Թե պաշտոնական թղթի վրա ինչ են գրել, որ «Շողակաթ» հեռուստաընկերությունը լուծարում են, մի կողմ թողնենք։ Ինչպես Փաշինյանն է ասում՝ «մի ձև գտել են»։ Այդ ձևի մասին չեմ խոսելու, որովհետև պետական լծակները Փաշինյանի ձեռքին են, ոնց ուզում՝ հրահանգում է՝ «մի ձև գտեք»։ Իրական վարչական նպատակի մասին եմ խոսելու, որը քաղաքական բնույթ է կրում։ Եկեղեցին կրում է հայ ժողովրդի արժեքային համակարգը, ինքնությունը , այդ առումով այն իշխանությանը հարմար հանրային հարթակ չէ։ Իշխանությունը հանրային մեդիայից «մաքրում է» հայ ժողովրդի ինքնության, արժեքների հետ կապված հեռուստաընկերությունը։ Նա կտրում է Եկեղեցու ուղիղ մուտքը հանրային հեռարձակման դաշտ։ Եկեղեցին զրկվում է խոսքի իրավունքից հանրային եթերում։ Մինչ այդ էլ իշխանությունը սահմանափակել էր Եկեղեցու կրթական, մշակութային, խորհրդանշական ազդեցությունը։
Կարծում եմ՝ ի մի բերերելով այս իշխանության 8 տարվա արշավանքի արդյունքը, որի մեջ հայտնվել է հայ ժողովուրդը, կհասկանաք, որ նա Հայաստանի փոքրացման հետ համընթաց փոքրացնում է նաև Եկեղեցու ազդեցությունը։ իշխանությունը չի ցանկանում, որ այլ ինստիտուտ՝ հատկապես Եկեղեցին, ունենա կայուն, օրինական, հանրային լայն լսարան ունեցող հարթակ։ Այստեղ խոսքը Եկեղեցու ներկայության վերացման մասին է։ Հանրությունը պիտի միայն իրեն պետություն հորջորջող Նիկոլ Փաշինյանի օրակարգով շարժվի։ Հանրային եթերում միակ խոսողը ինքը պիտի լինի, որի խոսքի մեջ ազգային ազգային սուրբ արժեքների ոչ մի տարր չկա։ Ասել ու նորից պնդում եմ, Նիկոլ Փաշինյանի ձեռագրից ելնելով, նա Եկեղեցու վրա վերջնական արշավ սկսելու է տարեմուտին, երբ մարդկանց գլուխը խառը կլինի տարեմուտյան խոզազդրերով։ ՀԱԿ-ը հայտարարեց, որ դեկտեմբերի 28-ին ուխտագնացություն է կազմակերպելու դեպի Մայր Աթոռ։ Սա մեծ վտանգի դեմն առնելու քայլ է։ Կարծում եմ մյուսները ևս վտանգի դեմն առնելու ձև պիտի գտնեն։ Եթե իշխանությունը «ձև է գտնում» մեր Մայր Եկեղեցին քանդելու, արդեն բաց հայտարարում են, ժողովուրդը պիտի ձև գտնի՝ պաշտպանելու համար։ Նոր տարին չեկած՝ հարա՛մ է անում։ Կաթողիկոսը պիտի չօրհնի, չշնորհավորի հայ ժողովրդի Նոր Տարին։ Եթերում միայն ինքը պիտի լինի, ու մենք պարտավոր ենք իրեն լսել։ Ակամայից հիշում եմ Մեծն Շիրազի բառերը․
Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Հիմա այս վիճակն է։ Մի՞ թե մենք չմեծացանք այն մանուկն ենք, որ չենք հասկանում, թե ինչ է կատարվում։