Քաղաքականություն

Մանրերի գիգանտոմանիան

Մանրերի գիգանտոմանիան

Հայաստանը փոքր երկիր է, ժողովուրդը՝ քիչ, տնտեսություն չկա, առաջընթաց՝ նույնպես: Ուսում, գիտություն, արհեստներ, արվեստ… Սրանք մի տեսակ արխայիկ բաներ են դարձել մեզ համար, ոչ այժմեական: Մի փոքր երկինք ունենք, այնքան փոքր, որ էդ ծակից Աստծու աչքը 100 տարին մեկ է ընկնում մեզ վրա: Մանր ենք, շատ մանր… Ու քանի որ այդքան մանր-մանրապճեղ ենք, մեզանում տեղի ունեցող ամեն ինչ շատ մեծ ենք տեսնում, ավելին, ջանք չենք խնայում՝ ամեն ինչ մեծացնելու համար: Մեծ բաներ սիրում ենք՝ մեծ տուն, մեծ փողեր: Սիրում ենք, երբ հաշվեհարդարները մեծ են լինում, երբ դատարանը մեծ «սռոկ» է տալիս… Իսկ ո՜նց ենք սիրում, երբ գլուխներ են թռչում՝ մե՜ծ գլուխներ: Դիագնոզը՝ գիգանտոմանիա: Լսել եք, չէ՞, այս բառը: Մասնավորեցնելով մեզ վրա, կարելի է ասել՝ մանրերի գիգանտոմանիա: Դա, անշուշտ, արատ է, բայց չի կարելի ասել՝ բնածին արատ: Այն ձեւավորվում է տարիների, անգամ՝ դարերի ընթացքում, երբ դու, տակավին մեծ ու հզոր, սկսում ես չնկատել մանրուքներն ու մանրերին: Հետո ինքդ ես դառնում մանր, բայց հիշողությունդ մնում է ու ամեն քայլափոխի քեզ ստիպում շուրջդ մեծ բաներ փնտրել:

Հենց հիմա մի մանր Պողոս, որը կարդում է այս տողերը, հանդիմանում է ինձ՝ հերիք է փիլիսոփայես, այ Սլիխասովսկի… Ի՞նչ ասեմ այդ Պողոսին: Նրա մոտ գիգանտոմանիկ սինդրոմի ակնհայտ դրսեւորում է սա, որ ժամանակի ընթացքում ավելի է խորանալու: Պողոսն իր մասին շատ մեծ կարծիքի է: Սա է ողջ խնդիրը:

Իսկ հիմա փորձենք ավելի առարկայորեն ներկայացնել մեր գիգանտոմանիկ, չգիտեմ՝ ձգտումներն ասեմ, թե բնավորության գծերը: Եվ, ուրեմն, վերջերս մի շատ աննշան բան էր տեղի ունեցել մեր փոքրիկ ԱԺ-ի վեհաշուք վեմերի ներքո: Մի քանի անշուք մարդ կռվել էին իրար հետ, իրար «արա» ասել, աջուձախ դատարկ «բոչկա գլորել» միմյանց վրա, ու միայն այդքանը: Մենք, բնականաբար, քանի որ ինքներս էլ մանր ենք, մեծացրինք դա, դարձրինք շաբաթների խոսույթ, մե՛կ կռվողներից մեկին պաշտպանեցինք, մե՛կ՝ մյուսին, հեռուն գնացող մեծ-մեծ եզրակացություններ արեցինք: Եթե մի գյուղացի իր ոչխարների գլխաքանակը մեկ տարում 20 հատով ավելացներ, դա ավելի մեծ գործ կարելի էր համարել, քան այդ կռիվը, որ մեզ ոչինչ չտվեց, բայց մեր աչքին դարձավ մեծ բան: Կռվողներն էլ ովքե՞ր էին՝ Արգիշտի Քյարամյանը, Հովիկ Աղազարյանը եւ կռվի քավոր Անդրանիկ Քոչարյանը… Ըստ էության, շատ մանր եւ մանրախնդիր մարդիկ՝ իրենց գիգանտոմանիկ դրսեւորումներով հանդերձ: Էլ ոնց կլիներ, երկու մանրապճեղ միմյանց «արա» ասին… Դարձրինք Հոռոմի էն իքը: Արա՜, Արգիշտին ռեպլիկ տվին, արա՜, Արգիշտը լսեց, վայ քու, արա, մատը թափ տվեց… Բայց մալադեց Հովիկ, տակ չմնաց, բա էն Անդո՜ն, Անդո՜ն, որ փոխանակ «հրադադար» հաստատեր, կրակի վրա յուղ լցրեց… Փոքր մարդու երեւակայությունը բորբոքելու համար շատ բան պետք չէ: Մի փոքրիկ միջադեպ, եւ փոքր մարդը դրանից համաշխարհային պատմություն կարող է գրել: Եվ, ահա, եկել հասել ենք այնտեղ, որ Քոչարյան Անդոյի գլուխն այս քանի օրը թռնելու է: Վրեն, թե չի թռնի՝ կասեր քաղպոռնոգրաֆիստ էն մանր դերասանը, որ այսօր ՔՊ-ի մանր հեռուստատեսությունն է աշխատեցնում: Որ թերթը բացում ես՝ Անդոյի նկարն է՝ տակը գրած, որ հեսա պաշտոնանկ են անելու: Ու Անդոն այսպես մեր խոսույթում մեծանում է, պաշտոնն էլ՝ հետը: Թե բա՝ այս բոլորը Նիկոլի խաղերն են, նա ուզում է, որ ՔՊ-ում բոլորը հնազանդվեն իրեն: Իբր Նիկոլն էլ մի «նենց» մեծ բան է, որ մի ամբողջ ազգ ոչ ուտի, ոչ խմի՝ նրա մեծ-մեծ բաներով հիանա: Էլ ոնց կլինի՝ Քոչարյան Անդոյին պաշտոնանկ է անում: Երեւի սա էլ է սուտ: Նիկոլը չէ՞ր, որ սպառնաց այնպիսի բաներ ասել, որ Ադրբեջանը խառնվի իրար ու Ալիեւին պաշտոնանկ անի: Բա ո՞ւր է, ժամանակը չէ՞ այդ գործով զբաղվելու: «Կակռազ» առջեւում COP-29-ն է, ահագին մարդ է հավաքվելու Բաքվում:

Չի անի, որովհետեւ ինքն էլ մանր մարդ է, ու իր աչքին Քոչարյան Անդոյին գործից հանելն արդեն իսկ մեծ բան է:
Թե էն Հովիկ Աղազարյա՞նն ինչու իր մանր տեղով ընկավ էս «գիգանտների» դռբի տակ: Այ Հովիկ, քեզ ոչ ոք չէ՞ր բացատրել, թե որտեղից է գալիս այդ երկու «տիտանների»՝ Նիկոլի եւ Անդոյի հակամարտությունը: Լսիր՝ ինչ եմ ասում, Հով… Եվ, ուրեմն, 44-օրյա պատերազմից հետո Նիկոլն Անդոյին կարգադրեց ուսումնասիրել այդ պատերազմի հանգամանքները, իրեն չոր դուրս բերել եւ մի զեկույց պատրաստել այդ մասին: Չգիտեմ՝ դա ինչքանով հաջողվեց Անդոյին, բայց Նիկոլը դժգոհ մնաց նրա աշխատանքից եւ նույնիսկ արգելեց զեկույցի հրապարակումը: Այդտեղից է գալիս Նիկոլ-Անդո հակամարտությունը, որ քեզ այդպես էլ հասու չդարձավ, Հովիկ ջան, եւ քեզ, որպես մի փոքր, բայց «ազնիվ քյարփիչ», Անդոն նետեց Արգիշտի Քյարամյանի, այսինքն՝ Նիկոլի վրա: Փոքրիկ մարդկանց փոքր խաղեր, ինչպես ասում են, բայց մենք դրա անունը պալատական խարդավանքներ ենք դրել եւ ուռճացնում ու ուռճացնում ենք:
Եվ այսպես ամեն ինչ ենք ուռճացնում՝ Նիկոլի հեծանիվ քշելը, Նիկոլի եւ Աննայի՝ միասին հեծանիվ քշելը, «կեցցե հեծանիվը» հիմարագույն հայտարարությունը, սահմանազռթիկն ու սահմանաբրթիկը, Գյումրու՝ վախ, վախ, վախ, իշխանազավթումը, հաջողակ կանանցով ու տղամարդկանցով տաշիտուշիները, տրանսպորտի 100 դրամանոցները, ու այսպես շարունակ: Եվ ի՞նչ եք կարծում՝ մենք ավելի քի՞չ էինք ուռճացնելու Աննա Հակոբյանի կազմակերպած «հաջողակ տղամարդկանց» հավաքը, եթե մասնակիցների թիվը լիներ 51 եւ ոչ 53 տղամարդ: Ամենեւին, մենք նույն ոճով ու նույն պաթոսով մեծացնելու էինք այդ «փարթիի» «չուծ լի նե» պատմական նշանակությունը, որովհետեւ մենք փոքր ենք ու սիրում ենք մեծ բաներ:

Խորենացին ասում էր՝ թեեւ մենք փոքր ածու ենք, բայց մեզանում էլ գրելու եւ հիշատակելու մեծ գործեր կան: Եթե նման բան մեր ժամանակների մի պատմաբան ասեր, ես կասեի՝ նա ինձ ձեռ է առնում: Այ ընկեր, հապա գրելու եւ հիշատակելու մի մեծ գործ ցույց տուր ինձ: Միայն թե չասես՝ կոռուպցիան արմատախիլ ենք արել: Ի վերջո, դա նույնպես գիգանտոմանիայի սինդրոմ է:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image