Երեկ, ուշ երեկոյան հանրությունը հատկապես զարմացավ այն փաստից, որ սահմանամերձ գյուղերում պատերազմի խորհրդանիշ ու հողեր հանձնելու մեծ վարպետ ՔՊ-ն ընտրությունների արդյունքներով առաջատար դիրքերում է: Մասնավորապես հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին Տավուշի Կիրանց եւ Սյունիքի Ներքին Հանդ գյուղերը: Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով Կիրանցից տարածքներ են հանձնվել Ադրբեջանին, անգամ բնակելի որոշ տներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչի արդյունքում որոշ կիրանցեցիներ լքել են իրենց պատկանող տներն ու պետության կողմից տրամադրված միջոցներով այլ տներ են կառուցում, իսկ ադրբեջանական դրոշները հայտնվել են մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: Դե իսկ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում Ադրբեջանն այնքան առաջխաղացում է ունեցել, որ տեղի բնակչությունն անգամ չի կարողանում այցելել գյուղի գերեզմանատուն կամ մահացողներին հուղարկավորել պապենական գերեզմանատանը, քանի որ այն գտնվում է ադրբեջանական զինուժի տնօրինության տակ, եւ ամեն վայրկյան հայատյաց ադրբեջանցիները կարող են կրակել կամ պատանդ վերցնել հայկական բնակչությանը:
Կիրանցեցի Անդրանիկ Նազարյանը «Հրապարակի» հետ զրույցում պատմեց, որ Կիրանցի բնակիչների մեծամասնությունը չի քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, Կիրանցում Փաշինյանին օգնության են հասել սահմանապահ զորքերի ներկայացուցիչները եւ ինչ-որ մարդիկ, ովքեր գրանցված են Կիրանցում, սակայն չեն ապրում այնտեղ, իսկ նրանցից ոմանք անգամ Կիրանցի տեղն էլ չգիտեին՝ նախքան ընտրության օրը։ «Նախ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի մոտ ստացվել է որոշներին կաշառել ինչ-որ տներ կառուցելու ծրագրերով, թոշակի բարձրացմամբ եւ այլն, սակայն Կիրանցում քվեարկած մի շարք ընտրողներ ոչ մի կապ չունեն Կիրանցի հետ: Կիրանցում ընտրություններին մասնակցել են սահմանապահ զորքերի ներկայացուցիչները եւ այնպիսի մարդիկ, ովքեր գրանցված են Կիրանցում, սակայն ապրում են այլ վայրերում, օրինակ` Իջեւանում եւ այլն: Իմ ունեցած տեղեկություններով` մոտ 60 սահմանապահ զորքերի ներկայացուցիչ է Կիրանցում քվեարկել` լրացուցիչ ցուցակով: Եթե քվեարկությանը մասնակցածներից 60-ը սահմանապահներն են, 40-50-ը՝ այլ տեղերում ապրող մարդիկ, էլ ինչպե՞ս է ստացվում, որ Կիրանցն ընտրել է իրենց: Իհարկե, Կիրանցում Նիկոլով հիացած մի քանիսը կան, այնպես չէ, որ ընդհանրապես չկան, բայց նրանք հաստատապես մեծամասնություն չեն կազմում»,- մեզ պատմեց Անդրանիկ Նազարյանը:
Իշխանությունները եւ նրանց ծառայող Գեղամ Նազարյանը, որը ծնունդով Կիրանցից է, հիացած են այն հանգամանքով, որ Կիրանցը ՔՊ է ընտրել, որ գնահատել է իրենց բերած «խաղաղությունը» եւ այլն։ «Դուք նո՞ր եք ճանաչում այս ստախոսներին: Ստում են: Ասեմ, որ շատերին էլ վախեցրել են, որ եթե Նիկոլին չընտրեք, պետական ծրագրերով կառուցված տները պետությունը հետ է վերցնելու ժողովրդի ձեռքից եւ այլն, եւ այդ ամենը գյուղացու վրա մեծ ազդեցություն է թողնում»: Գուցե Գեղամ Նազարյա՞նն է այդ լուրերը տարածում։ «Երեւի, նա ինձ համար արհամարհելի մեկն է, ես նրան անգամ բարեւ չեմ տալիս: Աստծո բարեւն էլ է նրա համար շատ, Գեղամից ամեն ինչ սպասելի է»: