Հարցազրույց

Եթե ես լինեի, կնզովեի` յոթը պորտով կպատուհասվեին. Տեր Ահարոն քահանա

Եթե ես լինեի, կնզովեի` յոթը պորտով կպատուհասվեին. Տեր Ահարոն քահանա

«Հրապարակի» զրուցակիցն է Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը:

- Գնդերեցները հրաժարվել են միանալ հակաեկեղեցական արշավին, 40-ից միայն երկուսն են համաձայնել միանալ հակաեկեղեցական արշավին: Իշխանությունը լուծարեց գնդերեցների ծառայությունը: Սա միայն եկեղեցո՞ւն ուղղված արշավի մաս է, թե՞ նաև բանակին է հարվածում:

-Դա արդեն նշանակում է, որ պայքարը կաթողիկոսի դեմ չի, եկեղեցու դեմ է: Իսկ գնդերեցներին գայթակղել են, ասում է, փողը տանք՝ ուրացիր: Հիշենք, թե Հիսուսին ինչեր էր ասում սատանան: Ասում էր, այս ամբողջ թագավորությունը քեզ կտամ՝ ինձ երկրպագիր: Հիմա իրենց առաջարկությունը սա է եղել, ասում են՝ մեզ երկրպագիր, մենք կտանք, քանի որ իրենք սատանայի ներկայացուցիչներն են: Գնդերեցները ահռելի գործ են արել բանակում: Ամեն մեկը մի ընտանիքից է գալիս․ շատ հայրեր իրենց զավակների մոտ ինքնահաստատվում են, տեսեք, պապան սրան այսպես արեց, այնպես արեց, երեխան այդ օրինակը յուրացնելով հասարակություն է մտնում: Հիմա, պատկերացրեք, տարբեր ընտանիքներից,  հայրերից տարբեր բաներ սովորած մարդիկ գալիս են բանակ ու միմյանց կողքի կանգնում: Այդտեղ պետք է մեկը, որ իրենց մեջտեղում կանգնած լինի, որ ոչ միայն բախում թույլ չտա, այլ նաև հոգևոր աջակցություն ցույց տա, Աստծո ճանապարհ ցույց տա, որովհետև Աստծո առաջ ծնկողը թշնամու առաջ չի ծնկի: Այսինքն, գնդերեցների ծառայությունը հանելով իրենք բարոյալքում են բանակը:

- Արդեն լուրեր են պտտվում, որ այս քայլից հետո բանակում կհայտնվեն տարբեր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որ զինվորների հետ աշխատեն:

-Այդ օրենքն իրենք ընդունել են, ես տեղյակ եմ, որ ցանկացած կրոնական կազմակերպության ներկայացուցիչ կարող է գալ և դառնալ բանակի հոգևոր սպասավոր: Կարծեմ, երկու քննություն են տալիս ու այդ քննությունների հիմքով իրենք դառնում են բանակի հոգևոր սպասավոր, դա հասկանալի խնդիր է, որովհետև սրանք լինելով թշնամու ներկայացուցիչը մեր Հայաստանի Հանրապետությունում, այսպես ասած, հինգերորդ շարասյան սպասարկուները, պիտի կազմաքանդեն բանակը: Բանակը ոչ մի ձև չի ստացվում կազմաքանդել, որովհետև այնտեղ կան սպաներ` նվիրյալ, զինվորը, որ հայրենիքի համար կանգնած է, միակ տարբերակը այդ զինվորին աղանդավոր դարձնելն է: Աղանդավորի խնդիրն ինչն է, որ թշնամու դեմ չի կարելի պայքարել: Երբ մարդը լինում է աղանդավոր, այլասերված, թմրամոլ, խաղամոլ, սորոսական, նա հայրենիք չունի, իր համար մեկ է, ինչ կլինի: Աղանդավորները հրաժարվում են զենք վերցնելուց, այն դեպքում, երբ Հիսուսն ասում է. «Սուր վերցնողը, սրով կընկնի»: Այսինքն, եթե քո թշնամին քո դեմ սրով է դուրս եկել՝ քո սրից պիտի ընկնի, այսինքն, դու պիտի պաշտպանես քո հայրենիքը, քո սրբությունները, թույլ չտաս, որ նա գա պղծի: Հիշենք, նախագահներից մեկի խոսքը, որ ասում էր՝ տասը հազարանոց բանակ ունենանք, թուրքերի հետ քիրվայություն կանենք, կապրենք: Հիմա տասը հազարանոց բանակ ինքը չի կարողանում ստեղծել, որովհետև բանակը 25 տոկոսով կրճատելուց հետո էլ  չդարձավ տասը հազարանոց, դրա համար իրեն պետք է բանակը աղանդավորներով համալրել, որպեսզի հրաժարվենք պայքարից:  Ինքը թշնամի է, ինքը թշնամական օրենքներ է ընդունում: Այդ ինքն է ասում խնդիրը կաթողիկոսն է, բայց այդպես չէ: Եթե այդպես է, բանակից գնդերեցներին ինչո՞ւ հանեց, եկեղեցականներին  ինչու՞ բանտեց, ինչո՞ւ է շինծու քրեական գործեր հարուցում. պայքարը եկեղեցու դեմ է, միակ ազգապահպան կառույցի դեմ է իր պայքարը: Այսպես ասեմ, դու ինձ հետ կռիվ ունե՞ս՝ ինձ հետ կռիվդ տուր, իմ ընտանիքի անդամների հետ ի՞նչ գործ ունես: Եթե դու մտնում ես ընտանիքի անդամների դեմ կռվի մեջ, նշանակում է կռիվդ միայն իմ հետ չի, իմ ընտանիքի դեմ է՝ եկեղեցու դեմ: Ինքը մեր թշնամին է: Հիշում եք, երբ խորհրդարանում պատգամավորներից մեկը հարցրեց, հնարավո՞ր է պատերազմ չլիներ: Ինքն ասեց, այո, հնարավոր էր, որ չլիներ, բայց այս նույն վիճակը կլիներ, ինքը փաստացի ասաց, որ պատերազմը պետք էր, որ այս վիճակը ստեղծվեր, այսինքն, ինքը փաստացի ասեց, որ ինքը թշնամու ճամբար անցած մարդ է: Ու այդ մարդը, քանի որ մեր երկիրն է ղեկավարում, դա հայի ամոթն է:

- Եպիսկոպոսներին Քննչական կոմիտե են կանչել, մեղադրանք են առաջադրել: Վեհափառի դեմ էլ քրեական գործ են հարուցել, իբրև թե դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար: Ենթադրվում է, որ այսպիսով Փաշինյանը փորձում է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը: Ինչո՞ւ է նա այդքան վախենում Եպիսկոպոսաց ժողովից:

- Ես երկու տեղ նամակ եմ ուղարկել, ասել եմ, որ արագ կազմակերպեն ու երկրից դուրս գան, որովհետև հրեշը թույլ չի տա, որ Եպիսկոպոսաց ժողովը լինի: Պատկերացրեք, հիսունից ավել եպիսկոպոս է հավաքվում, որոշում է կայացնում, եկեղեցու դեմ պայքարում սրա արածը ուղղակի զրոյանում է, այսինքն` վերջ, ավարտվում է ամեն ինչ: Ժողովի որոշումները թույլ չեն տալու իրեն որևէ այլ քայլ անել, դրա համար էլ սրբազանների դեմ շինծու քրեական գործերով արգելեցին երկրից դուրս գալը: Ստալինն ասում էր, եթե մարդը կա՝ հոդվածը կլինի: Ես պարզապես զարմանում եմ մի բանի վրա, որ եթե աշխարհի իշխանն իր իշխանությունն է բանեցնում, ինչի՞ մեր հոգևորականները իրենց իշխանությունը չեն բանեցնում: Եթե ես լինեի, կնզովեի, յոթը պորտով կպատուհասվեին: Մեր հոգևորականները իրենց իշխանությունը չեն բանեցնում, դե դրանք էլ առիթից օգտվելու են: Այս աշխարհում մի բան կա, դա մեր խոսքն է՝ Աստծո իշխանությամբ տրված, եթե մեր հոգևորականներն իրենց իշխանությունը չեն բանեցնում, դրանից առիթավորվում են սատանայի ծառաները: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image