Իհարկե, ողջ հանրապետությունում են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններն ավելացել եւ հատկապես` հրազենի կիրառմամբ հանցագործությունները: Սակայն կան մարզեր, որտեղ աճը քիչ է, իսկ կան համայնքներ, որտեղ աճն ու կրիմինալ մթնոլորտը տագնապեցնող են:
2025 թ․ սեպտեմբերի 23-ին Մերձավան գյուղում տեղի ունեցած զինված հարձակման հետեւանքով սպանվեցին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը եւ ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Դեպքի հետեւանքով վիրավորվել էր նաեւ երրորդ անձ` Արծրուն Գալստյանը, որի կյանքը հաջողվեց փրկել։ Հանցագործությունը կատարվել էր բաց տարածքում, մի անձ մոտեցել էր մեքենայի մոտ կանգնած երեք անձանց եւ կրակահերթ բացել նրանց նկատմամբ, սպանել երկուսին, վիրավորել` երրորդին։ Տեղում մահացածներից մեկը համայնքի ղեկավարն էր, որն ընդամենը մի քանի ամիս առաջ էր փայլուն հաղթանակ տարել ՔՊ-ի նկատմամբ։ Դաժան սպանությունը փոթորկեց երկիրը, անմիջապես քրեական գործ հարուցվեց։ Մի քանի օրից կալանավորվեցին Մերձավանի երկու բնակիչ` Նարեկ Օհանյանն ու Գեւորգ Հարությունյանը:
Նարեկ Օհանյանը փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է, մյուս կալանավորվածը՝ Օհանյան եղբայրների ընկերը: Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու, իսկ Գեւորգ Հարությունյանին՝ սպանության, սպանության փորձի եւ զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով:
Թվում է՝ ոստիկանության, ներքին գործերի նախարարության ուշադրությունը գոնե այս դեպքերից հետո պետք է կենտրոնանար Մերձավանի վրա, որ վենդետա, հաշվեհարդարներ, նոր հանցագործություններ տեղի չունենային: Սակայն սպանությունից կարճ ժամանակ անց Մերձավանում տեղի ունեցան նոր անկարգություններ եւ ծեծկռտուք՝ կապված հնարավոր վրեժխնդրության կամ հուզական ֆոնի հետ։ Դեպքն իրավապահների կողմից գնահատվեց որպես խուլիգանություն։ Միմյանց հետ ծեծկռտուքի մեջ էին մտել Մերձավանի 2 կլանները՝ Ախտոյանները եւ Գրիգորյանները, ձերբակալվել էր ամեն կողմից 7 անձ, սակայն նրանցից միայն 3-ի նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել։ «Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով»,- մեզ հայտնեցին Քննչական կոմիտեից։
Իրավապահները հոկտեմբերի 8-ին էլ Մերձավանում մեծամասշտաբ խուզարկություններ էին իրականացրել՝ 30-ից ավելի հասցեներում։ «Վերջին սպանություններով պայմանավորված՝ Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում ոստիկանությունն օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, Քննչական կոմիտեի գործընկերների հետ 30-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվել»,- նշել էին ՆԳՆ-ից։
Խուզարկությունները կատարվել էին սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում եւ կապ չունեին Վալոդյա Գրիգորյանի սպանության գործի հետ։ Այս վարույթի շրջանակում մեկ անձ էր ձերբակալվել, որի տնից զենք էին հայտնաբերել։ Իրավապահ համակարգից մեզ փոխանցում են, որ ոստիկանությունից ՔԿ հաղորդում է ստացվել, թե սպանություն է նախապատրաստվում, կոնկրետ անուններ չէին տվել, դրան հետեւել էին խուզարկությունները։ Եվ, մեր տեղեկություններով, ձերբակալված այդ միակ մերձավանցուն օրերս բաց են թողել։ Դե, զենք պահող, խուլիգանություն անող, համայնքի անդորրը խախտող քաղաքացին հոգեւորական չէ, ոչ էլ հայտնի մեծահարուստ բարերար կամ քաղաքական ընդդիմախոս, որ ամիսներով բանտում պահեն:
Ի՞նչ է ստացվում․ Մերձավանի հետ կապված այժմ կա 3 քրեական վարույթ՝ Վալոդյա Գրիգորյանի եւ նրա ընկերոջ սպանության, խուլիգանության եւ սպանության նախապատրաստման վերաբերյալ։ Ըստ ամենայնի, քրեական շղթան դեռ երկարելու է, նոր ձերբակալություններ եւ հետապնդումներ կլինեն։