Կառավարությունից տեղեկացնում են, որ Փաշինյանն արձակուրդը երկարացրել է մինչև օգոստոսի 15-ը: Այս առիթով ո՛չ տխրելու, ո՛չ ուրախանալու պատճառ չկա: Իմ կարծիքով… Նա եթե արձակուրդում չէ, ապա մի վատ բան պատահում է, եթե արձակուրդում է, էլի վատ բան է պատահում: Հիմա ես ինչի՞ վրա ուրախանամ, արձակուրդը երկարացնելո՞ւ: Արձակուրդի մեջ չէ՞ր, որ հայտարարեց, թե առաջնորդելու է Վեհարանի ասպատակությունը: Եվ կամ կառավարության նիստ վարելիս, երբ իբր արձակուրդում չէր, քանի՞ անգամ վատաբանեց մեր Եկեղեցին՝ չուլան ա, չգիտես ինչ ա, սուննաթած ա, սուննաթած չի… Տարբերությունը ո՞րն է: Ասին՝ աշխատանքային այցով մեկնել է Ալթայի հանրապետություն, կնոջն ու դստերն էլ հետն է տարել: Չկարծեք, թե լավ օրից է ընտանիքի անդամներին հետն հասցրել Ալթայ: Ուզեցել է ասել ես այնքան եմ վստահում մեր ռուս գործընկերներին, որ, ահավասիկ, կնոջս ու դստերս հետ եմ շրջագայում նրանց երկրում: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ Ալթայում, երբ Փաշինյանը, այսպես ասեմ, աշխատանքի մեջ էր: Ալթայում շատ վատ բաներ են տեղի ունեցել, բարեկամներ, շատ վատ: Այնքան վատ, որ այստեղ գրելու չէ: Է՜ Սիբիրներում կորած մի տեղ Փաշինյանը վեր է կենում ու շնորհավորում Ուկրաինայի նոր վարչապետին, որին, ի դեպ, նշանակել է Զելենսկին, այն Զելենսկին, որ, ընդդիմության ցույցերից վախեցած, սկսել է զիջումների գնալ:
Արևմուտքն, առնվազն չէր շնորհավորել՝ ԱՄՆ-ը, Անգլիան, Ֆրանսիան… Բայց Նիկոլը շնորհավորեց: Գոնե ճանաչո՞ւմ էր Ուկրաինայի նորանշանակ վարչապետին: Բա պարզ չէ՞ր, որ Ալթայում Նիկոլին ուսուրական վագրի փայ կդարձնեին, եթե այդ վարչապետը ռուսների սրտով չլիներ: Էլ չիմացա դրանից հետո Նիկոլի մասին ինչ մտածեցին նրա արևմտյան պարտնյորները, բայց մի բան պարզ էր, որ Ալթայում Նիկոլի կյանքը մազից է կախված եղել: Էն ո՞նց էր ընկել Միշուստինի ոտքերի տակ, թե բա ինչ էլ լինի՝ մենք ԵԱՏՄ-ից դուրս չենք գալու: Նրա այս հայտարարության օգուտը ո՞րն է, կարո՞ղ եք ասել, եթե նա մի քանի օր առաջ ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Էրդողանին ու Ալիևին էլ բան չմնաց, որ չխոստանար: Այնքան էլ շուստրի էր, որ իրեն թվում էր՝ ռուսներն էդ արտապատվիրակել բառը չեն հասկանա ու կծափահարեն իր նոու-հաուին: Բայց՝ ոչ… Ռուսները ոչ միայն «բիթի» էին, այլև, Մանվելի ասած, այնպես «ձեռք տվին» Նիկոլի հետույքին, որ սա րոպեների մեջ ուրացավ թե ԱՄՆ-ին, թե ԵՄ-ին, թե Էրդողանին և թե Ալիևին տված խոստումներն էլ, «արտապատվիրակել» բառն էլ միջանցքն էլ: Մի հատ Եղոյան ունեն… Նիկոլը դեռ Հայաստան չհասած՝ սա հայտարարեց, թե «հայկական կողմը» մերժել է միջանցքի կառավարումը ամերիկացիներին փոխանցելու (արտապատվիրակելու) գաղափարը, քանզի ինքնիշխանության հարց է ծագում, հասկանում ես: Ես չեմ կարծում, թե պատճառը Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն էր՝ միջանցքի վրա հայի երես չտեսնելու մասին: Ալիևն ավելի վատ հայտարարություններ էլ է արել, բայց Փաշինյանը բավարարել է դրանք: Այս անգամ Փաշինյանը հարցը «ռեբրոմ» դրեց՝ միջանցքի վերահսկողությունը ամերիկացիներին չենք հանձնի: Ինչո՞ւ… Որովհետև, ինչպես ասացի, Փաշինյանը աշխատանքային այցով Միշուստինի մոտ էր:
Փաշինյանն Ալթայից վերադարձավ գրեթե «պայծառակերպված», բայց աշխատանքի չգնաց, այլ երկարացրեց արձակուրդը: Ընդդիմության և հավատավոր հայության «վատ սպասելիքները» չարդարացան՝ Փաշինյանը ոչ շաբաթ, ոչ կիրակի չարշավեց Վեհարանի վրա: Ավինյանի՝ ուղղաթիթով Սևան թռչելու ֆոնին, նա համեստ այց կատարեց Ենոքավան, որտեղ ձի քշեց՝ իր արևին այդպես նշելով Վարդավառը: Բավականին հանգիստ տեսք ուներ, ոչինչ չէր հուշում ներքին խռովքի մասին:
Ըստ երևույթին դա նրան էր փոխանցվել հայրենի սարերում կյանքը վայելող երիվարից, որի համար էական էլ չէր, թե ով է նստած իր մեջքին: Հարցը, սակայն, սա չէ: Կառավարությունից հաղորդել են, որ Փաշինյանն արձակուրդը երկարացրել է մինչև օգոստոսի 15-ը: Ի՞նչ կանի նա այդ օրերին, ոչ ոք չգիտի: Փոշմանե՞լ է, արդյոք ՀԱԵ-ի դեմ իր տխրահռչակ ասպատակությունների համար, արդյոք այդ օրերը չի՞ վատնի Վեհարանի դեմ իր «բարբարոսա» պլանի մշակման և իրագործման վրա: Սա է, որ ինձ թույլ չի տալիս գոնե մի թեթև շունչ քաշել այն բանի գիտակցումից, որ Նիկոլի երեսը էլի մի կես ամիս չեմ տեսնի: Թե բա՝ Վարդավառը մեր տոների տոնն է… Տո դրան էլ եմ համաձայն, միայն թե մի տեղ սթրվիր, մինչև տեսնենք ինչով է վերջանում այս ողջ տրագիկոմեդիան՝ միջանցքից մինչև ապօրինի կալանքներն ու Սամվել Կարապետյանի «կուլակաթափությունը»:
Հ.Գ. Փաշինյանի և Աննայի հետ հեծանիվ քշողները, տարակուսած, հարցնում են միմյանց՝ այդ ի՞նչ տեղի ունեցավ Ալթայում, որ Փաշինյանը, փոխանակ իր «ասֆալտած մայրուղիներում» հեծանիվ քշելու, ձի էր քշում Ենոքավանում: «Պայծառակերպության» հարց է, պարոնայք հեծանվորդներ, դուք ձեր հեծանիվները միառժամանակ պետք է կախեք պատից, քանզի ձիավարությունն է այս պահին նորաձև: Պուտինը, ի տարբերություն Ջոնսոնի, Թրյուդոյի, Սահակաշվիլու և մնացած «հեծանվորդների», սիրում է ձի նստել… Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխության մասին հայտարարելու ավելի լավ ձև Նիկոլը չի գտել, փաստորեն:
Էդիկ Անդրեասյան