Հասարակություն

Վարդան Ղուկասյանի խոսակցությունը բյուջեն լցնելու մասին է եղել. փաստաբան

Վարդան Ղուկասյանի խոսակցությունը բյուջեն լցնելու մասին է եղել. փաստաբան

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի որոշումը դատարանից կողմերն այսօր են ստացել։ Պաշտպանական կողմը 10-օրյա ժամեկտում կբողոքարկի որոշումը։ Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը «Հրապարակ»-ին ասաց, որ դատարանը կալանավորման որոշման մեջ գրել է, թե Ղուկասյանը կարող է նոր արարք կատարել եւ խոչընդոտել գործի քննությանը։

Մենք հետաքրքրվեցինք` Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրության մեջ գումարի մասին խոսակցություն կա, դա ինչի՞ մասին է, ընդունո՞ւմ եք, որ կաշառքի մասին է խոսակցությունը․ «Բացի կասկածելի ձայնագրությունից ոչինչ չկա․ մենք պետք է ձայնագրությունը լսենք, ոչ թե խշշոցի մեջ տարածված ինչ-որ բան։ Իրենք հրաժարվեցին դատարանին ձայնագրություն ներկայացնելուց։ Եւ առհասարակ, պարոն Ղուկասյանը բյուջեի մուտքերի հետ կապված հազարումի բան կարող է խոսել, եթե այդ ձայնագրությունների սղագրությունների մեջ, օրինակի համար, բյուջեն պետք է լցվի, ինչու չեն բերում կապում դրա հետ, որ անպայման ինչ-որ հատված դուրս են հանում։ Այդ խոսակցությունը չի եղել, եթե անգամ համանման խոսակցություն եղած լինի, ինքը համայնքի ղեկավար է, ապա այդ խոսակցությունը պետք է եղած լինի բացառապես բյուջեին մուտքագրման ենթակա գումարների վերաբերյալ։ Վարդան Ղուկասյանը չի  էլ հիշում նման զրույց»։

Ըստ փաստաբանի՝ գաղտնալսումն իրականացվել է Վ․Ղուկասյանի՝ պաշտոնը ստանձնելուց օրեր անց․ «Համացանցում եղածին նախորդել է զրույց, մենք ասում են՝ բերեք այդ ձայնագրությունը լսենք, հասկանանք՝ ինչի մասին է խոսքը։ Ես ասում եմ՝ իրենց բերած սղագրությունների մեջ կա իբր Վարդան Ղուկասյանը գլխավոր ճարտարապետին ասում է, որ բյուջե պետք է լցվի, ասում ենք՝ տվեք այդ ձայնագրությունը, հասկանանք` չեն տրամադրում»։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Վարդան Ղուկասյանին պետք է դուրս շպրտեն հանրային ու քաղաքական կյանքից»։ Դրան անմիջապես հաջորդեց Գյումրիում գործողությունը` երբ դուռ ու լուսամուտ կոտրելով, 6 ժամ խուզարկությունից հետո, համայնքապետին վազեցնելով` ձերբակալեցին: Հոկտեմբերի 21-ին Վարդան Ղուկասյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «օպերատիվ-հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image