Քաղաքականություն

Նիկոլենք երբ են ճիշտ բան ասել, որ հիմա ասեն

Նիկոլենք երբ են ճիշտ բան ասել, որ հիմա ասեն

Ինձ թվում է, որ մարդիկ արդեն մոռացել են, որ երկու-երեք շաբաթ առաջ «մեծարգո վարչապետ» Փաշինյանն ասում էր, ինքը բացելու է կոմունիկացիաները, բայց դա Բաքվում ներկայացնելու են որպես միջանցք: Նախորդ օրը Թուրքիայի նախագահ Էրդողանը հաստատել է, որ դա լինելու է հենց այն, ինչ իրենք հասկանում են «միջանցք» հասկացության ներքո: Սա էլ վկայությունը. «Չնայած սկզբում Հայաստանը դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այժմ այն ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրացիային մասնակցելու հարցում։ «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կբացի ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար»: ճկուն մոտեցումն էլ նշանակում է, որ եթե սկզբում «մեծարգոն» դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», հետո ստիպված է եղել համաձայնել դրան: Դա այն գինն է, որ Հայաստանը վճարելու է գործող իշխանության կողմից հակառուսականությունը որպես պետական քաղաքականություն շարունակելու դեպքում:

Իսկ նախկինում, չմոռանանք Ռուսաստանին էին մեղադրում միջանցքը վերցնելուց հետո այն թուրքերին հատկացնելու մեջ: Թեև եռակողմ հայտարարության մեջ նման բան նշված չէր, այլ նշված էր, որ կոմունիկացիաների վերահսկողությունն իրականացնելու են ռուսական հատուկ ծառայությունները: Նիկոլահպատակ «խելոքներին» թվում էր, թե ռուսներն առնվազն կա՛մ հիմար են՝ սեփական պետության շահը չգիտակցող, կա՛մ էլ առնվազն նիկոլանման են՝ դրան դավաճանող: Ինչևէ, Նիկոլն ավելի առաջ գնաց ու հայտարարեց, որ ոչ մի միջանցքի գաղափար էլ չկա: Իսկ եթե չկա նման գաղափար, ապա ռուսներն էլ վերահսկելու ոչինչ չունեն: Ու իրեն ու իր շրջապատի «խելոքներին» թվում էր, թե դրանով առհավետ փակվում է միջանցքի գաղափարը: Բայց Նիկոլը հաշվի չէր առնում, որ թշնամին, որի հետ ինքը փորձում է պայմանավորվել, եթե կարող է ինչ-որ բան պոկել Հայաստանից, ապա անպայման դա կանի: Ու ինքն էլ ստիպված կլինի կատարել Իլհամի պահանջը, որպեսզի խուսափի սահմանային հերթական սրացումից ու նույնիսկ պատերազմից:

Դա հենց այն է, ինչի առումով ինքը 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո անընդհատ վախեցնում է հասարակությանը: Այն պատերազմի, որում գերագույնը, Միրզոյան Արոյի ասելով, Նիկոլն է ու մենք էլ պետք է չշշկռվեինք այդ հանգամանքից: Ինչպես երևում է, ունենալով Թուրքիայի նախագահի աջակցությունը՝ Իլհամը հասել է իր նպատակին: Վերհիշենք, որ «մեծարգոյի» երկնած «իրական» Հայաստանի գաղափարախոսության 12-րդ կետում ասվում է, որ անկախությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելու մեջ է: Փաստորեն դա ընդամենը նշանակում էր մեկից կախվածությունը փոխարինել մեկուկես-երկուսից կախվածությամբ: Այսինքն, Ռուսաստանն ընդամենը փոխարինել Թուրքիայով կամ թուրք-ադրբեջանական զույգով: Եվ եթե ռուսական կախվածությունն իրականում անվտանգային ամպահովանի էր, թուրքականը կամ թուրք-ադրբեջանականը կլինի իրական կախվածություն: Ի դեպ, ի՞նչ եղավ Սյունիքում ՌԴ հյուպատոսությանը: Այն, որքան տեղյակ եմ, պետք է բացվեր երկուսուկես տարի առաջ, բայց աչքիս սպասում է իր «հերթին»: Մարզում արդեն բացվել են իրանականն ու ֆրանսիականը, իսկ ռուսականի հերթը չի հասնում: Ինչ մնում է պաշտոնական «հիմնավորմանը», թե Կապանի համայնքային իշխանությունը հարմար շինություն չի գտնում, ապա դրանից եփված հավի ծիծաղը կգար:

Վերադառնանք Էրդողանի հայտարարությանը: Դա սպասելի էր իսրայելական ագրեսիայից հետո Իրանի թուլացման պարագայում: Մեկ-երկու շաբաթ առաջ էլ Էրդողանը հայտարարել էր, որ Իրանը պետք է աջակցի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը՝ հաստատ նկատի ունենալով «Զանգեզուրի միջանցքի» հաշվի նիկոլական խաղաղաության պայմանագրի ստորագրումը: Չգիտեմ, թե Ստեփանակերտում ինչ են քննարկել Իրանի ու Թուրքիայի նախագահները, սակայն վերջինիս հայտարարությունը հաստատ լավ բաներ չի խոստանում: Հատկապես Էրդողանի նաև այդ խոսքի համատեքստում. «Թուրքիան ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները»: Վերհիշենք, որ շուրջ երկու շաբաթ առաջ Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողովում ընդունված՝Ադրբեջանի բոլոր պահանջները ներառող բանաձևին կողմ էր քվեարկել նաև իրանական կողմը: Իսկ Իրանը, չմոռանանք, միշտ դեմ էր խոսում միջանցքի գաղափարին: Որպեսզի նիկոլական ճկունությունն, ի վերջո, չհանգեցնի Սյունիքի կորստին, անհրաժեշտ է ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնն ազատագրել «մեծարգո վարչապետ» Փաշինյանից: Ու դա կատարել համաժողովրդական, այսինքն՝ «#մեր_ձևով»:

ՀԳ. ՀՀ ԱԳՆ-ից Էրդողանի հայտարարության առումով ասել են, որ նման բան չկա: Բայց Նիկոլենք երբ են ճիշտ բան ասել, որ հիմա ասեն:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image