Ենթադրենք, որ այս տարի հայտարարագիր կլրացնի 860 հազարից 260 հազար մարդ, որից 60 հազարը պետական համակարգի այն աշխատողները կլինեն, ովքեր լրացրել էին նաև անցյալ տարի, ու դրանց կգումարվի ևս 200 հազար: Դա հիմնականում կլինեն նրանք, ովքեր 50 կամ 100 հազար դրամի հետվճարի հնարավորություն ունեն: Ինչպես նաև նրանք, ովքեր կախված են իշխանությունից՝ լինեն պետական թե մասնավոր կազմակերպություններից: Իսկ թե ինչու եմ այդքան փոքր թիվ վերցնում՝ դրա մասին է վկայում հայտարարագրման խիստ ցածր տեմպը: Ինչը դժվար թե արագանա մինչև նոյեմբերի 1-ը՝ հաշվի առնելով նաև նույնականացման քարտերի թողարկման խնդիրը: Դա ցույց կտա, թե այդ գործընթացին որքան անպատրաստ է թե՛ իշխանությունը՝ տեխնիկապես, և թե՛ հասարակությունը՝ հոգեբանորեն: Իսկ մյուս տարի ընդհանրապես կլինի կոլապսային իրավիճակ՝ հաշվի առնելով թոշակառուների ու գյուղական բնակչության միանալն այդ գործընթացին: Այլ հարց է, որ «Մեծ տվյալների» (Big Data) մեր դարում նախորդ մի քանի տասնամյակների պրակտիկան բացարձակ տեղին չէ: Բայց դե քանի որ որ ընկել ենք՝ պիտի քաշենք մինչև իշխանափոխությունը:
Ինչևէ, անցնենք առաջ. այդ հարցը նրանցից է, որի դեպքում ասվում է, որ «չկա չարիք, առանց բարիք»: Դե իսկ բարիքն իշխանության դիրքերից տուգանքի տեսքով այն գումարն է, որ կհոսի պետական բյուջե: Հաշվենք պետական եկամուտների այս տարվա հավելավճարը: Դրա համար 860 հազարից հանում ենք 260 հազարը՝ ստանալով պոտենցիալ չհայատարարագրածների քանակը: Այնուհետև ստացված թիվը բազմապատկանում ենք 5000 դրամով՝ դա առաջին տուգանքի չափն է: Այսպիսով՝ 600,000-ը բազմապատկում ենք 5,000-ի վրա և ստանում ենք 3,000,000,000 (դրամ): Ենթադրենք, որ առաջին տուգանքից հետո շարքային քաղաքացիների գոնե կեսը կրկին չի հայտարարագրում եկամուտները: Այդ դեպքում 300 հազարը բազմապատկում ենք 10,000 դրամով՝ ստանալով 3,000,000,000 դրամ: Դրանք գումարելով իրար՝ ստանում ենք 6,000,000,000 դրամ: Կամ այսօրվա փոխարժեքով ավելի քան 15,6 միլիոն ԱՄՆ դոլար: Իսկ հիմա, հարգելի ընթերցողներ, յուրաքանչյուրդ ձեզ համար՝ կախված ձեր երևակայությունից, հաշվեք, թե պարգևավճարների տեսքով (աշխատավարձն օրենքով ամրագրված թիվ է) որքան լրացուցիչ եկամուտներ կստանան Նիկոլը, նրա նշանակած նախարարներն ու փոխնախարարները, ինչպես նաև պատգամավորները: Այնպես որ թող շարքային քաղաքացին որպես բողոք կամ չիմացության արդյունքում հրաժարվի հայտարարագիր լրացնելուց:
Չեմ բացառում, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կդիմեն իրավապաշտպաններին, որպեսզի նրանց միջոցով չեղարկեն տուգանքները: Չգիտեմ, դա օգուտ կտա թե ոչ, սակայն եթե նույնիսկ տա էլ, մեծամասնությունն այդ քայլին չի դիմի: Դա հասկանալու համար մեծ խելք ունենալ պետք չէ. ակնհայտ է, որ այդպիսին է մեր հասարակության մեծամասնության մտածողությունը: Այնպես որ եղած թվից՝ 15,6 միլիոնից կարող ենք երկու-երեք միլիոն հանել, ու այն, ինչ կմնա, լիովին բավական է, որպեսզի Նիկոլն ու իր շրջապատը ոչ թե 7 տարում 50 տոկոսով ավելի լավ ապրեն՝ ինչպես հայտարարել էր ինքը 2024-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, այլ 500-ով տոկոսով ավելի լավ: Եվ ոչ թե յոթը տարին մեկ, այլ յուրաքանչյուր տարի՝ սկսած մյուս տարվա սկզբից՝ հաշվի առնելով, որ 2025 թվականի հայտարարագրման ժամկետի ավարտը նոյեմբերի 1-ն է: Դե, այս տարվա վերջին երկու ամիսն էլ կգնա չհայտարարգրողների նկատմամբ վարչական տուգանքների նախապատրաստման վրա:
Ի դեպ, ՀՀ արդարադատության նախկին նախարար, նախկին հանրապետական Արփինե Հովհաննիսյանն իր «Տեղեկացված եղեք» տեսաշարի վերջին տեսանյութը նվիրել էր չհայտարարագրմանը հետևող քրեական պատասխանատվության հարցին: Վերջինս ճշտել էր, որ Քրեական օրենսգրքում առկա այդ դրույթը վերաբերում է միայն այն հայտարարագրողներին, ովքեր դա արել են տարիներ շարունակ՝ նախքան համընդհանուր համակարգին անցնելը: Դրանք որոշակի բարձրաստիճան ու դրանից վերև գտնվող այն չինովնիկներն են, ովքեր հայտարարագիր են ներկայացրել ոչ թե Պետական եկամուտների կոմիտեին՝ ինչպես շարքային քաղաքացիների դեպքում է, այլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (նախկինում այն այլ անվանում ուներ, բայց դա էական չէ):
Տիկին Հովհաննիսյանն իր տեսանյութում այդ լուրը ներկայացրել էր որպես բարի լուր: Ասեմ, որ սկզբում ես էլ այն ընդունեցի որպես այդպիսին: Բայց այս հոդվածը գրելիս մտածեցի. իսկ ավելի լավ չէր լինի, եթե այն վերաբերեր նաև շարքային քաղաքացիներին: Պատկերացնո՞ւմ եք, թե համաշխարհային մակարդակի ինչ սկանդալ կծագեր դրանից հետո: Ողջ աշխարհում մարդիկ կտեղեկանային, որ հայաստանյան «ժողովրդավարական բաստիոնում» քրեական գործ է հարուցվել չափահաս բնակչության 70-80 տոկոսի նկատմամբ: Իսկ Նիկոլի եվրոպական «պապաներն» էլ կասեին՝ «Արա, էս ինչ ես անում, քեզ հետ միասին խայտառակում ես նաև մեզ»: Դա՝ մեկ, երկրորդ. շատ հետաքրքիր կլիներ այդ քանակի մարդկանց՝ քրեական հոդվածի ներքո գտնվելը դիտարկելը: Եվ տեսնելը, թե ինչի կհանգեցներ իշխանության այդ ոչ ադեկվատ քայլը՝ իշխանությունը սրբել տանելուն, թե մարդկանց վերջնական ստրկացման ենթարկելուն: