Քաղաքականություն

10 միլիարդի պատմությունը

10 միլիարդի պատմությունը

«Դեկտեմբերի 25-ից մինչև այսօր, Հայաստանի քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդ դրամներ են մնացել։ Իհարկե, ես չեմ հաշվել, հիմա չնստեն, ասեն՝ տասնյակ միլիարդ չի, 9 միլիարդ 876 միլիոն է, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում»։ Նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Հետաքրքիր հայտարարություն է, իսկ այժմ հաշվառենք գրպան և դրանում գոնե 100 դրամ ունեցողների քանակը: 18 և բարձր տարիքի ՀՀ քաղաքացիների թվաքանակ 2 միլիոն 590 հազար է՝ դրանք ընտրողներ են: Բայց քանի որ խոսքը ՀՀ քաղաքացիների գրպանի մասին է, ապա ենթադրվում է, որ պետք է հաշվառենք նաև գրպան ու դրանում 100 դրամ ունեցող դպրոցականներին. դրանց քանակը կազմում է ավելի քան 390 հազար: Արդյունքում ստացանք, որ Հայաստանում առկա է 2 980 հազար անձ՝ ով ունի գոնե մեկ գրպան և դրանում էլ առնվազն 100 դրամ փող:
Իսկ հիմա 10 միլիարդ դրամը բաժանում ենք 2,980 միլիոն գրպանի վրա և ստանում ենք 3355,7 դրամ: Որպեսզի իմանանք, թե որքան է այն կազմում դոլարային արժեքով՝ 3355,7-ը բաժանում ենք 381,53-ի (դոլար-դրամ այսօրվա փոխարժեքը) և ստանում ենք 8,79 ԱՄՆ դոլար: Այսպիսով, հանգում ենք այն եզրակացության, որ յուրաքանչյուր գրպանում առկա է տաս դոլարից պակաս գումար: 

Շարունակում ենք հաշվարկը: Սակայն  մինչ այդ ներկայացնենք, թե որքան է կազմում ՀՀ պետական պարտքը: Այն բաղկացած է ներքին և արտաքին պարտքերից: 2025-ի հոկտտեմբերի վերջի դրությամբ (ավելի թարմն առկա չէ համացանցում, սակայն որքան հիշում եմ 2025-ի նոյեմբեր-դեկտեմբերին նոր պարտք չի կուտակվել) պետական պարտքը կազմել է 13 միլիարդ 661 միլիոն դոլար, որից ներքինը՝ 53,5%, մնացածը արտաքին: Որպեսզի առանձին-առանձին չներկայացնեմ, թե որքան գումար կա արտասահմանցիների ձեռքին և որքան գումար՝ տեղական բանկերի պահոցներում, վերցնենք ընդհանուր պարտքը: Այն բաժանում ենք ՀՀ բնակչության վրա. 2025-ի դրությամբ հաշվարկված է 3 084 400 անձ: Տվյալ թիվը երկրում ապրող, չապրողի չենք բաժանում, քանի որ պաշտոնապես նման ճշգրիտ տվյալ չի լինում: Ինչևէ, այդ թվերն իրար վրա բաժանելով՝ ստանում ենք 4429 դոլարից մի փոքր ավելի գումար: Բայց քանի որ հաշվարկը, Նիկոլի ելույթից ելնելով, սկսել ենք դրամով, ապա 4429(+)-ը բազմապատկանում ենք դոլար-դրամ փոխարժեքով՝ 381,53: Արդյունքում ստանում ենք 1 689 820 դրամ: 

Այսինքն, 5-6 տարեկանից սկսած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ըստ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, գրպանում ունենալով միջինը 8,79 ԱՄՆ դոլար կամ 3355,7 դրամ՝ դրսին ու ներսին պարտք է 4 429 դոլարից մի փոքր ավելի կամ 1 689 820 դրամ: Այսինքն, 503 անգամ ավելի: Իսկ եթե գրպանի պարունակությունը ևս հաշվեի ողջ ազգաբնակչության թվով՝ ինչպես դա արեցի պետական պարտքի առումով (այդպիսին է մեջազգային մեթոդաբանությունը), ապա վերջին թիվն ավելի մեծ կլիներ: Բայց քանի որ ծծկեր երեխան, օրինակ, գրպան չի ունենում, նրան հանգիստ կթողնենք:

Ի՞նչ ստացվեց: Ստացվեց այն, որ ՀՀ քաղաքցիների ամբողջությունը՝ գրպանում ունենալով 10 միլիարդ դրամ, պարտք են ուրիշներին 13,66 միլիարդ դոլար: Կամ յուրաքանչյուր գրպանում առկա 8,79 ԱՄՆ դոլարի դիմաց ՀՀ քաղաքացին 500 անգամ ավելի գումար է պարտք ուրիշներին: Բայց եթե հաշվի առնենք, որ գռզոների կամ լֆիկների գրպանում առնվազն 100 կամ նույնիսկ 1000 անգամ ավելի շատ գումար կլինի, քան աշակերտի քան ինձ նման թոշակառուի գրպանում, ապա այս ամբողջ հաշվարկը ստիպված ենք նետել աղբարկղ: Բայց նույն տրամաբանությամբ աղբարկղ պետք է նետենք նաև բոլորի գրպանում 10 միլիարդ դրամի մասին վերը նշված անձի անհեթեթ միտքը: Քանի որ հենց դա էր ողջ այս հաշվարկի պատճառը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image