«Այսօր միանշանակ է մի բան, որ այս իշխանությունները պետք է հեռանան։ Ցավալիորեն, ուրիշ ոչ մի կոմպրոմիսային տարբերակ չկա, որովհետեւ ամեն ինչ արվում է ի հակակշիռ մեր ինքնության, ազգության, հայրենիքի եւ հողի»,- ասում է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանն ու անդրադառնում սահմանազատման աշխատանքներին, որոնք իրականացվում են առանց նորմալ իրազեկման, ճշգրիտ քարտեզների եւ միջազգային մասնակցության։
«Ես չեմ ընկալում՝ սա ի՞նչ սահմանազատում է, այսինքն՝ ինչ ուզեց, տալո՞ւ են, դե, Երեւանն էլ են ուզում․․․։ Այս պայմաններում, երբ հարեւան կոչվածը մեզ թշնամի է անվանում, մենք անընդհատ խոսում ենք խաղաղությունից։ Ես այս ստորացված, ընկճված վիճակին չեմ դիմանում ու հարմարվում։ Ես իմ էությամբ միշտ ըմբոստ եմ եղել եւ ես իմ ազգին այսքան ստորացված, ընկճված չեմ ուզում տեսնել։ Իրենք պետք է հեռանան, եթե իրենց մեջ գոնե մի քիչ հայի արյուն կա, հայրենիք կա, պետք է գնան, այսինքն՝ պետք է բանակցողը փոխվի, մեր գերխնդիրը պետք է սա դառնա։ Թե չէ՝ Հայաստանն իրենց համար Արեւմտյան Ադրբեջան է, Երեւանը՝ Իրեւան, եւ ամենացավալին այն է, որ իրենք գնում են առաջ, մենք էլ դռները բաց սպասում ենք։ Այնպիսի բաներ են կատարվում, որ ուղղակի չի տեղավորվում ոչ մի չափանիշի մեջ»,- ընդգծում է Լ․ Արզումանյանը։
Այն, որ այսուհետ մեր անվտանգության երաշխավորը սահմանային սյուներն են ու դրանց լեգիտիմ լինելը, Լ․ Արզումանյանը համարում է մառազմ։ «Այսպես չի կարելի, թուրքը հարյուր տարվա թուրքն է։ Մե՛կ դա չեմ հասկանում, մե՛կ էլ ժողովրդի այն հատվածին, որ դեռ պաշտպանում են նրան։ Ոչ մի կերպ չեմ կարողանում դա ընկալել։ Էլ ի՞նչ անի այդ մարդը, որ հանրությունը հասկանա՝ չի կարելի այսպես շարունակել։ Ես չեմ հասկանում նաեւ, որ բանակը լուռումունջ՝ գլուխները կախ, հանձնում է հողերը։ Եվ փոխանակ հրաժարական տան, ընդունում են գեներալների կոչումներ։ Մեր շուրջը զարհուրելի բաներ են կատարվում, ամենավատ երազում անգամ մենք չէինք կարող այդ ամեն ինչը պատկերացնել»։
Մեր զրուցակիցն անդրադառնում է նաեւ եկեղեցու դեմ տարվող արշավին․ «Անընդհատ ասում ենք, որ մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք, բայց արդեն հասել ենք նրան, որ դեմ ենք դուրս գալիս նաեւ եկեղեցուն։ Եթե մենք սա ենք, ուրեմն շուտով կարող է նաեւ դադարենք գոյություն ունենալ որպես պետություն, եթե հայ ժողովուրդը դարձել է այնպիսին, որ ոստիկանական շարքերով փակում են կաթողիկոսի ճանապարհը, երբ մեր ոստիկանները ծեծում են հայ տղաներին, որոնք պահում են իրենց հայրենիքը, ուրեմն մենք այլեւս չպետք է ապրենք, եւ մեր վերջը եկել է։ Այս ամենը ես ընկալում եմ գերլարված ու բաց նյարդերով, այս իրավիճակում էլ ո՞նց պետք է քեզ զգաս։ Ամեն օր լույսը բացվում է, ու ես ասում եմ՝ ապրեմ, որ տեսնեմ՝ իմ հայրենիքը չի կործանվում, ու այդպես՝ ինձ նման շատերը»։
Լ․ Արզումանյանը հույսեր է կապում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ․ «Ես ուզում եմ, որ մեր եկեղեցին առաջնորդի, բայց նաեւ վախենում եմ մեր շուրջը տիրող հանրային դրսեւորումներից, նայում ես սոցիալական ցանցերում մարդկանց գրառումներին ու հասկանում ես, որ մեծ մասը ֆեյքեր են, դրանց մեծամասնությունն էլ՝ կանայք։ Խելագարվում եմ, իսկ դրանք հայ մայրեր են, որոնք երեխա ունեն։ Երբեմն աչքերս փակում եմ ու ասում եմ՝ մենք 88-ի ժողովո՞ւրդն ենք։ 30 տարին այդքան մեծ ժամանակահատվա՞ծ էր, որ կարելի էր այս աստիճան ապականվել։ Հիմա երբեմն ինձ թվում է, որ Հիսուս Քրիստոսն էլ իջնի, մեր ազգն իրեն նորից կխաչի։ Ինչ-որ սարսափելի բան է կատարվում, բայց մի քիչ հույս ունեմ եւ հավատում եմ թե՛ այս շարժմանը, թե՛ նրա առաջնորդին։ Ամենակարեւորը՝ ուզում եմ հավատալ, որովհետեւ ասում են, չէ՞, հույսը վերջում է մահանում։ Եվ հույսն ու հավատը մեր վերջին հանգրվանն են, որից պետք է բռնվենք՝ չխեղվելու համար։ Ուզում եմ, որ մեր ազգի գիտակցությանը հասնի, որ դրությունը լուրջ է, եւ մենք կործանվում ենք, ու եթե առաջ ասում էինք՝ անդունդի եզրին ենք, մենք հիմա անդունդի մեջ ենք, մնում է հողով մեզ փակեն։ Ու ամենաողբերգականը՝ որ մենք ենք մեզ փակում, այդ հողը մենք ենք մեզ վրա լցնում։ Սա անհասկանալի ու աններելի բան է, մեր պատմության մեջ դառը էջեր, դժվար օրեր շատ ենք ունեցել, բայց ամոթալի էջեր՝ շատ քիչ։ Սա մեր պատմության ամոթալի էջն է, որ մենք ենք մեր, մեր ինքնության, մեր կրթության դեմ կռիվ տալիս։ Մենք այնպիսի բաներ ենք հայտարարում ու անում, որ ուղղակի աններելի է։ Ինչպե՞ս կարելի է կանգնել ասել՝ 2026-ին Երեւանում ոչ մի բուհ չի լինելու, այն դեպքում, որ Թամանյանի կողմից հատուկ մտածված է Երեւանի ճարտարապետությունը, նա բուհերը հատուկ բերել է կենտրոն, ու հանկարծ գալիս է մեկն ու հայտարարում է, որ բուհեր չպետք է լինեն Երեւանում։ Ամենասարսափելին այն է, որ ով կպատկերացներ, որ հայ ժողովուրդը կունենա հայ ղեկավար, որը կասկածի տակ կառնի, այսինքն՝ կժխտի ցեղասպանությունը։ Աշխարհով մեկ խայտառակ եղանք ու պետք է այս ամոթին վերջ տանք»։