Քաղաքականություն

Զարմանալի երազը

Զարմանալի երազը

Գիշերը զարմանալի երազ տեսա: Երազումս իմացա, որ «Ժողովրդավարության բաստիոնի» սահմանադրորեն անկախ քննչական մարմնի կողմից կանխվել է ահաբեկչական հարձակման և իշխանության զավթման փորձ: Պարզվում է, որ այդ ամենը 2024-ին ծրագրվել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և նրա կողմնակիցների կողմից։ «Բացահայտումն» էլ զարմանալիորեն կատարվել է մեկ տարի անց: Երազումս մտածեցի, որ եթե ես լինեի այդ երկրի գործադիր իշխանության ղեկավարը՝ շնորհակալություն կհայտնեի վերոնշյալ շարժման առաջնորդներին, որ նրանք մեկ տարի ոչինչ չեն ձեռնարկել: Ու սպասել են այնքան, որպեսզի քննչական կոմիտեն բացահատի իրենց ծրագրերը: Միաժամանակ, իմ առջև առաջնային խնդիր կդնեի ազատվել այդ կոմիտեի ղեկավարությունից, այսինքն՝ ղեկավարից ու նրա տեղակալներից, ովքեր մի ամբողջ տարի ոչինչ չեն իմացել այդ ծրագրի մասին: Որովհետև դժվար չէ պատկերացնելը, թե ինչ կարող էր պատահել այդ մեկ տարվա ընթացքում: 2022 թ.-ին ընթացքում ծնվել էր, օրինակ, 36375 անձ, մահացել՝ 26692-ը: 

Այդ մասին երազումս կիսվեցի իմ մի ընկերոջ հետ, ում չէի տեսել մի հարյուր տարի ու անունն էլ մոռացել էի: Թե ինչու հենց ինքը եկավ ինձ տեսության՝ դժվարանում եմ ասել: Ինչևէ, դառը սուրճ ըմպելով ու ռուսական ալիք նայելով (իրականում հազվադեպ եմ ընդհանրապես հեռուստացույց նայում)՝ փորձում էինք հասկանալ, թե ինչու «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը, նախ, ահաբեկչական հարձակումներ չի իրականացնել մեկ տարվա ընթացքում՝ չնայած ունեցել է նման ծրագիր: Չէ՞ որ ծրագրի առկայությունը նշանակում է, որ այն պետք է կյանքի կոչվեր: Եվ եկրորդ, ինչպե՞ս է իրականացրել իշխանության զավթման փորձը՝ եթե ահաբեկչական հարձակումներ չի կատարել: Որովհետև, որքան ինձ հայտնի էր իմ կարդացած գրականությունից, փորձի իրականացումը պետք է մտավոր հարթությունից տեղափոխվեր նյութական աշխարհ, որպեսզի այն հաջողվեր: Իսկ այն սահմանափակվել է ընդամենը թղթային տարբերակ մշակելով: Ինչը, բնական է, չէր հանգեցնելու իրական իշխանափոխության: Հիշենք, թե 2018-ին «դուխով» Նիկոլի ղեկավարությամբ ինչպես տեղի ունեցավ իշխանության զավթման հաջողված փորձը: 

Անանուն ընկերս, որ, ըստ ինձ հասած լուրերի, ակտիվ մասնակցել էր 2018-ի գարնանային իրադարձություններին, համաձայնեց ինձ հետ: Ու նույնիսկ անսպասելի վարկած առաջարկեց. «Իսկ եթե ոչ մի փորձ էլ չի եղել, ու թղթերն էլ մեքենագրվել են մեկ այլ վայրում՝ դրան ինչ կասես»: Անկեղծ ասած, երազումս խիստ զարմացա ու ինքս ինձ վրա բարկացա՝ ոնց կարող էի նման հասարակ վարկածն աչքաթող անել: Դե, իհարկե, դա կարող էր ներկայացվել Սրբազանին 2024 թվականի մայիս-հունիսին՝ երբ շարժումը ծավալվում էր: Իսկ ինքն էլ դրա կարիքը չզգալով՝ այդ թղթերը կարող էր գցել դարակն ու մոռանալ դրանց մասին: Այդպես պատահում է, չէ՞, որ տվյալ պահին ոչ անհրաժեշտ ինչ-որ բան դնում ես դարակն ու մոռանում դրա գոյության մասին ընդհանրապես: Ու դա կարող ես գտնել՝ երբ այլ բան ես փնտրում, ու զարմանալ, թե ինչ գործ ունի այն քո դարակում, ինչու ես այն պահել: 

Այդ հարցը ոնց որ թե լուծվեց: Բայց հետո հիշեցի Սրբազանի բնակվելու վայրում կատարված գաղտնի ձայնագրությունների մասին: Ի դեպ, որքան ինձ հայտնի է, դրա համար անհրաժեշտ է «ժողովրդավարության բաստիոնի» սահմանադրորեն անկախ դատական մարմնի որոշումը կամ  թույլտվությունը: Իսկ նման թույլտվություն կարծես թե չի եղել, այլապես իրական անկախ մամուլը կգրեր դրա մասին: Ինչևէ, չշեղվենք, ասացի ընկերոջս ու շարունակեցինք քննարկել ձայնագրություններում հնչող Սրբազանի խոսքը: Չգիտես ինչ ենթագիտակցական մղումով հիշեցի, որ իրական կյանքում ձայնագրություններից մեկի առումով ինքս էի բացահայտել, որ վերջինիս խոսքում առկա է այնպիսի բացթողում, որը հուշում է արհեստական բանականության կողմից սարքվելու մասին: Արդեն ուզում էի բողոքել, թե ԱԲ-ն ինչու չի կարողանում գլուխ հանել հայերենի շարադասությունից, երբ զգացի, որ լսում եմ նոր, սակայն շատ վաղուցվանից ծանոթ մի երևույթի մասին: Անանուն ընկերս այդ պահին ասում էր, որ այդ ձայնագրություններից մեկում, ըստ «Հրապարակի» հրապարակման,կա մի պատառիկ, որի սկզբնական մասը դեն է գցվել և պահպանվել է վերջնամասը: Սկբնական մասում խոսվում է մեր հայրենիքում ոմանց կողմից թմրանյութերի վաճառքի մասին, որին Սրբազանը արձագանքում է, որ դրանց գյուլլելը քիչ է: Եվ ավելացնում, որ նույնիսկ իրենց հարազատները շնորհակալ կլինեն դրա համար. հա, ավելացված մասն էլ էր դեն նետված: Ու այնպես է մոնտաժված, որ խոսքը կարծես թե իշխանություններին գյուլլելուն է վերաբերում: Ու հենց այդ մասն էլ իշխանական խառնամբոխն անընդհատ օգտագործում է Սրբազանին մեղադրելիս: Էն հոգևոր անձին, որի բերանից որևէ վատ բառ չէր լսվել: Ու հենց այդ պահին զարմանահրաշ երազը լքեց ինձ:

ՀԳ. Արթնանալուց հետո մտածում էի, թե, ինչու չէի հիշում ընկերոջս անունը, ինչու էր ինքն անանուն: Ու հասկացա, որ 2018-ի բռնի իշխանափոխության ակտիվ մասնակիցների մեծ մասն այսօր ամաչում է իր կատարած քայլի համար: Ու, բնականաբար, կցանկանար դրա մասին մոռանալ թե՛ ինքը և թե՛իր շրջապատը: Ինչ մնում է ինձ, ակտիվ չեմ մասնակցել առողջական խնդիրների առումով, բայց որպես ընդդիմադիր ողջունել եմ այն:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image