Հասարակություն

Ինչ ասելիք ունի «Տիկին նախարարը» մինի-սերիալը 

Ինչ ասելիք ունի «Տիկին նախարարը» մինի-սերիալը 

Նախօրեի երեկոյից «Արմենիա» հեռուստաընկերության եթերով մեկնարկեց «Տիկին նախարարը» 6 մասանոց մինի-սերիալի ցուցադրությունը։ Համաձայն սյուժեի՝ Հայաստանի Պաշտպանության նախարարին, նրա երկու տեղակալներին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը օդ բարձրանալուց մի քանի րոպե անց պայթում է։ Պաշտպանության նախարար է դառնում կին, ում կերպարը մարմնավորում է Ֆրիդա Յորքը՝  հայ դերասանուհի, որը հայտնի է դարձել «Գարեգին Նժդեհ» կինոնկարում Գոհարի կերպարի մարմնավորմամբ։ Ըստ սյուժեի՝ կին Պաշտպանության նախարարը լուծելու է հայկական պետականության առջեւ դրված բազմաթիվ բարդ խնդիրներ եւ իր համար նշաձող է սահմանում, որ իր պաշտոնավարման օրոք Հայաստանը տարածքային կորուստներ չի ունենալու։ 

Հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական տարում նման նախագծի իրականացումն ինչ խոսք հետաքրքրական է։ Առհասարակ, քաղաքական թեմաներին անդրադարձը ժամանակակից հայ կինոյում վերջին տարիներին բավականին ակտիվացել է։ Դա հասկանալի է, որովհետեւ կինոն որպես արվեստի ճյուղ, նաեւ ինքնարտահայտման, ասելիքը լսարանին տեղ հասցնելու ամենից հարմար եւ ազդեցիկ միջոցներից է, իսկ գերքաղաքականացված հայաստանյան ներկայիս իրականության մեջ ասելիք հաստատ շատ կա։ 

2016-ին Հրանտ Երիցկինյանի նկարահանած «Առաջին դեմք» երգիծական կինոնկարից հետո, հիշատակել կարելի է 2021-2022-ին Մհեր Մկրտչյանի նկարահանած «Իշխանություն» եւ «Իշխանություն – 2» կինոնկարը։ Ընդ որում, «Առաջին դեմքը» թեեւ լուրջ թեմաների էր անդրադառնում, բայց ժանրային առումով երգիծական կինոնկար էր, ապա «Իշխանությունն» ու «Իշխանություն – 2»-ը՝ քաղաքական դրամա են, ինչպես եւ «Տիկին նախարարը»։

Եթե ուշադիր նայենք, ապա «Առաջին դեմքից» մինչեւ «Տիկին նախարարը»՝ ժամանակագրորեն կարծես թե որոշակի օրինաչափություն է ուրվագծվում․ 2016 թվականի Քառօրյա պատերազմը, հայտնի դեպքերը ՊՊԾ գնդի հետ կապված, դրան նախորդած տարիներին «էլեկտրիկ Երեւանի», «100 դրամների» եւ այլ հանրային պայքարի, այսպես ասած, քաղաքական էներգետիկան որպես խտապատկեր արտահայտվում է «Առաջին դեմքում», 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական խորը փոփոխությունները, 20 թվականի 44-օրյա պատերազմն իր ոչ հայանպաստ ավարտով, դրան հաջորդած իրականությունը, որն ընդհանուր անվամբ կարելի է որակել որպես «հայության ինքնության ճգնաժամ», որպես էներգետիկա կուտակվելով՝ արտահայտվել է «Իշխանությունում» եւ «Իշխանություն – 2»-ում։ 

«Տիկին նախարարի» դեպքում սակայն կա յուրահատկություն։ Բանն այն է, որ այս կինոնկարը կամ մինի-սերիալը կարծես թե ունի իր նախատիպը համաշխարհային կինոյում՝ հանձինս ամերիկյան CBS-ի կողմից նկարահանված «Տիկին պետքարտուղարը» սերիալի, որը 2019 թվականին ցուցադրվել է նաեւ Հայաստանում՝ «Հանրայինի» եթերում։ Ամերիկյան բավականին ծավալուն սերիալում Միացյալ Նահանգների կին պետքարտուղար Էլիզաբեթ Մաքքորդի գործունեությունն է։ Վերջինս ամբողջ կյանքում աշխատել է Կենտրոնական հետախուզական վարչությունում որպես վերլուծաբան։ Ունի ընտանիք, ով աստվածաբանության եւ փիլիսոփայության դասախոս է։ Պետքարտուղար է նշանակվում ԱՄՆ նախագահի կողմից, այն բանից հետո, երբ գործող Պետքարտուղարի օդանավը կործանվում է, իսկ Պետքարտուղարն էլ՝ զոհվում։ Նախագահը ժամանակին ղեկավարել է ԿՀՎ-ն եւ անձամբ ճանաչում ու վստահում է Մաքքորդին։

Ի դեպ, նրանք, ովքեր դիտել են ամերիկյան «Տիկին պետքարտուղարը», կհիշեն, որ այդ սերիալում գրեթե ոսկերչական ճշգրտությամբ ներկայացված է ռուս-ուկրաինական ներկայիս պատերազմը, որը սերիալում ավարտվում է նրանով, որ Ուկրաինան կորցնում է իր տարածքների մի մասը, դառնում է ցամաքային փոքր պետություն Ավստրիայի կամ Չեխիայի եւ Սլովակիայի նման եւ անդամակցում եվրոպական ընտանիքին ու ՆԱՏՕ-ին։ Հետաքրքրական է, թե արդյոք «Տիկին նախարար» կինոնկարում էլ նման զարմանալի «կանխագուշակություններ» կան, թե ոչ։ Խիստ ցանկալի կլիներ, եթե «Տիկին նախարարի» պարագայում, օրինակ, կանխագուշակվեր, թե մեր ժողովրդի համար այժմ առանցքային համարվող խնդիրների հետ կապված ինչ հայանպաստ լուծումներ կան։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image