Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը՝ ընդդեմ Հիսուս Քրիստոսի

Նիկոլ Փաշինյանը՝ ընդդեմ Հիսուս Քրիստոսի

Վերնագիրը կարող է չափազանցություն կամ նույնիսկ հերձվածություն համարվել, բայց եզրակացություն անելուց կամ գնահատականներ տալուց առաջ եկեք հարցին նայենք մի փոքր այլ տեսանկյունից: Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հրահանգում կալանավորել Հայ առաքելական սուրբ եկեղեցու բարձրաստիճան սպասավորներին` թեմերի առաջնորդներին եւ քահանաներին: Կարծում եք՝ միայն այն պատճառով, որ նրանք դե՞մ են իր իշխանությանը, կամ ՀԱԵ-ն պահանջել է իր հրաժարակա՞նը, եւ հիմա ինքը վրեժխնդիր է լինում այդ պահանջի համար կամ ուզում է կաթողիկոսի գահին նշանակել իր ենթականերից որեւէ մեկին, որը հնազանդորեն կծառայի իրեն: 
Հայ առաքելական եկեղեցի-իշխանություն հակամարտությունը սկսել է Նիկոլ Փաշինյանը, առաջին հարձակումը կազմակերպել է Փաշինյանը, նախաձեռնելով «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժումը։ Եկեղեցին տեղեկացված է եղել, որ շարժման հետեւում կանգնած է Փաշինյանը, եւ հրաժարականի պահանջն ընդամենը ինքնապաշտպանություն էր եւ ոչ թե նախահարձակ գործողություն: Փաշինյանը մի նպատակ ունի. հայ հասարակությանը համոզել, որ ինքն ավելի հզոր է, քան Հիսուս Քրիստոսը, եւ եթե ավելի ուժեղ է, ինքն ավելի շատ իրավունք ունի աստված կոչվելու, քան հենց Հիսուս Քրիստոսը։ Իսկ դա ցույց տալու այլ եղանակ, քան Եկեղեցու դեմ հարձակումն է, չկա:

Հայ առաքելական սուրբ եկեղեցին համարվում է Հիսուս Քրիստոսի եկեղեցին, ՀԱԵ սպասավորներն այդպես են ներկայացնում, եւ հավատացյալները հենց այդպես էլ ընդունում են՝ համոզված լինելով, որ Հիսուս Քրիստոսն է հիմնել Հայ առաքելական եկեղեցին, իր առաքյալների միջոցով: Փաշինյանը հերթով կալանավորել է տալիս ՀԱԵ թեմերի առաջնորդներին․ սկզբում՝ Տավուշի, հետո՝ Շիրակի, հիմա էլ՝ Արագածոտնի թեմի առաջնորդին: Նա հայ հասարակությանն ասում է․ տեսեք` իմ հրամանով կալանավորվել է Եկեղեցու երեք բարձրաստիճան սպասավոր, ես արդեն հինգ ամիս վիրավորում եւ զրպարտում եմ Ամենայն հայոց կաթողիկոսին, ոստիկանությանը եւ տարբեր ուժային կառույցների հրահանգում եմ՝ հարձակումներ իրականացնել Մայր Աթոռի, տարբեր վանքերի վրա, սպառնում եմ գրավել Մայր Աթոռը: Եթե ՀԱԵ-ն Քրիստոսի եկեղեցին է, ինչո՞ւ Հիսուս Քրիստոսն ինձ չի պատժում, ինչո՞ւ եմ ես ազատության մեջ, իսկ սրբազանները` ԱԱԾ նկուղում, ինչո՞ւ են իմ հրամանը կատարող ոստիկաններն անարգել հարձակվում եկեղեցականների վրա, եւ նրանց հետ ոչինչ տեղի չի ունենում, իսկ, ահա, հոգեւորականները ճնշված են եւ ահաբեկված: Ուրեմն կա՛մ ՀԱԵ-ն Հիսուս Քրիստոսի եկեղեցին չէ, կա՛մ ես ավելի ուժեղ եմ, քան Հիսուս Քրիստոսը: Եթե ես ավելի ուժեղ եմ, քան Հիսուս Քրիստոսը, ուրեմն ինչո՞ւ ինձ չեն աստվածացնում, այլ` նրան: 

Արդեն գրել եմ, որ Փաշինյանը ստեղծում է իրեն հնազանդորեն հպատակվողների եւ իրեն ծառայողների մի բանակ, որը պայմանականորեն անվանենք «Նիկոլի վկաներ»: Ինչպես ցանկացած այլ աղանդ, այս մեկն էլ՝ ինքնահաստատվելու համար, պետք է մերժի Եկեղեցուն, պետք է ցուց տա, որ ինքն ավելի ճիշտ է, ոչ միայն ճիշտ է, այլեւ՝ ավելի ուժեղ, քան նախորդները: Նիկոլ Փաշինյանն իր գործողությունների մեջ ինքնատիպ չէ: Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրադ Նիազովը, որն իրեն հռչակել էր Թուրքմենբաշի` թուրքմենների հայր, գրեց մի գիրք՝ Ռուխնամե, որը, ըստ էության, պետք է փոխարիներ Ղուրանին, քանի որ այդ գրքում նկարագրված էր, թե ինչպիսին պետք է լինի իսկական թուրքմենը, կյանքի տարբեր իրավիճակներում իրեն ինչպես պետք է դրսեւորի, կամ՝ ինչպես պետք է լուծվեն տարբեր կարգի վեճերն ու խնդիրները: 

Նիկոլ Փաշինյանը շատ չի տարբերվում Սափարմուրադ Նիազովից՝ թե՛ խելքով, թե՛ հակումներով: 2018 թվականին իր կողմից ստեղծված եւ ուղղորդվող «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման ողջ իմաստն այն էր, որ նոր Հայաստանին նոր կրոն է պետք, ավելի ճիշտ՝ նոր կուռք, եւ նոր հայրապետի տեղում Փաշինյանը տեսնում է հենց իրեն: Այն ժամանակ նա համեստորեն դրա մասին չէր արտահայտվում: 

Նոր հայրապետ հռչակվելու համար պետք է վերացնել մինչ հիմա գոյություն ունեցող կրոնը `քրիստոնեությունը, եւ բնական է, որ առաջին հարվածը հասցվում է Եկեղեցու սպասավորներին: Պատահական չէ նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը բռնազավթելուց հետո հրահանգեց կառուցել իր արձանը եւ այն շարունակում է պահպանել ու պաշտպանել: Իշխանության մնալու դեպքում նա հաստատ Հանրապետության հրապարակում կկանգնեցնի իր տեսքով արձան, իսկ եկեղեցիներում գտնվող Քրիստոսի եւ նրա առաքյալների նկարներով սրբապատկերները կփոխարինի իր եւ իր առաջ ծնկած ՔՊ վարչության անդամների նկարներով: Ուզում եք` կամավոր ընդունեք նոր հավատքը, եթե ոչ` կպարտադրեն:

ՀԳ. Նկատի ունեցեք, որ, այսպես կոչված, Տեր Արամը եւ մյուսները, ովքեր դեմ են դուրս եկել Ամենայն հայոց կաթողիկոսին, ըստ էության, Նիկոլ Փաշինյանին են համարում ամենակարող աստված եւ փրկիչ:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image