Նախ՝ ինչ է նշանակում «բանտիկով չագուճ»: Դա Փաշինյանի զենքն է, որով նա 2021թ. նախընտրական փուլում սպառնում էր ընդդիմադիրներին, նախկիններին եւ, առհասարակ, բոլոր նրանց, ովքեր անհնազանդ կլինեին ու կքննադատեին իրեն ու իր քաղաքական ուժին: Ո՞նց էր ասում․ կուզենանք՝ մեխը կմխենք, կուզենանք՝ այս մյուս ծայրով մեխը կհանենք… Ու թափահարում էր գլխից վեր իր բանտիկով չագուճը: Նա, իհարկե, չէր պատրաստվում հենց այդ գործիքով պահել իշխանությունն ու աթոռը: Դա անչափ ծիծաղելի կլիներ: Բանտիկով չագուճի փոխարեն այդ նպատակին էին ծառայելու բազմաթիվ բանտիկով պաշտոնյաներ, բանտիկով ատյաններ, բանտիկով ուժային կառույցներ… Չզլանանք թվարկել՝ դատախազություն, ոստիկանություն, հակակոռուպցիոն մարմին, քննչական, ԲԴԽ, ՄԻՊ, ՊԵԿ, ԱԺ ՔՊ խմբակցություն, ֆեյքերի ֆաբրիկա… Եվ այս ամենը Նիկոլի բանտիկով չագուճների ոչ լրիվ ցանկն է:
Գանք ամենաթարմ դեպքին, որին ականատես եղանք երեկ ԱԺ-ում:
Խորհրդարան էր եկել Փաշինյանի թերեւս ամենանուրբ բանտիկով չագուճը՝ դատախազը… Թե բա՝ Հովիկ Աղազարյանին ու Տարոն Մարգարյանին զրկեք անձեռնմխելիությունից, որ տանենք դատենք, տանջենք, նստացնենք, թալան հետ բերենք… Յա՜ա՜ա՜ա՜… «Такая молодая, а уже Наташа?»... Դե ոչ, իհարկե, Աննա Վարդապետյանի ի՞նչ շունն էր կատաղել, որ նման մի առաքելությամբ գար ԱԺ, ի՞նչ շահ ուներ այդ փխրուն կինը: Եվ, առհասարակ, ոչ մի գործիք, եթե արհեստավորն այն չի վերցնում ձեռքը, ինքնուրույն ոչինչ անել չի կարող՝ ո՛չ մեխ մխել, ո՛չ մեխ քաշել, ո՛չ կծել, ո՛չ հայհոյել…Մի հատ «Կացին ախպերը» հեքիաթը հիշեք: Եվ, ուրեմն, Աննա Վարդապետյանն ԱԺ էր եկել եւ «բանտիկով չագուճություն» էր անում, որովհետեւ այդպես էր կամեցել արհեստավորը՝ «ուստա» Նիկոլը:
Ավելի ուշ, երբ Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանն արդեն զրկված կլինեն անձեռնմխելիությունից, Նիկոլը հերթով այլ չագուճներ կվերցնի ձեռքը, որպեսզի մինչեւ վերջ իրականացնի այդ մարդկանց կյանքը թունավորելու իր սեւեռուն միտքը: Եվ այսպես՝ հերթով: Արդեն քանի մարդու է նա անցկացրել այս գողգոթայով՝ բռնելով, ձերբակալելով, նստացնելով, ընտանիքներ դժբախտացնելով: Սա է նիկոլական կառավարումը կամ, այսպես ասած, նիկոլական կառավարման մեթոդիկան:
Բայց ես կուզենայի, որ «ուստա» Նիկոլը պատկերացում կազմեր նաեւ ժողովրդական լայն կիրառություն ունեցող մեկ այլ գործիքի մասին, որը կոչվում է բիզ: Ինչպիսի՜ փիլիսոփայություն է դրել ժողովուրդն այդ հասարակ, բայցեւ շատ օգտակար գործիքի մեջ: «Բիզը սրողի քամակը կմտնի»,- ասում է ժողովուրդը, «Բռունցքով բզի ծայրին չեն խփի»… Էլի բաներ կան, որ չհիշեցի: Եվ ի՞նչ եմ ուզում ասել: Ուզում եմ ասել՝ Նիկոլ, այն ամենը, ինչ արել ես, մի օր դեմդ է գալու, եւ ոչ մի նշանակություն չունի, թե ով է բերել քեզ:
ՀԳ. Չգիտեմ՝ որքանով է ճիշտ, բայց ասում են` բզի մեկ ծակոցը, անգամ եթե այն հասցնում ես հետույքին, հիմնահատակ փոխում է ուղեղի աշխատանքը: