Հարցազրույց

«Հրապարակ». Մեր ազգի երեք սյուներից երկուսը քանդված է, մնում է վերջինը

«Հրապարակ». Մեր ազգի երեք սյուներից երկուսը քանդված է, մնում է վերջինը

«Հրապարակ»-ի զրուցակիցը Գյումրու Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցու քահանա Տեր Հուսիկ Գրիգորյանն է։

- Տեր Հուսիկ, ի՞նչ է կատարվում այսօր։ Ճնշումները Հայ առաքելական եկեղեցու եւ հոգեւորականների նկատմամբ շարունակվո՞ւմ են։

- Խորքային իմաստով, հոգեւորականությունն այսօր անցնում է փորձաշրջան։ Նայեք, երբ ոսկուն կպչում ես որպես մետաղ, նախ ուզում ես որոշել նրա պրոբը՝ մաքրությունը, դրա համար այն թրծում եւ կրակի մեջ ես պահում։ Եվ մեր հոգեւորականների համար էլ այս պահին հենց կյանքի այդ փորձաշրջանն է, որի միջոցով որոշվելու է մաքրության աստիճանը։ Եվ երբ կարողանում ես հաղթահարել այդ փորձությունը, որպես մարդ՝ ճանաչում ես ինքդ քեզ։

- Ի պատիվ Շիրակի թեմի հոգեւոր դասի` այստեղ չունենք, ինչպես ընդունված է ասել, «տիրադավ հոգեւորական»։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

- Մենք հավատարիմ ենք մնացել մեր ուխտին, որ կապել ենք Սուրբ Էջմիածնի հետ։ Գիտեք` չնայած տարատեսակ խոսակցություններին, յուրաքանչյուրս իր որոշումը կայացրեց, որը հենց հավատարմությունն է Քրիստոսին։

- Պաշտպանության նախարարի հրամանով գնդերեցների խումբը լուծարվեց։ Որոշվեց, որ հոգեւորականներն էլ ծառայության պետք է անցնեն այլ ձեւաչափով` ունենան մայորի, կապիտանի կոչում եւ այլ կարգեր, այլ ոչ թե հատուկ նշանակված հոգեւորականներ լինեն, որոնք ուղղակի զինվորի կողքին են, զորամասերում։ Ի՞նչ կարծիք ունեք, սա ի՞նչ ազդեցություն կունենա մեր զինվորների հոգեբանության վրա, ի՞նչ նպատակով է արվում։

- Պատմության տեսանկյունից կասեմ, որ հոգեւորականների ներկայությունը բանակում կարեւոր է եղել հենց պատերազմական իրավիճակում, զինվորի կողքին լինելն ունի մեծ նշանակություն։ Ես հիշում եմ, որ պատերազմի ընթացքում գնում էինք խրամատներ, եւ երբ զինվորները մեզ տեսնում էին հենց իրենց կողքին, ինչ զգացողություն էին ունենում։ Կային հոգեւորականներ, որոնք մնում էին այնտեղ, ցրտին փաթաթվում, տաքացնում էին զինվորներին։ Ու տեսնում էիր, թե ինչպես է մարդու հոգեվիճակը փոխվում, եւ ինչպես է նա զորանում։ Իսկ հիմա սա նշանակում է, որ հայ ազգը թողնում է իր զինվորին առանց հոգեւոր զորացման, ասում ենք` մեր զինվորին զորացում պետք չէ։ Եթե սա այսօր ընդունելի է մեր ժողովրդի կողմից, ի՞նչ կարող ենք անել։ Իհարկե, մենք շարունակաբար հնչեցնելու ենք մեր ուղերձը՝ հիշեցնելով, որ մարդն առանց Աստծո չի կարող ապրել։ Թեկուզ՝ հենց այս ժամանակաշրջանում․ ինչ տեսակի փորձությունների միջով էլ անցնենք, միեւնույն է՝ մենք շարունակելու ենք հորդորը հնչեցնել։ Որ, անկախ ամեն ինչից, մարդիկ պետք է պահպանեն իրենց հոգեւոր վիճակը։ Այսպես նրանք զորանում են եւ ամրանում հոգեպես։ Եթե քայլ է արվում՝ փոխել մարդու հոգեվիճակը, իսկ մենք գիտենք՝ ով է մարդու հոգեվիճակը փորձում փոխել, դա չարն է, որի դեմ պիտի մարտնչես։ Միքայել սրբազանը մի հետաքրքիր բան էր ասում. քահանան զինվոր է, կռվում է չարի դեմ, մարտնչող է, իսկ կուսակրոնը՝ մահապարտ։ Եթե զինվորն ինչ-որ տեղ կարող է թերանալ, ապա մահապարտ կուսակրոնին դա թույլատրված չէ։ Ի դեպ, մեր սրբազանը հիմա հենց էդ մահապարտի կարգավիճակում է։

- Հիմա իշխանությունն ամեն ինչ անում է, որ տապալի Եպիսկոպոսաց ժողովը։ 6 եպիսկոպոսի արգելվեց դուրս գալ երկրի սահմաններից, իսկ ժողովը նախատեսված է արտերկրում։

- Մասնակցության ֆորմատը տարբեր կարող է լինել։ Ես չգիտեմ` այս դեպքում Վեհափառն ինչ որոշում կկայացնի, բայց չի բացառվում, ինչպես COVID-ի ժամանակ հեռավար անցկացվեց Եպիսկոպոսաց ժողովը, այս անգամ էլ, որպեսզի ամեն ինչ չտապալվի, չի բացառվում, որ հենց այդպես էլ արվի։ Իհարկե, ես նորից եմ ասում, դեռ չգիտեմ, թե Վեհափառն ինչպես է որոշել։

- Ի՞նչ պիտի արվի, Տեր հայր, ի վերջո, այս վիճակից դուրս գալու համար, իրատեսական ի՞նչ քայլեր պետք է արվեն։

- Այսօր շատերը մակերեսորեն են իրավիճակին նայում, խորքային չեն փորձում տեսնել՝ ինչ է կատարվում։ Շատերի համար այսրոպեական իրավիճակն ավելի կարեւոր է։ Ասենք, եթե տեսնում են՝ մի լավ բան է լինում, ասում են՝  տեսնում եք` լավ է ամեն ինչ։ Էժան բենզին ենք գնում, խաղաղություն է հաստատվել, թուրքը մեր թշնամին չէ այլեւս, սակայն ամեն ինչը պետք է խորքային ուսումնասիրել։ Էսպիսի իրավիճակներն օրինակ բերելով՝ չպետք է մոռացության տանք մեր պատմությունը, թափած արյունը։

- Լավ, իսկ Եկեղեցին ինչո՞վ է խանգարում այդ լավ ապրելուն։ Եկեղեցին ասում է՝ եկեք թշնամությո՞ւն անենք։

- Հայի եկեղեցին Հայաստանի ամենահզոր սյունն է։ Եթե այդ սյունն ուզում են քանդել, նշանակում է՝ ձեռք են մեկնում հայ ազգի ոչնչացմանը։ Հիմա մեր երեք սյուներից երկուսը քանդված է: Ազգային գաղափարներից մեկը՝ մեր հայոց բանակի եւ Արցախի հարցը լուծեցին։ Եվ երկրորդը․ սփյուռքի հարցը եւս գրեթե լուծեցին։ Մնացել է միայն ազգային մի բան՝ դարերով եկած ազգային հայոց եկեղեցին։ Հիմա որտեղ կա հայկական համայնք, կտեսնեք` ով է պահում հային հայ, դա Եկեղեցին է։ Բայց գիտեք, պատմության մեջ դեռ 1922 թվականին եղել է, որ մեր եպիսկոպոսներից մեկը, կարծեմ՝ Աշոտ Շահբազյանը, դեմ գնաց հայրապետական կարգերին։ Ընդամենը 5 տարուց՝ 1927 թվականին, աղերսում էր, որպեսզի ներեն իրեն։ Մենք այսպիսի բաներ շատ ենք տեսել, երբ եպիսկոպոսը դուրս է գալիս իր սեփական եկեղեցու հայրապետական կարգերի դեմ։ Այս ամենը նորություն չէ, բայց մյուս կողմից էլ հայ ազգը պիտի հասկանա, կարողանա այսօր զատել ճշմարտությունը եւ իրեն ուղղել դեպի մայր եկեղեցին, դեպի հավատն Աստծո։


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image