Եվ ուրեմն, կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: 8-ամյա վաղեմության այս ապուշությունը, պատկերացրեք, այսօր շատ մոտ է իրականություն դառնալուն: Մի փորձեք ինձ համոզել, որ դրանք 8 տարի առաջ փողոցում ասված խոսքեր են, երբ նա դեռ հեղափոխություն էր անում, երբ դեռ պարզ չէր, թե ԱԺ-ն ում կընտրի վարչապետ: Այդ ժամանակ նա արդեն գիտեր՝ ով է ինքը, ովքեր են իրեն բերում իշխանության, ու նաեւ՝ որ իր վարչապետ դառնալն անխուսափելի է այլեւս: Իսկ թե ինչու նման հայտարարություն արեց՝ սա արդեն այլ հարց է: Ի՞նչ էր ուզում ասել դրանով:
Առաջարկում եմ, նախ, բիրդան վարչապետ դարձած այդ արարածի քաղաքական գիտելիքների մասին ձեր պատկերացումները ծալել ու դնել մի կողմ: Իմ համեստ կարծիքով՝ 8 տարի առաջ նա ուղղակի չէր կարող նման գիտելիքներ ունենալ, իսկ այդ գիտելիքների վրա հիմնված բառապաշար՝ առավել եւս: Հետեւաբար, խնդրո առարկա միտքը ես ավելի շուտ սադրանք կհամարեի, քան նորմալ մարդու հիպոթեզ, այսինքն՝ ենթադրություն, որն ապացույցի կարիք ունի, բայց եւ ժխտված էլ չէ:
8 տարի անց այդ սադրանքին (շանտաժին) անդրադառնալուս պատճառները մեկը, երկուսը չեն: Հիշեք, թե ինչ Հայաստան ստացավ նա 2018-ին եւ այսօր ինչ է թողել այդ Հայաստանից: Անհամեմատելի է: Շանտաժը, սակայն, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանի Հանրապետությունը վարչապետ չի ունենա, դեռ նստած է մարդկանց գլխում եւ դուրս չի գալիս: Այս վախի մթնոլորտը, որ տիրում է Հայաստանում, հենց դրա հետեւանքն է: Ինքը չլինի վարչապետ՝ պատերազմ կսկսվի, ինքը չլինի վարչապետ՝ խաղաղության համաձայնագրի վրա կարող ենք խաչ քաշել, ինքը չլինի վարչապետ՝ Թրիփը չի աշխատի, ինքը չլինի վարչապետ՝ կոռուպցիան չի վերանա, ինքը չլինի վարչապետ՝ Եկեղեցին ձեռից կգնա, ինքը չլինի վարչապետ՝ առողջապահությունը կվերանա, ինքը չլինի վարչապետ՝ Հայաստանում բարձրագույն կրթություն ու գիտություն չեն լինի… Մի՞թե ապուշություն չէ այս ամենը եւ շանտաժ: Օրերս էլ պարծեցել էր, թե ներգաղթ է սկսվել՝ առանց հասկանալու, որ ներգաղթը դեռ հայրենադարձություն չէ: Թիմի անգետիկներն էլ լցվել են Ֆեյսբուք, թե բա՝ եթե ինքը չլիներ, ներգաղթ չէինք ունենա: Լո՞ւրջ… Եվ ովքե՞ր են այդ ներգաղթյալները… Հո՞ղ եք նախապատրաստում հավելյալ տպագրված կեղծ անձնագրերով թուրքերին Հայաստան լցնելու համար: Դե, իհարկե, եթե ինքը չլիներ վարչապետ, ադրբեջանցիների վերադարձ «արեւմտյան ադրբեջան» տեղի չէր ունենա…
Շատ չերկարացնեմ: Ինքն ասել է՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստան չի լինի: Բանասերները, կարծում եմ, ինձ չեն մեղադրի հայերենին չտիրապետելու մեջ: Ուրիշ ի՞նչ կարող է նշանակել «կա՛մ ես կլինեմ Հայաստանի ղեկավարը, կա՛մ Հայաստանը ղեկավար չի ունենա»: Ինչպե՞ս է կոչվում այն երկիրը, որը ղեկավար չունի: Կա՞ այդպիսի երկիր, պետություն կամ դրա նման մի ուրիշ բան: Ոչխարներն էլ արդեն հավատում են նրա ցնդաբանությանը՝ արաաաաա, որ ինքը չլինի, Հայաստանը ոտով-գլխով կկորչի: Էլ չեն խորանում, թե ինչպես եղավ, որ մի կիսախելագար Հայաստանում դարձավ ղեկավար ու իրենց հասցրեց այս օրվան: Ինչ ուզում եք, ասեք Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակների մասին… Նման ծանր կացության մեջ հայ ժողովուրդը չի եղել, վախի այսպիսի մթնոլորտ չի եղել, որ մարդն իր իրավունքներից այսպես հրաժարվեր՝ չի եղել: Համատարած վախ եւ անտարբերություն իրավապահ համակարգի սանձարձակությունների հանդեպ… Հայը եզի հայացքով կհետեւե՞ր, թե ինչպես են քանդում իր հավատի տունը: Այսօր ոմանք լուռ դիտում են այդ ամենը ու դեռ մտքում էլ որոճում, որ եթե այդ արարածը չլինի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա:
Նոր ընտրությունների գնում ենք ծանր զգացողություններով: Կհաջողվի՞ ընդդիմությանը՝ կոտրել ինքզինքը ամեն ինչի սկիզբ հայտարարած շառլատանի այդ «միտքը», բացել հանրության աչքերն այդ մեծ ստի ու շանտաժի վրա եւ ապացուցել, որ եթե նա չլինի վարչապետ, ապա ամեն ինչ կընկնի իր հունի մեջ, եւ մենք թե՛ արժանապատիվ խաղաղություն կունենանք, թե՛ նորմալ իշխանություն եւ թե՛ նորմալ պետություն: Մարդկանց պետք է հանել այս էշացման վիճակից: Եվ ոչ միայն հասարակ մարդկանց: Այսօր ամբողջական պետական կառույցներ են այդ վիճակում՝ ուժային, տնտեսական, գիտա-մշակութային, ուսումնական, առողջապահական: Մեծահարուստների մասին էլ բան չկա ասելու: Հավայի փողի տոպրակների պես վեր են ընկել տեղները: Մարդ արդեն մտածում է, որ սրանք էդ փողերն աշխատել են այս վարչապետի շնորհիվ ու վախենում են կորցնել, եթե ուրիշ վարչապետ լինի: