ավելի հեշտությամբ կհաղթահարեն ԱՄՆ-ի, այսպես կոչված, պատժամիջոցները, որոնց գոյությունն արդեն նվաստացուցիչ է իրենց ինքնիշխան համարող երկրների համար, էլ չենք խոսում դրանք ընդունելը եւ ըստ դրանց գործելը: Աշխարհում տեղի է ունենում իրական ինքնիշխանության վերականգնման հեղափոխություն, երբ երկրներն ինքնիշխան են ոչ թե թղթով, որը նրանց տվել է ԱՄՆ-ը, այլ՝ իրականում:
Հիմա Փաշինյանն աշխարհի մոտ 30 երկրների ղեկավարներից մեկն է, որն ընդունել է Չինաստանի ղեկավարի հրավերը եւ մեկնել Շանհայ՝ դրանով ցույց տալով, որ ինքն այդ նոր ձեւավորվող դաշինքի կողմնակիցներից է, ինքը եւս ԱՄՆ-ի դեմ ըմբոստացած մեկն է: Բայց Փաշինյանը նույն հաջողությամբ 3 շաբաթ առաջ էլ մեկնել էր Վաշինգտոն եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թելադրանքով ու միջնորդությամբ ստորագրել էր Հայաստանով Թուրքիային եւ Ադրբեջանին միջանցք տալու մասին փաստաթուղթ, որը՝ ոչ ավել, ոչ պակաս, կոչվելու է ԱՄՆ նախագահ Թրամփի անունով եւ վերահսկվելու է ամերիկացիների կողմից, ըստ էության, ուղղված է լինելու այդ նույն Չինաստանի, Ռուսաստանի եւ Հնդկաստանի դեմ: Ամերիկացիները նպատակ ունեն աշխատեցնել Արեւելք -Արեւմուտք միջանցքը, իսկ վերոնշյալ երկրները՝ Հյուսիս-Հարավը: Հայաստանի հարավը հանձնելով ամերիկացիներին, Փաշինյանը նրանց հնարավորություն է տալիս՝ արգելափակել Հյուսիս-Հարավը: Որքան էլ Փաշինյանը խոսի խաղաղության խաչմերուկի, Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության մասին, դրանք ընդամենը բառեր են, եթե միջանցքը հանձնվում է ամերիկացիներին, եւ նրանք ինչ-որ պահի որոշեն, որ այն արգելափակելու են ռուսական, չինական կամ իրանական ապրանքների համար, ի՞նչ է անելու Հայաստանը` պատերա՞զմ է հայտարարելու ԱՄՆ-ին, որ վերահաստատի իր ինքնիշխանությունն այդ ճանապարհի նկատմամբ, Հայաստանի ուժային կառույցներին հրաման է տալու՝ բացե՞լ ամերիկացի օպերատորի կողմից փակված ճանապարհը:
Փաշինյանին թվում է, թե ինքն աշխարհի ամենաճարպիկ գործիչն է, որին միշտ հաջողվել է ֆռռացնել անգամ գերտերությունների առաջնորդներին եւ նրանց արանքում խուսանավելու շնորհիվ պահել իր իշխանությունը: Նա մե՛կ եվրոպամետ է եւ հայտարարում է, որ Հայաստանը պետք է անդամակցի ԵՄ-ին, կարգադրում է իր խմբակցությանը՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենք ընդունել, իսկ Ռուսաստանին եւ նրա բանակը հռչակում է Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք, մե՛կ թունդ ռուսամետ է եւ ՌԴ նախագահի հետ հանդիպումների ժամանակ խոսում է երկու երկրների միջեւ աճող առեւտրաշրջանառության եւ խիտ օրակարգի մասին, Ռուսաստանը եւ Հայաստանը հռչակում եղբայրական երկրներ: Իսկ երբ նրան հարցնում են, թե երբ է ինքը կամ Հայաստանը ընտրություն կատարելու ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ, պատասխանում է, որ դա կանի, երբ գա ընտրություն կատարելու ժամանակը, իսկ թե երբ է գալու այդ ժամանակը, նույնիսկ ինքը չգիտի:
Կարող են ասել, որ միայն Հայաստանը չէ այդ վիճակում, աշխարհի բազմաթիվ փոքր եւ միջին երկրներ չեն կարողանում կողմնորոշվել կամ եթե նույնիսկ կողմնորոշվել են, վախենում են դիրքորոշում արտահայտել, քանի որ ԱՄՆ-ն դեռ բավականաչափ ուժեղ է անհնազանդներին պատժելու համար, իսկ Չինաստան, Ռուսաստան, Հնդկաստան դաշինքն էլ բավարար չափով ուժեղ չէ՝ իրեն հարող երկրներին պաշտպանելու համար: Իհարկե, դա կա, եւ բազմաթիվ երկրներ են սպասման մեջ: Բայց Հայաստանը դրանց մեջ յուրահատուկ է, եւ այդ յուրահատկությունն ավելի է ընդգծում Հայաստանի իշխանության ողորմելիությունը: Մի՞թե կա մի երկիր, որը, լինելով ԵԱՏՄ անդամ, ԵՄ-ին անդամակցելու գործընթաց է սկսել, իհարկե, նման անսկզբունքայնություն նույնիսկ պատկերացելն է դժվար: Կա՞ մի երկիր, որը, լինելով ՀԱՊԿ անդամ, հրաժարվում է զորավարժություններ անցկացնել ՀԱՊԿ-ի հետ, բայց զորավարժություններ է անցկացնում ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների հետ։ Իհարկե՝ չկա։ Կա՞ մի երկիր, որը ՌԴ-ին համարում է եղբայրական երկիր, բայց աջակցություն է ցուցաբերում այդ եղբայրական երկրի դեմ կռվող Ուկրաինային՝ երբեւէ օգնություն չտրամադրելով եղբայրական հռչակված Ռուսաստանին:
Փաշինյանը, մեկնելով Չինաստան, ոչ թե հայտ է ներկայացրել՝ մասնակից լինելու ամերիկյան գերիշխանության դեմ պայքարող երկրների միությանը, ոչ թե ուզում է ցույց տալ, որ Հայաստանը մեկն է այն երկրներից, որը պատրաստ է պայքարել ամերիկյան գերության դեմ, այլ թերեւս միակն է, որն ասում է, որ եթե ձեզ հաջողվի հաղթել ԱՄՆ-ին, իմացեք, որ ես՝ որպես ամերիկյան նախկին հպատակ, առաջինը ձեզ գերի կհանձնվեմ: