Կարծիք կա, որ ՀՀ իշխանությունները որոշել են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի 210 էջանոց զեկույցը հրապարակել նախընտրական թեժ փուլում եւ ձեռքներին հաղթաթուղթ ունենալ ընդդիմության դեմ: Հասկանալի է, չէ՞, որ Արցախի թեման դոմինանտ է լինելու ողջ քարոզարշավի ընթացքում, եւ ՀՀ իշխանություններն ու Նիկոլը, որ համարվում են Արցախի կործանման պարագլուխներ, ստիպված են լինելու խիստ որոշակի եւ արժանահավատ բացատրություններ տալ տեղի ունեցածի համար: Եվ, բնական է, այդ օրերին նրանց շատ «լուրջ» մի փաստաթուղթ է պետք, որ մաքուր դուրս գան այդ խայտառակությունից: Եվ, այնուամենայնիվ, զեկույցի «ուշացումն» օրըստօրե մի նոր մտահոգություն է առաջացնում հանրության մեջ՝ Նիկոլը չի՞ վստահում Անդրանիկ Քոչարյանին, արդյոք ընդդիմությանը կառչելու տեղեր չե՞ն թողել զեկույցում, գուցե սպասում են ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Ադրբեջանի «դաբրոյի՞ն», մինչեւ վերջ հարթեցվե՞լ են Նիկոլի՝ նախապատերազմական, պատերազմական եւ հետպատերազմական օրերի հայտարարությունների միջեւ եղած հակասությունները…
Հարցերը եւ դրանցից ծնվող մտահոգությունները շատ են: Ի վերջո, մի բան է արդար զեկույց պատրաստելը, մեկ այլ բան՝ արդարությունը խմբագրված ու վերախմբագրված ներկայացնելը: Հաջողվե՞լ է Անդրանիկ Քոչարյանին հանրությունից թաքցնել ողջ ճշմարտությունը, խայտառակ պարտության բուն պատճառներն ու հեղինակներին. իմ կարծիքով՝ այս օրերին հենց այդ հարցերն են քննարկվում «Գլավլիտում»՝ Նիկոլի աշխատակազմում: Նկատենք, որ ՀՀ իշխանությունները վերջին օրերին սկսել են մարտի 1-ի չարչրկված գործը կրկին քրքրել, իսկ դա նշանակում է, որ փորձելու են ժողովրդի ուշադրությունը շեղել այդ կողմ ու սղղացնել Քոչարյան Անդոյի զեկույցը: Կհաջողվի՞… Եսիմ: Մեր ժողովրդին շատ չկա․ շեղվեց՝ շեղվեց: Այս օրերին մարտի 1-ի ամենամեծ խայտառակությանը՝ Սաֆարյան Սծյոպիկին է Նիկոլը «տրաս» հանել, որ խոսի մարտի 1-ից: Դե ուրեմն պատկերացրեք, թե ինչ կա այս ամենի հետեւում թաքնված:
Արդեն չեմ հիշում, թե երբ Քոչարյան Անդոն հայտարարեց, որ զեկույցը պատրաստ է եւ հանձնվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: Ենթադրվում էր, որ Ալեն Սիմոնյանը հիմա մի հուժկու նիստ կհրավիրի ու կհրապարակի զեկույցը: Բայց ոչ… Ալեն Սիմոնյանը «խելամտորեն» ոտքը կախ գցեց: Դե, նա հո Քոչարյան Անդոյի աշխատողը չէ՞, որ Անդոն ինչ ներկայացնի, իսկույն հրապարակի: Իրենից վերեւ Նիկոլ կա, Նիկոլի աշխատակազմ կա… Մյուս կողմից էլ՝ Ալեն Սիմոնյանն այնքան խորացած չէ պատերազմական խառը թեմաների մեջ: Բա որ զեկույցը հրապարակի ու Նիկոլին ակամա գցի ք..ի մեջ, ո՞վ է պատասխան տալու, Անդո՞ն: Մեկը լինի՝ Անդոյի համար պատասխան տա՝ ինչո՞վ էր զբաղված 44 օր շարունակ, եթե հայտնի է, որ ստացված օգնությունն այդպես էլ մնացել է զինապահեստներում: Կարճ ասած՝ սա այն դեպքն է, երբ ամեն ինչ պետք է անեն, որ իրենք իրենց վրա դուրս չգան:
Ալեն Սիմոնյանը, հասկանալի է, չէր կարող ոտքն անվերջ կախ գցել եւ ստիպված հայտարարեց, որ հանձնաժողովը, այսինքն՝ Քոչարյան Անդոն, խախտել է զեկույցի պատրաստման ժամկետները, ու հնարավոր չէ այն հրապարակել կանոնակարգ օրենքի տառին համապատասխան: Այ, այստեղից էլ ծնվում է վերեւում նկարագրված սցենարը, որ այդ զեկույցը, ամենայն հավանականությամբ, կհրապարակեն նախընտրական թեժ փուլում: Ավելին ասեմ՝ պարզվում է, որ արդեն իսկ Ալեն Սիմոնյանին փոխանցված զեկույցի տակ բացակայում են հանձնաժողովի անդամներից շատերի ստորագրությունները: Այսինքն՝ փաստաթուղթը թերի է, կամ հատուկ է այդպես արվել, որ առայժմ չհրապարակեն: Հանձնաժողովի անդամ ՔՊ-ական առնվազն երկու պատգամավոր (մեկը՝ այլեւս նախկին), լրատվամիջոցներին հայտնել են, որ զեկույցը չեն էլ տեսել ու պատկերացում չունեն դրա մասին: Դուք հիմա պատկերացնո՞ւմ եք այս գործի լրջությունը…
Խոսքը մի պատերազմի մասին է, որ վճռել է մի ամբողջ հայկական պետության ճակատագիր, 100 հազարավոր մարդկանց դժբախտության պատճառ դարձել, մի պատերազմի, որի ճիրաններում բեկվեցին տասնյակ հազարավոր հայ երիտասարդների ճակատագրեր, մի պատերազմի, որի հետեւանքներն արդեն քանի տարի զգում ենք ու դեռ շարունակում հատուցել Հայաստանի Հանրապետության տարածքներով: Բա չասե՞ս, որ տրագիկոմեդիայի են վերածել այդ ամենն ու ժողովրդին էլ մատների վրա խաղացնում են՝ այսօր կհրապարակենք, վաղը կհրապարակենք… Փսլնքոտներ… Իսկ դուք՝ Նիկոլից մինչեւ Անդրանիկ Քոչարյան, այդքան համարձակություն ունե՞ք, որ երբեւէ հրապարակեք 44-օրյա պատերազմի մասին ողջ ճշմարտությունը: Ես խիստ կասկածում եմ:
Ինչպե՞ս եք, օրինակ, բացատրելու 44-օրյա պատերազմի օրերին Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը տված ձեր հրամանները, Ադրբեջանի «ազատարար» բանակի զինվորներին հօդս ցնդեցնելու եւ բիզիմդիր անելու ձեր հիմար հայտարարությունները, «Արցախը Հայաստան է եւ վերջ»-ից մինչեւ «Արցախն Ադրբեջան է եւ վերջ» կապիտուլյացիան, Արցախի ժողովրդի իրավունքներից հրաժարվելը, հայերին «զբոռնի պունկտ» զորակոչելն ու Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայ զինվորին օկուպանտ հռչակելը: Պատերազմում, այո, նաեւ պարտվում են, բայց պատերազմում խայտառակվելն է ամենամեծ պարտությունը: Դու, ուրեմն, էդքան չկաս, որ քիթդ մտցնես պետության գործերի մեջ: Գնա, կնգադ կողքը նստիր, իլիկ պտտիր, սա է քոնը: Այլապես կարող ես այնքան էշ-էշ բաներ դուրս տալ պատերազմի մասին, որ ամեն ինչ ի վերջո շրջվի քո դեմ, ու չիմանաս ինչպես գլուխդ պրծացնես պատասխանատվությունից:
Հա, հենց դու ես բերել այս պատերազմը, Նիկոլ, հա, հենց պայմանավորված պատերազմ է եղել սա, հա, հենց այդ պատերազմն է եղել աթոռիդ գինը, հա, մեր այս տարիների գլոբալ պարտություններն են այն գինը, որ վճարել ու վճարում ես՝ 26 թվին այդ նույն աթոռին մնալու համար: Իսկ չես ուզում հրապարակել Անդոյի զեկույցը, որովհետեւ, հա, վախենում ես: