Քաղաքականություն

Թոշակառուները, նրանց պատուհանները եւ 18 հազար դրամի հեքիաթը

Թոշակառուները, նրանց պատուհանները եւ 18 հազար դրամի հեքիաթը

Կառավարության հերթական նիստում թոշակների բարձրացման մասին խոսելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական «գոհարները» արտաբերեց: Խառնիփնթոր են մեր վարչապետի... անգամ դժվար է ասել՝ մտքերը: «Ես ինձ համար արձանագրեցի, որ եթե մենք վերցնենք և 20 հազար դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի և տունը տաքացնելու վրա ծախսելու է ոչ թե 27 հազար դրամ, այլ՝ 35 հազար դրամ, բայց տունը միևնույնն է` չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պատուհաններից, դռներից և վերջացրած պատերով և այդպես շարունակ»։
Ահա ինչու՝ որ թոշակը բարձրացնեն էլ, միեւնույնն է` խնդիրները չեն պակասելու: Ու  «հիմնավորեց»՝շատ ծախսելուց հետո տունը չի տաքանում, քանի որ «տունը տաքացնելու համար մեծ հաշվով պետք է ծախսեն ավելի քիչ՝ 18 հազար դրամ և ներդրումներ անեն, որպեսզի բնակարանը էներգետիկ առումով ամբողջությամբ վերափոխվի»։ Հետո շրխկացրեց՝ մի թոշակառուի օրինակով պարզել է, որ տան պատուհանները վատն են եղել, պետք է էներգախնայողության վրա ներդրումներ անել: Ամենավերջում «մեխեց». «Սա է էներգետիկ վերափոխման իմաստը, որը շատ բարդ թեմա է, այն լուծելու համար շատ լուջ վերլուծական և ինտելեկտուալ ներուժ է անհրաժեշտ»։
Այսինքն, թոշակառուն ինքն է մեղավոր, որ սառչում է: Հայաստանի վարչապետը բացահայտեց մի մեծ գաղտնիք․ պարզվում է՝ մեր թոշակառուները աղքատ չեն, պարզապես սխալ են տաքանում, սխալ են ծախսում իրենց գումարները` 27 հազար են ծախսում, պետք է 18 հազար ծախսեն։ Իսկ որ տանը ցուրտ է՝ դա արդեն պատուհանների, դռների, պատերի, առաստաղի, հատակի, քամու ուղղության, արեգակի «տրամադրվածության» և հավանաբար նաև թոշակառուի սխալ մտածողության մեղքով է։ Ըստ այս փայլուն տրամաբանության՝ պետության խնդիրն այստեղ ընդհանրապես չկա։ Թոշակը ցածր չէ, պարզապես թոշակառուն պետք է «էներգետիկորեն վերափոխվի»։ Ինչպե՞ս։ Գուցե վաճառի՞ իր վերջին պահարանը, հնացած հեռուստացույցը, նեղ օրվա համար նախատեսած հոգապահուստը հանի վաճառքի, ներդրում անի` եւրոպատուհաններ դնի, տունը վերակառուցի և վերջապես հասկանա, որ աղքատությունը... իր գլխում է։
Այս խոսքում ամեն ինչ կա՝ բացի իրականության զգացողությունից։ Թոշակառուն, որը 30-40 հազար դրամ թոշակ է ստանում, ըստ վարչապետի, պետք է ոչ թե այդ գումարով ապրի, այլ երկարաժամկետ էներգախնայողական ռազմավարություն մշակի։ Նա պետք է լինի և՛ շինարար, և՛ էներգետիկ աուդիտոր, և՛ ներդրող։ Իսկ եթե տունը խորհրդային շենք է, պատերը ճաքած են, պատուհանները՝ 40-50 տարվա, դռները՝ քամուց երգող, ապա դա արդեն նրա անձնական ձախողումն է։ Իմաստնագույն վարչապետն արդյո՞ք գիտի (գիտենա էլ` ինքն ի՞նչ մեղք ունի), որ մի դուռ ու պատուհանի գինը խեղճ թոշակառուի 7-8 ամսվա թոշակի չափ է: 

Պետությունը, որն այստեղ հանդես է գալիս որպես դիտորդ, սոցիալական քաղաքականություն չի իրականացնում, սոցիալական պատասխանատվությունից փախչում է՝ կեղծ տնտեսական հաշվարկներով, անհեթեթ մանիպուլյացիաներով հրաժարվում է իր պարտականությունը կատարելուց։ Ընդամենը խորհրդատվություն է տալիս, մարդկանց պատմում, թե ինչ պետք է անի, որ իր կյանքը բարելավի: Այսպես տատիկ-պապիկներն իրենց թոռներին հեքիաթներ են պատմում`քնեցնելու նպատակով: Ամենազավեշտալին այն է, որ այս ամենը ներկայացվում է որպես խելացի կառավարում։ Իբր պետությունը մտածում է, հաշվարկում է, իսկ ժողովուրդը՝ պարզունակ է` չի հասկանում էներգախնայողության գաղտնիքները։ Թոշակառուն մրսում է ոչ թե որովհետև փող չունի, այլ որովհետև դեռ չի կարդացել կառավարության (որը վարչապետն է) իմաստուն «գրքույկը»՝ «Ինչպես չմրսել առանց փողի» վերնագրով։
Եթե վաղը նույն տրամաբանությամբ ասեն, որ հիվանդները շատ դեղ են խմում` պետք է ավելի քիչ խմեն, այլ թանկ սնունդ ընդունեն, առողջարաններ մեկնեն, մաքուր օդ շնչեն, թանկ բժշկական ծառայություններից օգտվեն, որ երկար ապրեն, կամ` գործազուրկներին բացատրեն, որ պետք է ներդրումներ անել, բիզնես դնել, եկամտաբեր ընկերություններ ստեղծել, որ լավ վաստակեն... Կոզմա Պրուտկովն ասում էր` ուզում ես լինել երջանիկ` ուրեմն եղիր: Նիկոլ Փաշինյանի խորհուրդներն այս ոճի մեջ են:

Սակայն իրականությունը համառ բան է։ Տունը չի տաքանում ոչ թե այն պատճառով, որ թոշակառուն վատ է հաշվարկել, կամ չի հասկանում, որ նոր պատուհաններով տանն ավելի տաք կլինի, այլ որովհետև մենք թռնող-քցող պետություն ունենք, որը տիրություն չի անում իր կենսաթոշակառուներին, չի ապահովում նվազագույն կենսամակարդակ եւ սոցիալական արդարություն։ Եվ որքան էլ սա փորձեն թաքցնել ոչինչ չասող-աննպատակ բառերի տակ, բան չի փոխվի:

Թոշակառուն չի էլ խնդրում, որ իր մասին հոգ տանեն, միայն խնդրում է, որ «վարչապետի դեմքով» իր պետությունն իրեն չծաղրի, տխմար մտքերով իր հոգին չպղտորի։

Գագիկ Անտոնյան

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image