Քաղաքականություն

Ալենը վազանցեց Նիկոլին, եւ դա վատ նշան է

Ալենը վազանցեց Նիկոլին, եւ դա վատ նշան է

Ինձ թվում է՝ ՔՊ-ի ներսում խմորումներ են սկսվել, որոնք, ինչպես տեկտոնական պրոցեսների ժամանակ է լինում, հանգեցրել են այդ կուսակցության անդամների անհամաչափ զարգացումներին: Ոմանք բարձրացել են, ոմանք՝ իջել, ոմանք էլ, ինչպես կային համահարթեցված դաշտավայրի ժամանակաշրջանում, մնացել են տեղում՝ ձեւավորելով խուզած խոտհարքի ռելիեֆը: Այս վերջին խումբը բացարձակ անշարժության վիճակում է: Մյուս խմբերի համեմատ այն բավականին կայուն է եւ համբերատար, երբեք էքսցեսների մեջ չի հայտնվում, թերթերը նրանց մասին ոչինչ չեն գրում, նրանք SMS-ներ չեն ստանում, առաջին հայացքից՝ նաեւ պաշտոնների չեն ձգտում: Պաշտոն կտա՞ն՝ լավ, չե՞ն տա՝ էլի լավ, խոտհարքում կլռվեն մինչեւ ներկուսակցական հաջորդ երկրաշարժը:

Այլ է իրավիճակը ՔՊ-ի ոչ հարթավայրային գոտիներում՝ լեռներ, լեռնաշղթաներ, անգամ լեռնագագաթներ, իջվածքներ, անդունդներ եւ այլն: «Միմինոյի» Խաչիկ ջանն էր, չէ՞, ասում. «Дорогая, вы понимаете, у нас горы, горы… Ты в зоопарке был? Там верблюд видел, верблюд?»: Ահա այսպես, ՔՊ-ի առանձին հատվածների անհամաչափ զարգացումը հանգեցրել է մի փոքրիկ լեռնաշխարհի առաջացման, որի ամենաբարձր գագաթը մինչ այս պահը կարծես Նիկոլն է: Բայց չմոռանանք, որ տեկտոնական պրոցեսները ՔՊ-ում տակավին շարունակվում են, ու չգիտես, թե հաջորդ շրջափուլում ինչպես կպահեն իրենց մյուս հրաբխային գոյացություններն ու բլուր-բլրակները: Առանց այն էլ սրանց մեջ կան իրենց ակտիվությամբ աչքի ընկնող «խառնարաններ», որոնք, երբ սկսում են ժայթքել, նույնիսկ Նիկոլն է սպասողական լռում: Նա վախենում է այդ ժայթքումներից: 

Տեսեք՝ Հովիկ Աղազարյանը ՔՊ-ի ամենաբարձր գագաթներից չէր, բայց հենց ժայթքեց, Նիկոլը նրան միանգամից ուղարկեց անդունդ՝ չթողնելով, որ խեղճը մեկ վայրկյան անգամ շունչ քաշի հարթավայրում: Դե, պատկերացրեք, թե ինչ կանի Նիկոլը, երբ համեմատաբար բարձր գագաթներն սկսեն հաճախակի ժայթքել: Ավինյանը, օրինակ, մահից պրծավ, եթե, իհարկե, պրծավ: Տիգրան անունը սկսել էր թնդալ ողջ Արարատյան դաշտում՝ է՛լ մետրո շինեմ, է՛լ տրանսպորտը բերեմ միասնական վճարային համակարգի, է՛լ եսիմինչ: Տո իսկի Նիկոլի անունն էլ չէր տալիս՝ որպես այդ ամենի համահեղինակ: Տեսա՞ք ինչ եղավ: Գործադուլ, հետո էլ Նիկոլը թույլ չի տա, որ տրանսպորտը թանկանա, ու, այ քեզ Ավինյան, դե գնա՝ ժայթքելուց առաջ երկու անգամ մտածիր: Իսկ թե որ Գյումրու քաղաքապետի նշանակման հարցն էլ լուծեց, Ավինյանին դեմքով է շրջվելու… Նա Ավինյանով այնքան կզբաղվի, մինչեւ ուղարկի Հովիկի հետեւից:
Ավինյանից փորձում է հետ չմնալ նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ իր բարձրությամբ ՔՊ «լեռնաշխարհի» թերեւս երկրորդ գագաթը: Ցավոք, Ալեն Սիմոնյանը չունի Ավինյանի հնարավորությունները՝ մետրո կառուցի, լավ ավտոբուսներ բերի, տրանսպորտ թանկացնի, 20 հազար դոլարանոց ինքնաթիռի տոմս առնի… Ավինյանը, գիտե՞ք ոնց, սեփական քաղաքային բյուջեն ունի, իսկ Ալենը 100 տոկոսով պետական բյուջեի վրա է նստած: Թե որ մի բան էլ պոկում ու պարգեւավճար է տալիս, ընդդիմությանն էլ է դրանից բաժին հանում, ու տակը համարյա բան չի մնում:

Պատկերացնո՞ւմ եք՝ Վիետնամում իր եւ «ընդդիմադիր» Գեղամ Նազարյանի վրա հավասարաչափ գումար է ծախսել, որ հանկարծ չասեն՝ Ալենն ավելի շռայլ ու հոգատար է սեփական անձի նկատմամբ: Բայց Ալեն Սիմոնյանի բնավորության այս գիծն անգամ կարող է դուր չգալ Նիկոլին: Ընդդիմության մեջ Նիկոլը ոչ մի ընկեր չունի, Նիկոլի հետ ոչ մի ընդդիմադիր անգամ մատաղ ուտելու չի գնա, էլ ուր մնաց՝ գործուղում: Եվ միանգամայն բնական կլինի Նիկոլի զայրույթը, եթե Ալենը, ինչպես երկու օր առաջ արեց, շարունակի ընդդիմադիրներին հրավիրել գործուղումների:
Ընդդիմադիրների հետ «լավ» հարաբերությունները, սակայն, Նիկոլի նկատմամբ Ալեն Սիմոնյանի միակ առավելությունը չէ: Պարզվում է՝ Ալեն Սիմոնյանը նաեւ վարժ, Նիկոլին գրեթե ոչնչով չզիջող ստախոս է եւ մանիպուլյատոր: Այս հարցում արդեն նա լուրջ խնդիրներ կունենա Նիկոլի հետ: Դուք լսեցի՞ք, թե Ալեն Սիմոնյանն ինչ տերմին օգտագործեց Արեւմտյան Հայաստանի մասին՝ «թվացյալ հայրենիքներ»: Սա արդեն իսկ մեկ քայլ առաջ է Արեւմտյան Հայաստանի մասին Նիկոլի հանրահայտ ճամարտակությունից, որով նա լեգիտիմացրեց ալիեւյան հայտնի «Արեւմտյան Ադրբեջան» ցնդաբանությունը: Իսկ ինչպե՜ս Ալենը ցուցադրեց Նիկոլի անկարողությունը մեր օկուպացված տարածքներն ազատագրելու հարցում: Թե բա՝ մենք պայքարում ենք այդ տարածքների ազատագրման համար, բայց այնքան թույլ ենք, որ չենք կարող ուժով հետ բերել` Գեղամ Մանուկյան, ասաց` կարո՞ղ ես` գնա հետ բեր: Ալե՞ն, դու Նիկոլի ուժին կասկածո՞ւմ ես: Ո՞վ է տեսել, որ իրական Հայաստանի ԱԺ նախագահն իրական Հայաստանի վարչապետին թողած՝ բենզին առաջարկի ընդդիմությանը, թե` գնացեք Ջերմուկն ազատագրեք: Այ քեզ Ալեն, այ քեզ մանիպուլյացիա, …Նիկոլը քեզ չի ների սրա համար, գլխիդ սարքելու է, լավ հիշիր:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image