Շիրակի մարզում տարօրինակ դեպք է տեղի ունեցել։ Մոտ 60 տարեկան մի կին, Ախուրյանից, սոցիալական ցանցերում իր կատարած գործողությունների պատճառով հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ գործի հիմքում այն է, որ կինը Ֆեյսբուքում աջակցող գրառում է կատարել գործարար Սամվել Կարապետյանի վերաբերյալ, ինչպես նաև հետագայում իբր հրապարակում է արել երկրի ղեկավարի մասին, ինչից հետո էլ ձերբակալվել է։
Կնոջ փաստաբան Արտակ Մովսիսյան-ը hraparak.am-ին հայտնեց, որ իր պաշտպանյալը պնդում է՝ իր անունով բացվել է կեղծ էջ, որտեղ հրապարակվել են իրեն ընդհանրապես չվերաբերող գրառումներ։ Ավելին, կինը դիմել է իրավապահներին՝ տեղեկացնելով, որ էջը կեղծ է և ինքը չի տնօրինում այն, պահանջելով պարզաբանել իրավիճակը։Սակայն որոշ ժամանակ անց հենց ինքն է դարձել քննության թիրախը։ Կարապետ Պողոսյանն այսօր արդեն ահազանգել է` տեղեկացնելով, որ Շիրակի մարզում աղմկահարույց գործով տիկնոջը մեկ ամսով կալանավորեցին։
«Գործը քննող դատավոր Վարսենիկ Մելքոնյանը հերթական անգամ վերահաստատեց իր՝ հանրության շրջանում արդեն շրջանառվող «կալանքի դատավորի» համբավը՝ բավարարելով քննիչի միջնորդությունը»։
Hraparak.am-ի հետ զրույցում Պողոսյանն ասաց.«72 ժամվա ժամկետը լրանալուց հետո կինը ազատ է արձակվել Գյումրու ոստիկանության Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայրից։ Սակայն, ազատ արձակվելուց անմիջապես հետո՝ աստիճանների վրա, նրան կրկին բերման ենթարկեցին ու 24 ժամ ան կալանավորեցին ։ Քննիչը միջնորդել էր նրա նկատմամբ կալանք կիրառել։Մեզ հայտնի է, որ կալանքի կիրառման հանձնարարականը տրվել է անմիջապես Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանի կողմից»։
Hrapark.am-ի հետ զրույցում փաստաբան Արտակ Մովսիսյանն էլ նշեց.«Գործի մանրամասները դեռ նախաքննական գաղտնիք են, ամբողջը չեմ կարող ասել, բայց կինը փորձում է ուժեղ գտնվել և դիմադրել ստեղծված իրավիճակին։ Ես իրեն բացատրել եմ` գործը այդքան հեշտ չի լինելու, քանի որ այն առնչվում է պետական բարձր մակարդակի պաշտոնատար անձի անվան հետ, և ներկայում առկա են ճնշումների ու հնարավոր ռեպրեսիաների մասին մտահոգություններ։ Բայց կձեռնարկենք բոլոր հնարավոր քայլերը՝ կնոջ ազատությունը վերականգնելու համար։Ինձ համար ամենատհաճ պահը այն էր, որ նրան դատարան բերեցին ձեռնաշղթաներով։ Ասես առանձնապես վտանգավոր հանցագործ էր, դիմեցի` խնդրելով հանել այդ ձեռնաշղթաները։ Այդ օր Ախուրյանի ողջ իրավապահ համակարգը կենտրոնացրել էին էդ կնոջ վրա»։
Տեղեկացանք, որ Շիրակի մարզից ընտրված պստգամավոր Մհեր Մելքոնյանն է տեսակցել կնոջը։
«Մոտ 10–15 րոպե զրուցել եմ նրա հետ, իր համար շոկային էր ամեն ինչ, փորձել եմ հասկացնել, որ ինքը միայնակ չէ, այս պահին իր հարցով զբաղվում են, իր վիճակով հետաքրքրված են և փորձելու ենք անել հնարավոր ամեն ինչ՝ լավագույն արդյունքի հասնելու համար»,–hraparak.am-ին ասաց պատգամավորը նշելով, որ կինը գյուղատնտեսությամբ է զբաղվում, առանձնապես աչքի չի ընկնում, պսրզապես փորձել է իր քաղաքական դիրքորոշումը հայտնել ֆեյսբուքում` ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի առաջնորդի նկարը ետնանկար տեղադրելով։ Պատգամավորի խոսքով առաջիկա օրերին կփորձեն պարզել մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ եթե կինը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իր անունով կեղծ էջ է բացվել ֆեյսբուքում, և ինչու այդ դեպքում համապատասխան հետախուզական գործողություններ չեն իրականացվել։ Այդ նպատակով դիմումներ կպատրաստեն ներկայացնելու ոստիկանություն, ՀՀ արդարադատության նախարարություն և Մարդու իրավունքների պաշտպանին։