Հասարակություն

Իսկ ինչ եմ ես արել, որպեսզի հակադարձեմ գործող իշխանություններին

Իսկ ինչ եմ ես արել, որպեսզի հակադարձեմ գործող իշխանություններին

«Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն իր երեկվա խմբագրականում գրում է՝ իսկ ի՞նչ են արել բոլոր այն խմբերն ու անհատները, ովքեր բողոքում են ժողովրդի անտարբերությունից, որպեսզի երկրում, գոնե իրենց միջավայրում որեւէ բան փոխեն։ Խմբագրականի՝ քաղաքական ուժերին հասցեագրված մասը մի կողմ թողնելով, նշենք, որ, իհարկե, նույնիսկ այն պարագայում, որ «դրսից ու ներսից» գործող իշխանություններին «ատամներով պահում են», կարելի է ինչ-որ բան անել, թեկուզ սեփական միջավայրում, ինչպես, օրինակ, նստելով համոզված ՔՊ-ական ծանոթի կողքը, փորձելով հետը զրուցել ու հասկացնել նրան, որ այն, ինչում ինքը համոզված է, իր համոզմունքի հանդեպ հարգանքով հանդերձ, այնքան էլ այդպես չէ եւ կարելի է նույն իրականությունը նաեւ ընկալել ալտերնատիվ լույսի ներքո, որը կարող է ավելի ճշմարիտ լինել, քան իր ընկալումն է։

Կիսվելով սեփական փորձառությամբ, խոստովանեմ՝ դա բարդ բան է, բայց անհնարին չէ։ Գոնե այնքանով է հնարավոր, որ փոքր հարցերի շուրջ, իրեն վերաբերող կոնկրետ հարցերում երդվյալ իշխանականները երբեմն սկսում են տրամաբանել ու իրենք իրենց հարցեր տալ, որն արդեն վատ չէ։ Դա մի տեսակ նման է աղանդավորին «դարձի բերելուն», եթե կարելի է այդպես արտահայտվել, եւ թող ներվի այդպես արտահայտվելը։ Սովորաբար նման մարդիկ ոչ թե գիտակցված կերպով են համոզված, այլ պարզապես «տեմպի տակ ընկած», պետական քարոզչամեքենայի կաղապարային գաղափարների ազդեցության տակ կրկնում են այն, ինչն իրենք, մեղմ ասած, լավ չեն պատկերացնում, բայց լսել են։ Նման մարդիկ, որպես կանոն, կարիք են ունենում լսված լինելու, եւ կարեւորը նրանց լսելն է։ Ընդ որում՝ համբերատար կերպով լսելը։ Ապա նաեւ մեղմորեն հակադարձելը, որ, օրինակ, «Սերժի վախտերում» Նիկոլը բաներ էր ասում, քննադատում հանրապետականներին, իսկ հիմա ինքն է նույն բանն անում, մի բան էլ ավելի ծաղկեցրած ու զարգացրած։ Եվ դա ասել օրինակներով, փաստարկված։

Նման մարդիկ նաեւ հարգված լինելու պակաս ունեն։ Ու նույնիսկ եթե նրանք, պատկերավոր ասած՝ «զոմբիլենդի» կարկառուն ներկայացուցիչ են, նրանց հանդեպ պետք է լինել հարգանքով, որպեսզի նախ իրենց մարդ զգան, հասկանան, որ իրենց կարծիքի հետ հաշվի նստող կա, որ նրանց ոչ թե վերեւից են նայում՝ դիտարկելով որպես մտածելու անընդունակ էակներ, այլ մտածող մարդ ենք համարում եւ հավատում ենք, որ իրենք էլ կհասկանան, թե որն է բարին, որը՝ չարը։ Ի վերջո, Փաշինյանի հաջողության, նրա մեթոդաբանության առաջնային սկզբունքներից մեկը հենց դա է եղել՝ ամենից մերժված ու արհամարհված մարդկանց ակտիվացնելը, որպես քաղաքացի դիտելն ու նրանց քվեի վրա բազմած իշխանության գալը։ Ինչու եմ այս ամենը գրում։ Սա պետք է հատկապես ընդդիմադիրներին։ Պաթետիկ-բոցաշունչ հայտարարությունների ժամանակն անցել է։ «Անթիլիասական ճառախոսության» մեթոդներն արդեն չեն գործում։ Ընդդիմությունը կամ, առհասարակ, որեւէ մեկը, ով այնքան էլ համակարծիք չէ իշխանության վարած քաղաքականության հետ, կարող է հասնել հաջողության միայն այն դեպքում, երբ փորձի ուսումնասիրել այն էլեկտորատը, որն աջակցում է Փաշինյանին, եւ երկխոսություն սկսի այդ էլեկտորատի հետ։

Ի դեպ, այդ սկզբունքները, որոնք ժամանակին կիրառեց Փաշինյանը, ըստ որոշ մասնագետների, դեռեւս կիրառվել են 1-ին դարում՝ քրիստոնեական քարոզիչների կողմից, եւ մինչեւ հիմա փայլուն աշխատում են, ինչպես կյանքն է ցույց տալիս։ Չմոռանանք, որ քրիստոնեությունը ձեւավորվեց որպես նախեւառաջ նեղյալների եւ հալածվածների կրոն, այդպես գործեց մի քանի դար շարունակ եւ միայն իր գոյության 3-րդ հարյուրամյակում ճանաչում գտավ քաղաքակիրթ աշխարհում՝ Հռոմեական կայսրությունում եւ դրա սահմաններից դուրս։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image