«Կրթվելը նորաձեւ է» բանախոսությունների շարքի առաջին հանդիպումը` մեծ լսարանում, որի բանախոսը թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, թե՛ նրա կինը՝ Աննա Հակոբյանը, շաբաթ օրը կազմակերպվել էր Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում։ Համաձայն պաշտոնական հաղորդագրության, միջոցառմանը հրավիրված էր շարժման շուրջ 600 մասնակից, որոնք նախկինում մասնակցել էին վարչապետի կնոջ հետ «Կրթվելը նորաձեւ է» շարժման հանդիպումներին։ «Իմ քայլը» հիմնադրամը հաղորդում է, որ «ԹԵԴ Թոք»-երի միջազգային ձեւաչափով կազմակերպված քննարկմանը՝ բանախոսություններից հետո, հաջորդել է նաեւ հարցուպատասխանի փուլ, որը համակարգում էր Փաշինյանի կինը։
Փաշինյանի էջում հրապարակված կարճ տեսանյութերից ու հաղորդագրություններից պարզ է դառնում, որ բանախոսները խոսել են «դուխով ինքդ քեզ հարցեր տալու, երջանկությանը հասնելու, «իմանալ ինչպես» սկզբունքով գործելու, արագ հնացող գիտելիքի, առավոտից իրիկուն աշխատող, բայց այդպես էլ չքավոր մարդ մնալու» եւ մի շարք այլ կրթադաստիարակչական հարցերի մասին։ Այլ կերպ ասած՝ «իրական Հայաստանի» «լուսավորության դարաշրջանը» կարող ենք համարել բացված։
Բարձրաստիճան հյուրերին թատրոնի մատույցների մոտ դիմավորել է Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, որը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ՝ մասսայական հանդիպումների այս շարքը շարունակական է լինելու, թե ոչ, միայն կարող է ասել, որ գեղեցիկ միջոցառում էր, եւ «այն մարդիկ, ովքեր ներկա էին, գոհ ու շնորհակալ, միջոցառումից լիցքավորված գնացել են»: Ինքը հանդիպմանը ներկա է եղել եւ ամբողջը լսե՞լ է։ «Ոչ, ես ամբողջ ընթացքին ներկա չեմ եղել, որովհետեւ պատասխանատու էի շենքի եւ տեխնիկական որոշ հարցերի համար, բայց ինչ-որ հատվածներ լսել եմ․․․ ամեն դեպքում, հետաքրքիր ճշմարտություններ էին, որոնք բարձրաձայնվում էին»: Օրինակ՝ ի՞նչ «ճշմարտություններ» են իրեն տպավորել վարչապետի խոսքից։ «Չեմ կարող ասել, բայց խոսվում էր կիրթ լինելու մասին, որի խնդիրը մենք ունենք առօրյայում, եւ ես դրա հետ առնչվում եմ ամեն օր»։
Ինչո՞ւ էր ընտրվել հենց Ստանիսլավսկու անվան թատրոնը։ «Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, որովհետեւ մեր հարթակը տրամադրվում է շատ այլ միջոցառումների, ներկայացումների․․․, որեւիցե նախապատմություն այստեղ չկա, պարզապես այդ օրը մեզ մոտ ազատ էր, եւ երբ ինձ ասացին՝ կարո՞ղ ենք այդ օրը նման միջոցառում կազմակերպել, տեսա, որ մեր գրաֆիկին համապատասխանում էր, ու մեր հարթակը տրամադրեցինք այդ միջոցառմանը»։
Ինչ վերաբերում է դահլիճի վարձակալության գումարին, Սուրեն Շահվերդյանը կոնկրետ թիվ չի նշում, միայն մատնանշում է, որ վճարել են այնքան, ինչքան նախատեսված է նման միջոցառումների դեպքում՝ իրենց թատրոնի վարձակալության հիմունքներով։ «Լրիվ հավասար պայմաններով, ոչ մի զեղչեր չեն եղել, ավելին ասեմ` եղել է մաքսիմալ այն գինը, որ մենք տրամադրում ենք նման ժամանակահատվածի համար»,- ասաց նա ու չհրապարակեց վարձակալության համար վճարված գումարի չափը՝ նշելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է։
Հիշեցնենք, որ Սուրեն Շահվերդյանը Սունդուկյան թատրոնի, Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի նախկին ղեկավար՝ երջանկահիշատակ Վահե Շահվերդյանի որդին է: