Անկեղծ ասած, մտադրություն չունեի առանձին հոդվածով անդրադառնալ Բաքվում կայացվող «դատավճիռներին», որովհետեւ հայկական մամուլը շատ գրեց այդ մասին, եւ դրանցից հերթականն ուժ չէր ունենա՝ ինչ-որ բան փոխելու, ու կվկայեր իր անօգուտ լինելը: Որովհետեւ, երբ հոդված ես գրում վարչապետի աթոռից կառչած անձի ու նրա շրջապատի մասին, նպատակ ունես «Հրապարակի» ու Ֆեյսբուքի ընթերցողներին ներկայացնելու այդ անձին այլընտրանքների առկայությունը, ինչը նպատակամղված է մեր երկրում նորմալ իշխանություն ձեւավորելուն: Այն կյանքի կկոչվի, թե ոչ՝ այլ հարց է, սակայն, որպես հոդվածագիր, փորձում ես դա մոտեցնել, որքան որ ուժերդ կներեն: Իսկ Բաքվում ընթացող դատական ֆարսի վրա քո գրածը որեւէ ազդեցություն ունենալ չի կարող ի սկզբանե: Ավելին, դա իրենց, վստահաբար, ուղղակի զվարճացնում է: Ու մարդ չի ցանկանում մասնակցել այդ ողբերգական՝ մեզ համար, ու զվարճալի՝ նրանց համար, պրոցեսին:
Բայց այսօր այդ ավանդույթը չկարողացա չխախտել, ու դրա «մեղավորը» «Հրապարակի» գլխավոր խմբագրի «Կարո՞ղ ենք ենթադրել» խմբագրականն էր: Որքան որ լուրջ, նույնքան եւ ծանր հոդված էր՝ ենթադրությունների (իրականում՝ պնդումների) վրա կառուցված: Ամբողջությամբ համաձայն լինելով ենթադրություններին (կամ պնդումներին)՝ ընդամենն ուզում եմ ավելացնել մեկ այլ հանգամանք: Դա Ղարաբաղյան շարժումը փակելու՝ նիկոլական գործողությունն է: Շարժման կարգավորման հարցին սեփական կետից մոտենալով՝ վերջինս հասավ իր նպատակին՝ շուրջ 20 տարի առաջ ձեւակերպված իր գրքում: Այն է՝ իրականում զրոյացնել շարժումն ու վերացնել դրա արդյունքները: Իսկ դա, իր հերթին, անհրաժեշտ էր, որպեսզի վերանար ադրբեջանցիների հետ քիրվայություն անելու ամենամեծ խոչընդոտը՝ Արցախի գոյությունը: Իսկ հետո արդեն կյանքի կոչվեց Ջոն Բոլթոնի՝ կարծրատիպերից ազատվելու խորհուրդը: Այն է՝ Ցեղասպանության հիշատակը՝ դրա մարմնավորման կառույցով հանդերձ, ու Արարատ սարը՝ սկզբում մուտքի ու ելքի կնիքի վրա: Իսկ այնուհետեւ, բնականաբար, պետական գերբի վրա, եթե, իհարկե, հունիսի 7-ից հետո էլ շարունակի պաշտոնավարել:
Վերադառնանք Բաքվում տեղի ունեցող դատական ֆարսին: Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, բնականաբար, որեւէ ձեւով չպետք է խառնվի այդ դատավարությանը՝ ինչպես չխառնվեց 2023-ին Արցախը հայաթափելու ռազմական ագրեսիային: Դրանք մեկը մյուսի հետ կապված իրողություններ են: Եթե փակվել է, ինչպես ինքն է որոշել, Ղարաբաղյան շարժման էջը, ապա դրա մասնակիցներն էլ չպետք է հետաքրքրեն «իրական» Հայաստանի իշխանությանը: Նույնիսկ ավելին, Բաքվի «դատավճիռներն» անհրաժեշտ են, որպեսզի, հիշելով Արցախը, հայաստանցիները հիշեն նաեւ իրենց խեղճությունն ու այլեւս երբեք չփորձեն վերակենդանացնել այն: Դրան գումարենք այն հարցը, որ ադրբեջանական բանտում Ռուբեն Վարդանյանի ու մյուսների մնալը ձեռնտու է իրեն նաեւ քաղաքականապես: Ու եթե հանկարծ Բաքվի բռնապետը «դատավճիռների» հրապարակումից ինչ-որ ժամանակ անց ներում շնորհի մեր հայրենակիցներին, ինչպես ենթադրվում է, ապա գոնե սկզբնական շրջանում դա չի առնչվելու արցախյան ղեկավարությանը, որպեսզի հունիսի 7-ին խնդիրներ չառաջանան իշխանության վերարտադրման առումով: Իսկ մի քանի հոգու, այնուամենայնիվ, Բաքվի բռնապետը ներում կշորհի մինչեւ հունիս՝ Նիկոլին աջակցելու նպատակով:
Այնպես որ, եթե արդեն փակվել է Ղարաբաղյան շարժման էջը, ապա դրա հետ միասին «արխիվ են հանձնվել» նաեւ շարժման հետ՝ թեկուզ 20-30 տարի անց, կապված անձինք: Սա է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի մտայնությունը: