Մասիս համայնքի ղեկավար, ՀՀԿ-ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացվեց գրավը և որպես խափանման միջոց կիրառվեց կալանք, ասել է, թե Համբարձումյանը միանգամից բանտ ուղարկվեց։ Քրեական դատարանների խոսնակը մեր հարցին ի պատասխան ասաց, որ դատավճիռը կայացրել է դատավոր Ժորա Չիչոյանը։
Վերջինս, հիշեցնենք, առաջին ատյանի դատարանների նախագահ Մնացական Մարտիրոսյանին է փոխարինում, երբ վերջինս արձակուրդում է լինում կամ գործուղման մեջ։
Ժ. Չիչոյանի անունը լրատվամիջոցների ուշադրությունը գրավեց աղմկահարույց մի շարք դատավարություններից հետո, նաև՝ դատավորի ընտանեկան ու բարեկամական կապերի շնորհիվ։ Ժորա Չիչոյանի հորեղբայրը` Սերգեյ Չիչոյանը, ԲԴԽ անդամ էր, այժմ՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր, հայրը` Արմեն Չիչոյանը Շիրակի մարզի դատախազն է։
ՀԳ: Մեզ ասացին որ եթե դատավճիռը լիներ 6 տարի, Դավիթ Համբարձումյանը համաներման տակ կընկներ ու կազատվեր պատիժը կրելուց, բայց դատարանը հատուկ հաշվի չի առել ոչ Մասիսի քաղաքապետի 4 անչափահաս երեխաների հանգամանքը ոչ այլ մեղմացուցիչ հանգամանքներ և այդ հոդվածով մաքսիմալ 7 տարի ազատազրկումից հատուկ 6 տարի երեք ամիս է տվել ու փոխել խափանման միջոցը, որ մինչև ընտրություններ նա նստած լինի: