Քաղաքականություն

Իմպիչմենտ եւ վե՞րջ…

Իմպիչմենտ եւ վե՞րջ…

Ամենածիծաղելի բանն աշխարհում չափից ավելի ինքնավստահ (չշփոթեք «ինքնահավան»-ի հետ) քաղաքական գործիչն է: Գիտե՞ք դա որն է: Դա այն է, երբ քաղաքական գործիչը գլուխը մի բան է մտցնում եւ դուրս գալիս փողոց՝ այն անվերապահորեն իրականացնելու: Ոչ մի ուրիշ տարբերակ՝ նա որոշել է իր էշը քշել ու վերջ: Իսկ թե հետո, երբ ոչինչ չստացվի, ինչպես է բացատրելու սեփական տապալումը, իրեն չի հետաքրքրում: Այլ խոսքով՝ իր գործի ֆանատ, մինչդեռ քաղաքականությունը ոչ թե ֆանատիկների, այլ իրենց ամեն մի քայլը հաշվարկող մարդկանց տեղն է:

Քաղաքականության մեջ ուղղակի չի կարելի լինել այնքան ինքնավստահ, որ հայտարարես՝ հիմա կամ երբեք, սա է՝ եւ վերջ, ճիշտը մի հատ ա լինում, իմ ասածն ասած ա… եւ նման լիքը կատեգորիկ բաներ: Եվ ամենակարեւորը՝ քաղաքականության մեջ չպետք է մոռանալ պատասխանատվության մասին: Պետք է միշտ հիշել՝ քո չհաշվարկած քաղաքական նախաձեռնությանը կարող է նաեւ ժողովուրդ միանալ, իսկ դա արդեն կատակ բան չէ:

Շատ չերկարացնեմ… Այսօր կուզենայի խոսել մեր քաղաքական կյանքում մեծ տարածում չունեցող եւ երբեք հաղթանակ չգրանցած մի քաղաքական միջոցառման մասին, որը կոչվում է իմպիչմենտ: Ճիշտն ասած՝ չգիտեմ էլ ինչպես է գրվում այդ բառը, բայց այն ունի այսպիսի մեկնաբանություն. «Դատավարության կարգ, ըստ որի՝ պատասխանատվության է ենթարկվում պետության՝ հանցագործություն կամ զանցանք կատարած նախագահը (կամ բարձրաստիճան պաշտոնյան)»: Մեկ այլ տեղում շատ ավելի հասկանալի է գրված. «Բարձրաստիճան անձանց խորհրդարանի դատին ենթարկելու արարողություն»: Այսինքն, այդ իմփիչմենտ ասվածը շատ դեմոկրատական մի քայլ է, որ կարելի է ձեռնարկել՝ չսիրված ղեկավարից հիգիենիկ ճանապարհով ազատվելու համար: Եվ, ուրեմն, ինչո՞ւ չփորձել…
Անձամբ ես դեմ չեմ Նիկոլ Փաշինյանին իր աթոռից պոկելու որեւէ տարբերակի՝ ընտրություններով լինի, իրավապահ մարմիններին հանձնելով, փոցխով, եղանով կամ իմպիչմենտով: Կարեւորն ինձ համար Փաշինյանին հեռացնելն է: Ինչ ասես՝ փորձել ենք, չի գնում… Այո, իմպիչմենտի մասին էլ ենք մտածել, հասկացել ենք, որ անհույս է: Ես կարող եմ անգամ վիճակագրություն բերել, որ հետխորհրդային տարածքում իմփիչմենտի երեք նախաձեռնություն է եղել, երեքն էլ՝ հետխորհրդային Ռուսաստանում, երեքն էլ՝ Ելցինի օրոք, երեքն էլ՝ անհաջող: Եվ, ուրեմն, ինչո՞ւ պետք է Հայաստանում հաջողվեր դա: Ամեն դեպքում, մեզ քաջ հայտնի գործիչներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը չափից ավելի լավատես են այս հարցում եւ արդեն նախաձեռնել են հայկական իմփիչմենտը: Նրանց հաջողություն չմաղթել չեմ կարող, բայց եւ չէի ուզենա հայտնվել մուլտֆիլմի արջուկի վիճակում, էն, որ որոշում է մի թաթով փուչիկից կախված՝ մյուսով մեղր հանել վայրի մեղուների փչակից: Հիշո՞ւմ եք, թե ինչ եզրակացության եկավ նա, երբ հանդիպեց մեղուների դիմադրությանը եւ տապալվեց գետնին: Նա ասաց՝ սրանք սխալ մեղուներ են…

Հարգելի Էդգար Ղազարյան եւ Նարեկ Մալյան, հաշվարկե՞լ եք, արդյոք, այն քայլը, որ ձեռնարկել եք: Ավելորդ ինքնավստահություն չե՞ք ցուցաբերում, արդյոք, վստա՞հ եք, որ ՔՊ խմբակցության «մեղուներն» իրենց ճիշտ կպահեն եւ, իրար հերթ չտալով, անհրաժեշտ ստորագրություններով կապահովեն ձեր նախաձեռնության հաջողությունը: Այլապես Նարեկ Մալյանը շատ կցկտուր էր խոսում այս խորհրդարանում Նիկոլից ու ՔՊ-ից «զզվող» պատգամավորների առկայության մասին: Նա նույնիսկ հույս չհայտնեց, որ ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը հաստատ կմիանան այս իմպիչմենտությանը:

Եվ ապա, պարոն Ղազարյան եւ պարոն Մալյան, ես առաջին անգամ եմ տեսնում, որ ընդդիմության հույսով իմփիչմենտ անողները թիրախ դարձնեն ոչ թե իշխանական խմբակցությանը, այլ՝ ընդդիմադիր խմբակցություններին, ընդհուպ սպառնան, թե՝ տեսեք, հա, եթե մեր նախաձեռնությանը չընդառաջեք, ուրեմն Նիկոլի հետ եք… Դե, իսկ պարոն Մալյանի հայտարարությունն ընդհանրապես սադրիչ էր, հագեցած ավելորդ ինքնավստահությամբ, թե իմփիչմենտի հետ համաձայն չեն Նիկոլը եւ Ռոբերտ Քոչարյանը: Դա ի՞նչ ասելու բան է, այն էլ իմփիչմենտի «նախօրյակին»: Ո՞վ է շանտաժով հասել հաջողության, որ դուք հասնեք, այն էլ` Ռոբերտ Քոչարյանին ուղղված շանտաժով։ Նաեւ նկատենք, պարոնայք Ղազարյան եւ Մալյան, որ ես դեռ ոչինչ չեմ ասել համատեղ պայքարի ճանապարհ անցած ընդդիմադիր խմբակցությունների միջեւ չհասկացվածության մթնոլորտ ստեղծելու չարդարացված ռիսկի մասին:

Իմպիչմենտից առաջ կամ այդ գործընթացում կարեւոր է, որ իմպիչմենտ նախաձեռնող ուժերը (մեր դեպքում՝ նաեւ 20 իշխանական պատգամավոր) ունենան վարչապետի պաշտոնի համար այլընտրանքային իրենց թեկնածուն: Եթե որեւէ մեկն այսօր ինձ ասի այդ մարդու անունը եւ համոզի, որ նրան պատրաստ են ձայն տալ բոլոր ընդդիմադիրներն ու 20 պատգամավոր ՔՊ-ից, ես շատ շնորհակալ կլինեմ: Այդ մարդը կա՛մ չկա, կա՛մ նրա անվան տեղը դիտմամբ են բաց թողել պարոնայք Նարեկ Մալյանը եւ Էդգար Ղազարյանը, որպեսզի հետո մեզ սյուրպրիզ անեն: Կներեք, իհարկե, բայց այդպես իմփիչմենտ չեն անում, պարոնայք: Ռիսկը մեծ է, որ դուք կարող եք ակամա մի նոր օպերա սկսել,ա յսպես կոչված՝ Նիկոլ-2: Ես վախենում եմ դրանից: Մենք այսօր Նիկոլ-1 բերողի անունն անգամ չգիտենք, վաղը Նիկոլ-2 բերողին որտեղի՞ց գտնենք:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image