Կապանի «Սյունիք» օդանավակայանը սպասարկող միակ ինքնաթիռը Չեխիայում տեխնիկական սպասարկում է անցնում: L-410 ինքնաթիռը գարնանն անցել էր տեխսպասարկում, սեպտեմբերին կրկին մեկնել է Չեխիա։ «Սյունիք» օդանավակայանի եւ «ՆովԷյր» ավիաընկերության տնօրեն Կարեն Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ ինչու է հաճախակի նորոգվում։ «Բոլոր օդանավերն ունեն տեխնիկական սպասարկման ծրագիր, որի համաձայն սպասարկվում են նախատեսված ժամանակահատվածներով՝ թռիչքաժամային, օրացուցային, այլ։ Մեր կողմից սպասարկվող L-410 ինքնաթիռը մարտ ամսին Չեխիայում անցել է 300 թռիչքաժամյա տեխնիկական սպասարկում, համաձայն տեխնիկական սպասարկման ծրագրի։ Քանի որ վերջին շրջանում էականորեն ավելացել է ինքնաթիռի շահագործման տեմպը՝ պլանային սպասարկման անհրաժեշտությունը հաճախակիացել է։ Անցած տարվա սեպտեմբերից, նախկին 3-ի փոխարեն իրականացվում է շաբաթական 5 չվերթ, որոշակի պահանջարկ է նկատվում նաեւ չարտերային թռիչքների մասով։ Միայն այս տարի Երեւան-Կապան-Երեւան ուղղությամբ իրականացվել է 95 չվերթ, տեղափոխվել է 2096 ուղեւոր։ L-410-ը հայկական ավիապարկի, թերեւս, «ամենաերիտասարդ» ինքնաթիռներից է, սակայն լրացել է արտադրության 10 տարին, եւ ավիացիոն պահանջների ու օդանավի տեխնիկական սպասարկման ծրագրի համաձայն՝ այն պետք է անցնի 10 տարվա օրացուցային տեխնիկական սպասարկում»,- ասաց տնօրենը։
Տեխնիկական սպասարկումն իրականացնողը տեղեկացրել է, որ աշխատանքները կիրականացվեն 4-5 ամսում: Ընկերությունը քննարկում է նաեւ փոխարինող օդանավ վարձակալելու հնարավորությունը, սակայն խնդիրն այն է, որ օդանավը պետք է համապատասխանի «Սյունիք» օդանավակայանի առանձնահատուկ աշխարհագրական եւ տեխնիկական պայմաններին ու բավարարի Քաղավիացիայի միջազգային կազմակերպության սահմանած բոլոր պահանջներին։ Իսկ այդպիսի օդանավերը քիչ են։ Վարդանյանը շեշտեց, որ եթե չհաջողվի օդանավ վարձակալել, ապա չվերթը կվերսկսվի օդանավի տեխնիկական աշխատանքներն ավարտելուց հետո։ Հարցին, թե ինչու է հատկապես ձմեռային ամիսներին Երեւան-Կապան չվերթը հաճախ չեղարկվում, պատասխանեց․ «Նման իրավիճակներ պատահում են նաեւ աշխարհի խոշորագույն օդանավակայաններում: Երեւան-Կապան-Երեւան չվերթն իրականացվում է տեսողական թռիչքների կանոններով, ինչը բարենպաստ եղանակ է պահանջում, այլապես թռիչքը կչեղարկվի։ Տեւական ժամանակ է՝ տեղադրվել են ամպերի ստորին շերտի բարձրությունը չափող սարքավորումներ»:
Հետաքրքրվեցինք, թե ինչու ռադար չեն տեղադրում, որը հնարավորություն կտա թռիչքներ իրականացնել ցանկացած եղանակին։ «Դրա համար անհրաժեշտ է VOR/DME ռադիոփարոս, որն օդաչուներին հնարավորություն է ընձեռում ստանալ ավելի շատ տեղեկատվություն եւ էականորեն կրճատում է չվերթների չեղարկման հավանականությունը։ Սակայն VOR/DME ռադիոփարոսի տեղադրման եւ շահագործման մասով իրավասու չեմ տալ որեւէ մեկնաբանություն, քանի որ այդ աշխատանքներն իրականացնում է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն»։